Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԵԶՎԱԲՈՒՅՍ, գեսներազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր բույս։ Հայրենիքը Բրազիլիան է։ Տերևները թավշանման են, մուգ կանաչ։ Ծաղիկները գեղազարդ են, խոշոր, զանգականման, բազմերանգ։ Լ-ի խնամքը դժվար չէ։ Բույսը անհրաժեշտ է պահել արևի ճառագայթներից հեռու և ջրել տակդիրից։ Լ. ծաղկում է գարնանից մինչև աշուն։ Օրգանական կամ հանքային պարարտանյութերով կանոնավոր սնուցումը երկարացնում է ծաղկման տևողությունը։ Սեպտեմբերի վերջին, երբ տերևները չորանում են, թաղարները պալարներով պետք է տեղադրել մութ և ցուրտ տեղ ու հազվադեպ ջրել։ Կարելի է նաև հանել պալարները թաղարներից և պահել խոնավ մամուռի մեջ։ Գարնանը դրանք պետք է տեղադրել թարմ, փուխր, ճմային, տերևային և հումուսի (հավասար քանակներով) հողախառնուրդում՝ ավազի հավելումով։ Այնուհետև հարկավոր է բույսը դնել լուսավոր տեղ և պարբերաբար ջրել։ Սենյակային պայմաններում, բացի պալարներով բազմանալուց, Լ. հեշտ է բազմանում նաև տերևի կտրոններով։ Դրա համար ծաղկող բույսից կտրում են 1 սմ երկարության կոթունով տերև և տնկում ապակու տակ տեղադրված մաքուր ավազի մեջ 24 °C պայմաններում կամ դնում ջրի մեջ։ 3-4 շաբաթ հետո (երբ երևում է պալարիկը) պետք է տերևը տեղափոխել 2 մաս տերևային, 2 մաս հումուսի և 1 մաս ավազի հողախառնուրդում։ Սերմերով բազմացնելն ավելի բարդ է։ Ձմռանը կամ վաղ գարնանը սերմերը պետք է խառնել ավազի հետ և այն լցնել թեթև հողով լի տափակ ամանի մեջ՝ 20-22 °C–ից ոչ պակաս ջերմաստիճանի պայմաններում (ցանկալի է խոնավ ջերմոցում)։ Սերմնաբույսը սածիլում են 2-3 անգամ։ Տես նաև Սենյակային բույսեր:

ԼԻՆՕԼԵՈՒՄ, հատակը պատելու նյութ։ Հիգիենիկ է, դիմացկուն, հեշտ լվացվող, գեղեցիկ։ Ըստ հիմնական (կապակցող) հումքի, տարբերում են պոլիվինիքլորիդային (առավել տարածված է բնակելի շինություններում հատակը պատելու համար), ալկիդային (գլիֆտալային, վալտոնային), կոլօքսիլինային (նիտրո– լինօլեում), ռետինային (ռելին) Լ. ևն։ Լ. լինում է առանց հիմնաշերտի (միա- կամ բազմաշերտ) և ամրացնող (գործվածքե, պերգամինե) կամ ջերմաձայնամեկուսիչ հիմնաշերտով։ Թողարկում են միագույն և բազմագույն (այդ թվում նախշավոր) Լ.՝ սովորաբար 0,5-ից մինչև 2 մ լայնության և 1,6-ից մինչև 5 մմ հաստության։ Գլանափաթթոցը սովորաբար բաղկացած է երկու և ավելի կտորներից՝ յուրաքանչյուրն առնվազն 3 մ երկարության։

Պոլիվինիլքլորիդային Լ. պատրաստում են պոլիմերային նյութից՝ պոլիվինիլքլորիդից, սովորաբար գործվածքե հիմքով։ Թողարկվում է միագույն և բազմագույն, 12 մ-ից ոչ պակաս ընդհանուր երկարության գլանափաթթոցներով։

Ալկիդային Լ. պատրաստում են ձեթի (բամբակի, վուշի, արևածաղկի ևն) հիման վրա և միայն գործվածքե հիմնաշերտով։ Լ-ի այս տեսակը մաշակայուն է, ունի ջերմաձայնամեկուսիչ լավ հատկություններ։ Լ-ի մյուս տեսակները բնակելի շինություններում գրեթե չեն օգտագործվում։

