Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրտխառնոցի ժամանակ գլուխը թեքել կողքի։

ՈՒՇԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ, գիտակցության հանկարծակի կարճատև կորուստ, որն առաջանում է գլխուղեղի սուր սակավարյունության հետևանքով։ Գիտակցության կորստին կարող են նախորդել գլխապտույտը, թուլությունը, ձեռքերի և ոտքերի ընդարմացումը, աչքերի մթագնումը, աղմուկը ականջներում, սրտխառնոցը, անոթազարկի հաճախացումը և թուլացումը։ Ու-յան պատճառ կարող են լինել ուժեղ ցավերը, հոգեկան խիստ լարումը, վախը, արյան սուր կորուստը, գերհոգնածությունը, քաղցը, շոգ շինությունում երկարատև մնալը, հորիզոնական դիրքից արագ վեր կենալը և այլն։ Ու-յան ժամանակ հիվանդը խիստ գունատվում է, հայացքը դառնում է թափառող, աչքերը փակվում են, և վայր է ընկնում։ Ու. կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև 10 րոպե։ Հարկավոր է շտապ բժիշկ հրավիրել և մինչև նրա գալը հիվանդին պառկեցնել (այնպես, որ գլուխն իրանից ցածր լինի), արձակել օձիքն ու գոտին, ոտքերին դնել ջեռակ կամ շփել կոշտ գործվածքով, ապահովել մաքուր օդի հոսքը։ Հիվանդին Ու-յան վիճակից հանելու համար հարկավոր է դեմքին սառը ջուր ցողել, քթին մոտեցնել քացախ, օդեկոլոն, անուշադրի սպիրտով թրջած բամբակ և դրանցով շփել քունքերը։

ՓԱՅՏԱՑՈՒՄ, պրկախտ, սուր վարակիչ հիվանդություն, սովորաբար բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարմամբ, տարբեր մկանների ջղաձգություններով։ Հարուցիչը բակտերիան է, որը երկար ժամանակ պահպանվում է արտաքին միջավայրում, հատկապես հողում՝ սպորների ձևով։ Վարակվում են հարուցիչը վնասված մաշկի և լորձաթաղանթների վրա ընկնելիս (վիրավորումների, այրվածքի, ցրտահարության, վնասվածքների, խայթոցի, կրիմինալ վիժումների և այլ դեպքերում)։ Հատկապես վտանգավոր են հողով աղտոտված խոր վերքերը, ինչպես նաև հյուսվածքների ջնջխումով ուղեկցվող վնասվածքները։ Հիվանդը պիտի անհապաղ հոսպիտալացվի։

Փ. շատ ծանր հիվանդություն է, հաճախ այն անբուժելի է, ուստի Փ-ման դեմ պայքարի գլխավոր միջոցը կանխարգելումն է։ Մաշկածածկույթների և լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող վնասվածքների դեպքերում հարկավոր է շտապ դիմել բուժհիմնարկություն, ուր վերքը մշակելուց բացի, անհապաղ անցկացվում է Փ-ման կանխարգելում։ Հաշվի են առնվում նախկինում կատարված հակափայտացման պատվաստումները, դրանց կատարման ժամկետները, ներարկում են այս կամ այն հակափայտացման պատրաստուկը (շիճուկ, իմունոգլոբուլին, անատոքսին) կամ զուգորդված պատրաստուկներ։

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ, կղանքի երկարատև (48 ժամից ավելի) կանգը աղիքներում կամ դրանց ամենօրյա, բայց ոչ լրիվ դատարկումը։ Կարող է առաջանալ առողջ մարդու մոտ։ Այլ դեպքերում Փ. ստամոքսի, լեղուղիների, երիկամների, կանանց սեռական օրգանների, նյարդահոգեկան խանգարումների և այլ հիվանդությունների հետևանք է։ Լինում է նաև ինքնուրույն՝ կապված աղիքների ամենօրյա դատարկման սովորույթի խախտման հետ։ Կղման ցանկության բազմակի ընկճումը, որը հանգեցնում է Փ-յան, կարող է պայմանավորվել աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով (տրանսպորտի վարորդներ, փոխակրիչի վրա աշխատողներ), լինել ցավի հանդեպ վախի (թութքի, հետանցքի ճաքի դեպքում), ժամանակին զուգարան չգնալու (առավոտյան անկողնում երկար պառկելու սովորություն, խաղերով տարվելիս), կողմնակի անձանց ներկայությամբ աղիքները դատարկելու անհարմարության (խիստ անկողնային ռեժիմ պահպանող հիվանդները) դեպքերում։ Փ. հաճախ զարգանում է միատեսակ, առավելապես սպիտակուցային սննդի, օրաբաժնում ջրի, բանջարեղենի և մրգերի պակասի դեպքում։ Փ-յան հակված են քչակեր, առավոտյան չուտող, ոչ շարժուն ապրելակերպով անձինք։

