Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱԳՈՒՍՏԻ ԴՐՎԱԳՈՒՄ, լրացնում և զարդարում (հարդարում) է պատրաստվածքը, ընդգծում մոդելի առանձնահատկությունը։ Դրվագում են տրեզով, քուղով, կաշվով, մորթիով, ձեռագործով ևն։

Առավել տարածված են հիմնական կամ որևէ հարմար գործվածքով հետևյալ դրվագատարրերը. սեղմակ, ոլորածալ, երիզաժապավեն, փոթաշերտ, ոլորաքուղ, ժաբո, երիզաքուղ, փարթամածալք, դրվագիչ թակալ ևն։

Սեղմակը 0,1 սմ լայնության մանր փոթ է (որքան փոթերը մանր են, այնքան սեղմակները գեղեցիկ են)։ Մոդելից կախված, սեղմակները դասավորում են խմբերով, 0,51 սմ լայնության ծալքերի համակցությամբ, երկայնական, թեք կամ լայնական ուղղություններով։ Սեղմակները գործվածքի երկարությամբ թակալակարում են մինչև ձևելը, այնուհետև տեղադրում ձևվածքը։ Սեղմակներով դրվագում են բլուզները, շրջա– զգեստները, կիսաշրջազգեստները։

Ոլորածալը ձևում են շեղ կամ լայնական թելի ուղղությամբ՝ կիսաշրջանի կամ շրջանի ձևով։ Այն կարող է ունենալ հավասարաչափ լայնություն կամ ծայրերում նեղանալ։ Ոլորածալի եզրերը մշակում են եզրակարով, օղիկներով (եզրերը մշակում են հատուկ մեքենայով) կամ շեղ զոլակով, որը թակալակարում են մեքենայով և խծպում գաղտնակարով։ Ոլորածալով դրվագում են շրջազգեստները, բլուզները, ներքին կիսաշրջազգեստները։

Երիզաժապավենը լինում է միտակ և երկտակ։ Գործվածքը ձևում են հենքաթելի նկատմամբ 45° անկյունով։ Շերտի երկարությունն ու լայնությունը՝ ըստ մոդելի։ Միտակ երիզաժապավենները կարում են հետևյալ կերպ. մի եզրը թակալակարում են մեքենայով, մյուսը ծալում և թակալակարում դետալի շիտակ երեսից ու արդուկում։

Երկտակ երիզաժապավենները մշակում են այսպես. երիզաժապավենը թերակարում են, թակալակարում, այնուհետև մյուս եզրը ծալում, թակալակարում, ապա ծալում դետալի վրա և թակալակարում։ Երիզաժապավեններով դրվագում են շրջազգեստները, բլուզները, կիսաշրջազգեստները։

Փոթաշերտ. գործվածքի լայնական թելի կամ հենքաթելի նկատմամբ 45° անկյունով ձևված և մեջտեղում փոթավորված գործվածքի շերտ։ Փոթաշերտի համար նախատեսված շերտը պետք է պատրաստի փոթաշերտից 3 անգամ երկար լինի։ Պատրաստի փոթաշերտը թերակարում են, այնուհետև թակալակարում մեքենայով։ Փոթաշերտով դրվագում են շրջազգեստները, բլուզները։

Ոլորաքուղը ձևում են գործվածքի շեղ շերտից։ Լայնությունը 2,5-3 սմ (կախված գործվածքի ամրությունից, ձգվելու հատկությունից)։ Շերտը երկարությամբ ծալում և թակալակարում են։ Ոլորաքուղի մի ծայրը թակալակարում են ձագարաձև, որպեսզի շրջելու համար հարմար լինի։ Ձագարաձև մասի ավելորդ հատվածը կտրում են, իսկ շեղ շերտի երկարությամբ կարաբաժինը թողնում (ձիգ ոլորաքուղ ստանալու համար)։ Ոլորաքուղը շրջում են թելած ասեղով։ Թելն ամրացնում են ձագարին և ասեղով (անցքը ներքև) ձգում ոլորաքուղը։ Ոլորաքուղից պատրաստում են մերակներ, կապեր։

Ժաբո. կլյոշի ձևվածքով, մեջտեղում հավաքված ոլորածալ։

Դրվագիչ թակալ անում են ժակետների, շրջազգեստ-վերարկուների, ամուր գործվածքից շրջազգեստների (հաճախ գոտկատեղում չկտրված), բլուզների վրա։ Դրվագիչ թակալների գծերն օճառի կտորով նշում են դետալի շիտակ երեսին։ Ուռուցիկության համար օգտագործում են մետաքսե և մուլինե թելեր։ Դրվագիչ թակալների գույնը համապատասխանեցնում են հիմնական գործվածքի երանգին։

