Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պաշտպանականից բացի Մ. կատարում է տարբեր ֆունկցիաներ (արտաքին գրգիռների ընդունման, ջերմագոյացման և ջերմատվության, ներծծման, շնչառության կարգավորման ևն)։ Մ-ի վրա ազդում են աշխատանքային, կլիմայական պայմանները։ Մ. սերտորեն կապված է ամբողջ օրգանիզմի կենսագործունեության հետ։ Հաճախ Մ-ի փոփոխությունները հետևանք են ներքին օրգանների հիվանդությունների (օրինակ, Մ-ի դեղնություն՝ լյարդի և լեղուղիների որոշ հիվանդությունների, ցան՝ կարմրուկի, կարմրախտի, քութեշի և այլ վարակիչ հիվանդությունների դեպքում), նյութափոխանակության խանգարման։ Մ-ի հիվանդությունները կարող են անդրադառնալ հիվանդի ընդհանուր վիճակի վրա։ Մ-ի գույնը մեծապես կախված է բջիջներում պիգմենտների (գունակ) պարունակությունից։ Մ–ի կարևորագույն հատկանիշներն են դիմացկունությունը և առաձգականությունը, որոնք փոփոխվում են տարիքի հետ։ Մ-ի հատկությունները և ֆունկցիաները պետք է հաշվի առնել դիմահարդարման տարբեր միջոցներ կիրառելիս։

Դեմքի Մ-ի խնամքը։ Տարիքից, օրգանիզմի վիճակից, արտաքին պայմանների ազդեցությունից կախված՝ Մ. լինում է տարբեր, ուստի խնամքը նույնպես պետք է լինի անհատական։ Մ-ի խնամքի հիմքում ընկած են մաքրման, սնուցման, և պաշտպանական միջոցառումները։ Ճարպազատման աստիճանից կախված՝ ընդունված է տարբերել բնականոն, չոր և ճարպոտ Մ.։

Բնականոն Մ. պահանջում է նույնպիսի խնամք, ինչպիսին ցանկացած այլ տեսակի Մ.։ Այսինքն, այն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մաքրել։ Մ. կարելի է մաքրել տան պայմաններում՝ դեմքի շոգեհարումից հետո։

Շոգեմաքրում. եռացող ջրով ամանի մեջ մի պտղունց երիցուկ և լորենու ծաղիկ ավելացնել ու ամանը կրակից վերցնել։ Դեմքը լվանալուց հետո մաշկաքսուք քսել, գլուխը ծածկել սրբիչով և դեմքը պահել գոլորշու վրա մինչև քրտնելը։ Պատրաստել բամբակե երկու խծուծ, մեկի վրա աղ ցանել, մյուսի վրա՝ սոդա և մաքրել ճակատը, քիթը և կզակը։

Մաքրման այս եղանակը խորհուրդ է տրվում նաև լայն ծակոտիներով ճարպոտ Մ-ի դեպքում։ Քնելուց առաջ դեմքն անհրաժեշտ է մաքրել լոսյոնով կամ լվանալ ձեռքի օճառով։

Ճարպոտ Մ. ավելի շուտ է կեղտոտվում, քան չոր կամ բնականոն Մ., ուստի դրա մաքրմանն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել։ Ճարպոտ Մ. կարելի է հաճախակի լվանալ օճառով ու գոլ ջրով։ Մաքրման համար ցանկալի է օգտագործել քափուրի սպիրտի և եռացրած ջրի հավասար մասերի խառնուրդ կամ վարունգից պատրաստած քսուք։

Վարունգի քսուք. մի քանի գերհասուն վարունգ երկարությամբ կտրել, հյութն ու սերմերը գդալով հանել, մնացածը մսաղացով աղալ, խառնել հյութն ու սերմերը, լցնել ապակե ամանի մեջ, ավելացնել սպիրտ կամ օղի (600 գ՝ 1/2 լիտրանոց ամանով զանգվածին), ամանը պինդ փակել և 3 շաբաթ պահել արևի տակ (նկատի ունենալ, որ պահելու ընթացքում զանգվածի ծավալը 1/3-ով ավելանում է)։

Պատրաստի քսուքը պահել սառնարանում։ Ամեն առավոտ դեմքը և պարանոցը մաքրել այդ քսուքով թրջած բամբակով։

Ճարպոտ Մ. հրաշալի մաքրում է կաթը։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել առավոտյան։ Մ. մաքրում են կաթով թրջած բամբակով։