Կայուն Փ-յան կարող է հանգեցնել լուծողականների մեծ դեղաչափերի օգտագործումը (մարմնի ավելորդ զանգվածից ազատվելու համար)։ Փ-յան դեպքում հիվանդները սովորաբար գանգատվում են որովայնի ստորին հատվածի բութ ցավերից, որոնք ուղեկցվում են աղիքների փքվածությամբ (փորափքանքով), գազերի հեռացման նվազմամբ։ Կարող են լինել թուլություն, տկարություն, գլխացավ, գրգռվածություն, անքնություն, ախորժակի վատացում, սրտխփոց, քրտնոտություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Կղման ժամանակ հաճախակի ուժեղ նքոցները պատճառ են դառնում թութքի, հետանցքի ճաքերի, որոնք հաճախ պահանջում են վիրահատական միջամտություն։

Բուժումը հարկավոր է անցկացնել բժշկի հսկողությամբ։ Մի շարք դեպքերում սննդի ճիշտ ռեժիմը լրիվ վերացնում է Փ., հակառակ դեպքում բժշկի նշանակմամբ օգտագործում են լուծողականներ՝ հաճախ բուսական ծագման։ Կղման ակտի խանգարման հետ կապված Փ. բուժելիս օգտագործում են տարբեր դեղորայքային մոմեր։ Բուժման կուրսի տևողությունը և պատրաստուկի դեղաչափը որոշում է բժիշկը։ Կիրառում են նաև ֆիզիոթերապևտիկ բուժամիջոցներ, մերսում և բուժական մարմնամարզություն։ Աղիքները դատարկելու ամենօրյա սովորույթի վերականգնումը Փ. վերացնելու ամենակարևոր միջոցն է։ Դրա համար անհրաժեշտ է զուգարան գնալ ամեն օր և միշտ օրվա նույն ժամերին, նույնիսկ կղման ցանկության բացակայության դեպքում։ Զուգարանում հարկավոր է կատարել հատուկ շնչառական վարժություններ, որոնք որովայնի խոռոչում ստեղծում են ներորովայնային ճնշման անկումներ և դրդում աղիքների գալարակծկանքը։

Փ-յան կանխարգելման միջոցառումները մատչելի են յուրաքանչյուրին և սերտորեն կապված են մարդու ապրելակերպի հետ։ Անհրաժեշտ է մշակել աղիքների դատարկման ամենօրյա սովորույթ։ Երեխային հարկավոր է նստեցնել պետքանոթի վրա օրվա միևնույն ժամերին և հետևել, որ խաղալիքները կամ խոսակցությունները չշեղեն երեխայի ուշադրությունը։ Մեծահասակների համար հարկավոր է կազմակերպել այնպիսի աշխատանք, որի դեպքում աղիքները ժամանակին դատարկելու հնարավորություն լինի։ Չի կարելի կղման ցանկությունն ընկճել գեթ այն բանի համար, որ չընդհատվի հետաքրքիր զբաղմունքը։ Խորհուրդ չի տրվում զուգարանում կարդալ, ծխել։ Հատկապես կարևոր է օրվա նույն ժամերին սնունդն ընդունելը, կուշտ նախաճաշելը։ Հարկավոր է օրաբաժնում մշտապես օգտագործել բանջարեղեն (գազար, բազուկ, թթու դրած կամ թարմ կաղամբ, լոլիկ, վարունգ, սմբուկ, դդմիկ, դդում, նեխուր,