Երիզաքուղի լայնությունը (կախված մոդելից) կարող է տարբեր լինել։ Երիզաքուղի շերտը ձևում են հենքաթելի նկատմամբ 45° անկյունով (2-3,5 սմ լայնությամբ)։ Ձևված շերտը հակառակ երեսի վրա երկարությամբ ծալում են, դնում վերին դետալի շիտակ երեսին և թերակարում՝ հավասարեցնելով դետալի և եզրաքուղի եզրերը։ Այնուհետև թերակարի գծով դետալը ծալում և միացնում են տակի դետալին՝ կարելով վերևի դետալի շիտակ երեսից։ Երիզաքուղով դրվագում են դետալների եզրերը կամ արտահայտիչ դարձնում ձևավոր գծերը։

Հագուստը դրվագում են նաև ապլիկացիայով, մանր ուլունքներով, ասեղնագործով (տես նաև Ասեղնագործություն, Ասեղնագործություն մեքենայով):

ՀԱԿԱՍՏԱՏԻԿ ՆՅՈՒԹԵՐ, նախատեսված են գործվածքների էլեկտրական լիցքերը հեռացնելու, ինչպես նաև դրանց առաջացումը կանխելու համար։ Հ. ն-ով մշակելուց հետո հագուստը մարմնին չի կպչում, փոշի քիչ է վերցնում, վերանում է կայծարձակումը։ Հ. ն. թողարկում են մածուկի տեսքով և աերոզոլային փաթեթվածքով։ Լուծույթ պատրաստելու համար 1 ճաշի գդալ (20 գ) մածուկը պետք է լուծել 1 լ եռման ջրի մեջ և ավելացնել 2 լ սառը ջուր։ Գործվածքը հարկավոր է դնել պատրաստի լուծույթի մեջ, թողնել 10 րոպե, ապա առանց պարզաջրելու թեթևակի քամել, չորացնել և արդուկել։ Արհեստական մորթին և խավոտ գործվածքները (մուշտակ, գորգ ևն) մշակելիս 1 թեյի գդալ (5 գ) մածուկը պետք է լուծել 1 լ տաք ջրի մեջ, պատրաստի լուծույթը քսել խոզանակով կամ ցրել ցողացիրով։

Աերոզոլային փաթեթվածքով պատրաստուկները նախատեսված են սինթետիկ նյութերից (գործվածքներ, պլաստմասսա, կահույքի պոլիմերային ծածկույթ) պատրաստված իրերը մշակելու համար։ 25-30 սմ հեռավորությունից ցողացիրով պետք է հավասարաչափ մշակել իրի մակերևույթը մինչև թեթևակի խոնավանալը։ Մշակումից հետո պոլիմերային ծածկույթով իրն անհրաժեշտ է անմիջապես մաքրել չոր լաթով։ Պատրաստուկի ծախսը. 1 գլանանոթ (165 գ) 6-7 մ² համար։ Իրերն անհրաժեշտ է Հ. ն-ով մշակել ամեն լվանալուց հետո։

ՀՅՈՒՍՈՒՄ ՀԵԼՈՒՆՈՎ, հելունով հյուսելու համար օգտագործում են ցանկացած տեսակի թել՝ բրդե, մետաքսե, բամբակե ևն։ Հագուստը սովորաբար հյուսում են թույլ ոլորած թելով։ Խիտ ոլորած թելերն օգտագործում են ծածկոց, անձեռոցիկ և պայուսակ հյուսելու համար։ Գործվածքին ձև տալու համար, ըստ հաշվարկի, ավելացնում և պակասեցնում են հատերը, մեծացնում և փոքրացնում հյուսքի խտությունը (հելունի և թելի հաստության տարբերությունը)։

Հիմնական հատեր

Հանգույց։ Թելով օղակ են անում, անցկացնում հելունի վրա, ապա հելունով բռնում թելը և դուրս քաշում օղակի միջով ։ Այս գործողությունը կրկնում են այնքան, մինչև ստացվի հանգույցների անհրաժեշտ թիվը։ Նման հանգույցներից կազմված շղթան ցանկացած գործվածքի սկզբնական շարքը կամ հիմքն է։