Չոր Մ. նուրբ է, բարակ ու գրեթե թափանցիկ, հեշտությամբ է բորբոքվում արևի, քամու, սառնամանիքի, ջրի, օճառի ներգործությունից։ Երիտասարդ տարիքում չոր Մ. բավական է մաքրել և փափկացնել հեղուկ մաշկաքսուքով։ Մինչև 25 տարեկանը նպատակահարմար չէ օգտագործել ճարպոտ քսուքներ։ Եթե օճառը վատ է ազդում Մ-ի վրա (առաջանում է ձգվածության զգացում, կարմրություն, թեփոտություն), ապա պետք է հրաժարվել այն օգտագործելուց։ Եթե Մ. ջրից գրգռվում է, ջուրը պետք է փափկացնել (1/2 բաժակ կաթ կամ մի պտղունց խմելու սոդա՝ 1 լ ջրին)։ Լվացվելու փոխարեն դեմքը կարելի է մաքրել չոր Մ–ի համար նախատեսված հատուկ լոսյոններով։ Չոր Մ. շատ օգտակար է մաքրել նաև ձվի դեղնուցով։ Շատ չոր Մ. մաքրելիս դեղնուցին կարելի է ավելացնել 1 թեյի գդալ երնջնակի կամ ձիթապտղի յուղ։ Խառնուրդը պետք է քսել դեմքին և պարանոցին, 5-7 րոպեից լվանալ սենյակի ջերմաստիճանի ջրով։ Խառնուրդի մնացորդը կարելի է պահել սառնարանում։

Շրթունքների Մ-ի խնամքը։ Որպեսզի շրթունքները փափուկ և գեղեցիկ լինեն, խորհուրդ է տրվում ամեն օր, առավոտյան և երեկոյան 1 րոպե տրորել սառը ջրով թրջած ատամի փափուկ խոզանակով, ապա սնուցող մաշկաքսուք կամ յուղ քսել և զգուշորեն կսմթել։

Ճաքճքած շրթունքներին կարելի է քսել մեղր, կակաոյի յուղ, կիտրոնի հյութ։ Որպեսզի շրթունքները չճաքճքեն, պետք չէ դրանք խոնավացնել։

Ձեռքերի Մ-ի խնամքը։ Խորհուրդ է տրվում ձեռքերը ջրով լվանալ ձեռքի (ոչ թե լվացքի) օճառով։ Ձեռքերը պետք է չորացնել փափուկ սրբիչով և անհրաժեշտության դեպքում պատել փափկացնող մաշկաքսուքով։ Բանջարեղեն մաքրելուց, լվացք անելուց, կեղտոտ աշխատանք կատարելուց առաջ ձեռքերի Մ. խորհուրդ է տրվում պատել պաշտպանական մաշկաքսուքով։ Բանջարեղեն մաքրելուց հետո ձեռքերը խորհուրդ է տրվում շփել կերակրի քացախով կամ կիտրոնի շերտիկով՝ մատների Մ-ի գույնը վերականգնելու համար։ Ձեռքերի Մ. թարմացնելու համար կարելի է օգտագործել կարտոֆիլի շրեշ. 1 թեյի գդալ օսլան բացել 1/2 բաժակ սառը ջրով, ապա 1 լ եռման ջրով շրեշ եփել։ Մի քիչ հովացած շրեշին ավելացնել մի քանի կաթիլ գերչակի յուղ և ձեռքերը 10-15 րոպե դնել գոլ շրեշի մեջ։

Ձեռքերի Մ-ի քրտնոտությունը պակասեցնելու համար պետք է լվացվել անուշադրի սպիրտի թույլ լուծույթով (1 թեյի գդալ սպիրտ՝ 1 լ ջրին)։

Ոտքերի Մ-ի խնամքը։ Խորհուրդ է տրվում ամեն օր ոտքերը լվանալ գոլ ջրով և օճառով։ Ոտքերի լոգանքը մաքրում է ոտքերի Մ., պակասեցնում հոգնածությունը և լավացնում արյան շրջանառությունը։ Ոտքերի Մ-ի ճաքճքվծության կամ հարուկի դեպքում օգտակար են նարգեսով (1 ճաշի գդալ 1 լ ջրին) լոգանքները։ Ոտքերը լվանալուց հետո պետք է խնամքով չորացնել հատկապես մատների արանքը, որտեղ հաճախ խոնավություն է մնում։ Սնկիկային հիվանդությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում ոտքերի Մ. շփել կերակրի քացախով։ Քրտնոտության դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր լվանալուց հետո ոտքերը շփել սալիցիլային կամ բորային սպիրտի 1-2 %-անոց լուծույթով, ապա տալկ ցանել։ Օգտակար է նաև օրը 2 անգամ ոտքերը