Ցածր ջերմաստիճաններում Լ. դառնում է փխրուն, ուստի փռելուց առաջ այն հարկավոր է 2-3 օր պահել տաք սենյակում։

Լ. կպցնելու մածիկները տարբեր են կախված Լ-ի տեսակից և հատակի մակերևույթից (մածիկի բաղադրությունը տրվում է զանգվածային մասերով)։

Շրեշը օգտագործում են փայտե, ստվարաթղթե կամ մածկած մակերևույթին գործվածքե հիմքով ցանկացած Լ. կպցնելիս։ Շրեշ պատրաստելու համար անհրաժեշտ է կարտոֆիլի կամ այլ տեսակի ալյուր (85) և բևեկնայուղ (15)։ Ալյուրը հարկավոր է բացել քիչ ջրով, ստացված ջրիկ խմորը բարակ շիթով լցնել եռացող ջրի մեջ (ջրի և ալրի զանգվածների հարաբերությունը՝ 3:1), խնամքով խառնել, մինչև ստացվի թթվասերի թանձրության զանգված, այնուհետև խառնելով ավելացնել բևեկնայուղը։ Կա շրեշի պատրաստման մեկ այլ եղանակ։ Ալյուրը բացել ջրով (1:3 հարաբերությամբ), տաքացնել մինչև 70 °C, խառնել 30 րոպեից մինչև 1 ժամ, որից հետո ավելացնել կծու նատրոնի 20 տոկոսանոց լուծույթ (զանգվածի 3 %-ի չափով) և շարունակել խառնել մինչև համասեռ թափանցիկ զանգված ստանալը։

Կազեինաէմուլսսսյին մածիկը կիրառում են գործվածքե հիմքով Լ. կպցնելու համար։ Սոսնձամածիկը կարելի է պատրաստել սովորական կազեինային սոսնձից (18), օլիֆից (18), կրաքարի փոշուց (32), ջրից (32)։ Կազեինային սոսնձին հարկավոր է մի քիչ ջուր ավելացնել և խառնել մինչև համասեռ զանգված ստանալը, այնուհետև ավելացնել մնացած ջուրը, թողնել, որ զանգվածն ուռչի (մոտավորապես 30 րոպե), ապա խառնելով ավելացնել օլիֆ և կրաքարի փոշի։ Սոսնձամածիկը գործածության համար պիտանի է 4-5 ժամ։

Կազեինացեմենտային սոսնձամածիկն օգտագործում են ալկիդային և պոլիվինիլքլորիդային Լ. կպցնելիս։ Սոսնձամածիկը պատրաստում են սովորական կազեինային սոսնձից (14), «400»-ից ոչ պակաս մակնիշի պորտլանդցեմենտից (43) և ջրից (43)։ Սոսնձին մի քիչ գոլ ջուր են ավելացնում, թողնում, որ ուռչի, ապա խառնում են։ Պորտլանդցեմենտը բացում են ջրով, ստացված թթվասերանման զանգվածը լցնում սոսնձի մեջ, խնամքով խառնում, ապա խառնելով ջուր ավելացնում՝ մինչև ստացվի անհրաժեշտ թանձրության զանգված։ Սոսնձամածիկը գործածության համար պիտանի է 3-4 ժամ։

Բիտումային սառը սոսնձամածիկը կիրառում են տարբեր մակերևույթներին գործվածքե հիմքով ցանկացած Լ., ինչպես նաև ռետինե սալիկներ կպցնելու համար։ Մածիկը պատրաստում են ԲՆ-50/50 մակնիշի բիտումից (75,5), բևեկնախեժից (3), ավտոմեքենայի բենզինից (21,5)։ Բիտումը հարկավոր է հալեցնել 160-180 °C ջերմաստիճանում ավելացնելով բևեկնախեժ, և խառնել 10-15 րոպե։ Երբ բիտումը հովանա մինչև 80 °C, հարկավոր է լցնել բենզինը և կրկին խառնել։ 55 °C ջերմաստիճանի մածիկը լցնում են հերմետիկորեն