հյուսենք 2 շարք, այնուհետև դեպի վերին ռելս դուրս քաշենք մեկական ասեղ միայն մի կողմից, ապա անհրաժեշտ կլինի հյուսել 60 շարք։ Ըստ հատանմուշի կազմելով համապատասխան հարաբերություն, կստանանք 60 շարքի երկարությունը սանտիմետրերով։
4,4 շարք : 1 սմ = 60 շարք : X սմ
X = (60x1):4,4 = 13 6 սմ
Կառուցենք ABC ստուգիչ եռանկյունը (նկ. 22), որում հորիզոնական էջը (հատերի էջ)՝ AC=10 սմ, իսկ ուղղաձիգ էջը (շարքերի էջ)՝ AB=13,6 սմ։
Դետալի մի կողմը (կամ դետալի մեջտեղի գիծը) պետք է համատեղվի եռանկյան ներքնաձիգի հետ։ Թեք գծերը և բարդ ուրվագծերը հաշվարկվում են ընդհանուր կանոններով։
Շեղման այլ անկյան (օրինակ, 3 շարքը մեկ 2 ասեղ տեղաշարժելու) դեպքում, հաշվարկին համապատասխան, եռանկյունը կառուցվում է այլ պարամետրերով։
Հաճախ գործվածքը հյուսում են երկրաչափական բարդ նախշերով կամ գունավոր թեք զոլերով, որոնք իրականացվում են մասնակի հյուսմամբ՝ առանց ուղղության փոփոխության։ Այդ դեպքում ստուգիչ եռանկյունն անհրաժեշտ է ձևվածքի վրա նախշը գծանշելու համար։ Օրինակ, անհրաժեշտ է ջեմպերի առաջամասում թեք գունավոր զոլեր հյուսել։ ABC ստուգիչ եռանկյունը պետք է այնպես տեղադրել, որ հատերի AC էջը համընկնի ներքևի գծի հետ, շարքերի AB էջը զուգահեռ լինի գործվածքի մեջտեղի գծին։ Ներքևի գծի վրա նշելով յուրաքանչյուր զոլի լայնությունը՝ ստացված կետերով տանում են BC ներքնաձիգին զուգահեռ գծեր։
Սեղմոններ։ Հորիզոնական սեղմոնների հյուսման առանձնահատկությունները և հաշվարկը բերված են կրծքի սեղմոնների օրինակում, որոնց հաշվին երկարացվում է միայն առաջամասի միջնամասը։
Սեղմոնի երկարությունը, խորությունը և մինչև սեղմոնը եղած հեռավորությունը պետք է որոշել ըստ ձևվածքի։ Oրինակ, 1 սմ = 3 հատի, 1 սմ = 4,4 շարքի հատանմուշի դեպքում սեղմոնի երկարությունը կազմում 110 սմ (30 հատ), իսկ խորությունը՝ 4 սմ (17,6 շարք = 18 շարք)։
Քանի որ հորիզոնական սեղմոններն իրականացվում են մասնակի հյուսմամբ, անհրաժեշտ է որոշել թե քանի փուլով է հյուսվում սեղմոնը.
18 շարք : 2 շարք = 9 փուլ,
30 հատ : 9 փուլ = 3 հատ (3 հատ մնացորդ)։
1-ին եղանակ։ Առանց կոճկվածքի իրը հյուսում են մինչև սեղմոնները, ապա գործվածքի եզրերից, յուրաքանչյուր շարքում սայլակի հանդիպակաց կողմից դեպի վերին ռելս են քաշում 3 անգամ 4-ական (3 ասեղ + 1-ը մնացորդից) և 6 անգամ 3-ական ասեղ։ Այսպիսով, 18 շարքում երկու կողմերից դուրս քաշված կլինի 30-ական ասեղ։ Հաջորդ երկու շարքերում (սկզբում մի, այնուհետև մյուս կողմից) միանգամից պետք է աշխատանքային դիրքի բերել 30-ական ասեղ և շարունակել հյուսումը (նկ. 24, ա)։
Կոճկվածքով առաջամասի յուրաքանչյուր կեսի սեղմոնը հյուսվում է առանձին։ Երբ սայլակը գտնվում է առաջամասի մեջտեղում, պետք է կողքի գծից դեպի վերին ռելս դուրս քաշել համապատասխան թվով ասեղներ։
2-րդ եղանակ։ Առավել քիչ նկատելի սեղմոն ստանալու համար վերջինի խորությունը պետք է բաժանել 2 հավասար մասերի. 18 շարք : 2 = 9 շարք, այսինքն, 4,5 փուլ։ Կոտորակային թիվը կլորացնում են։
18 շարք + 2 շարք = 20 շարք (կամ 10 փուլ),
10 փուլ : 2 = 5 փուլ,
30 հատ : 5 փուլ = 6 հատ։
Առանց կոճկվածքի իրեր հյուսելիս գործվածքի եզրերից ամեն շարքում դեպի վերին ռելս պետք է դուրս քաշել 5 անգամ 6-ական ասեղ։ Այսպիսով, 10 շարքերում սեղմոնի երկայնքով բոլոր ասեղները դուրս քաշված կլինեն։ Սեղմոնի երկրորդ կեսի համար պետք է դեպի եզրերը աշխատանքային դիրքի վերադարձնել 5 անգամ 6-ական ասեղ (նկ. 24, բ)։ Թելը միևնույն ասեղի վրա չգցելու (գործվածքի հաստությունը դրանով չմեծացնելու) համար առաջին անգամ 6 ասեղի փոխարեն աշխատանքային դիրքի պետք է վերադարձնել 3 ասեղ, այնուհետև 6-ական ասեղ։
Խոր սեղմոններ հյուսելիս (երբ ասեղները եզրերից դեպի վերին ռելս են քաշում 2-3-ական խմբերով) ավելի լավ է սեղմոնի մեջտեղում հյուսել մի քանի լրիվ շարք սեղմոնը բաժանելով 2 փոքր սեղմոնների։ Օրինակ, դուրս քաշված 30 ասեղը վերադարձնում են աշխատանքային դիրքի, բոլոր ասեղներով հյուսում 2-4 շարք, 30 ասեղ կրկին դեպի վերին ռելս քաշում և 5 անգամ 6-ական ասեղ վերադարձնում դեպի եզր։
3-րդ եղանակ։ Թեք սեղմոնն ամենից աննկատն է և կիրառվում է այն դեպքերում, եթե հորիզոնական սեղմոնն աղավաղում է գործվածքի նախշը կամ անհրաժեշտ է ձևավորել մեծ որովայնով տղամարդկանց հագուստը կամ