Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատից 3 հատ վերը նկարագրված եղանակով, 6 հատ շիտակ, 1 եզրահատ։ Յուրաքանչյուր 4-րդ շարքում շիտակ երեսից հատերն ավելացնում են։ Ավելացման այս մեթոդը խորհուրդ է տրվում միայն ուղիղ հյուսքի դեպքում։

Կոճկովի բլուզ (նկ.34)։ Չափսը՝ 48։ Շյուղերը՝ № 2,5։

Հատերի հաշվարկը։ Հյուսում են նախշի նմուշը և հաշվում հյուսքի խտությունը. 2,5 հատը = 1 սմ։ Վզի շրջագիծը՝ 36 սմ, 2,5 x36 = 90 հատ։ Այս թվից հանում են ռեգլանի 4 գծերի հատերի թիվը։ Եթե ռեգլանի գիծը բաղկացած է 1 հատից, ապա 90-4=86 հատ, այս թիվը բաժանում են 3 մասի (86:3=28 և մնացորդը՝ 2) և յուրաքանչյուր մասի համար հատերը բաշխում են հետևյալ կերպ. 28 հատ թիկնամասին, 28 հատ թևքերին (14-ական հատ յուրաքանչյուրի համար), 28 հատ՝ առաջամասին։ Մնացորդի դեպքում հատերն ավելացնում են առաջամասին (տվյալ դեպքում 28+2=30 հատ)։

Թևքի վզի շրջագծի հատվածը նեղացնում են 1,5 սմ-ով (1,5 սմ = 4 հատ) և համապատասխան թվով հատեր ավելացնում առաջամասին։ Այսպիսով, առաջամասի հատերի թիվը կդառնա 30+8=38 հատ։ 1 զոլակի հատերի թիվը ավելացնում են սկզբնական թվին (90), օրինակ, եթե զոլակի հատերի թիվը 10 է, ապա 90+10=100 հատ։ Այս դեպքում առաջամասի յուրաքանչյուր կեսը բաղկացած կլինի 24 հատից (38:2=19, գումարած զոլակի հատերի կեսը. 10:2=5)։

Բամբակե թելով շյուղի վրա հավաքում են 100 հատ և 2 շարք հյուսում շիտակ հատերով։ Հատերը բաշխելիս գունավոր թելով նշում են ռեգլանի գծերի և զոլակի հատերը։ Ապա հիմնական թելով 1 շարք հյուսում են թարս հատերով (հակառակ երեսը)։ Շարունակում են հյուսել հիմնական նախշով կիրառելով մասնակի հյուսում (հյուսում են թիկնամասի հատերի որոշակի մասը), որպեսզի թիկնամասի վզի մասն ավելի բարձր լինի, քան առաջամասինը։ Թևքի հատերը բաժանում են 4 մասի, իսկ առաջամասի հատերը՝ 6-8 մասի (զոլակի հատերը չհաշված)։ Հյուսում են հիմնական նախշի 1-ին շարքը, ձախ զոլակը 1x1 երիզահյուսքով (10 հատ), ապա առաջամասի ձախ կեսը, հետո թևքը, ապա թիկնամասը և աջ թևքի քառորդ մասը (տվյալ դեպքում թիկնամասին մոտ գտնվող 3 հատը, ասինքն մինչև թևքի առաջին նշումը)։ Հակառակ երեսը հյուսում են մինչև ձախ թևքի առաջին նշումը (առաջին քառորդը)։ Հյուսվածքը շրջում են և 3-րդ շարքը հյուսում մինչև աջ թևքի վրայի երկրորդ նշումը։ Այսպիսով, անընդհատ ամբողջությամբ հյուսվում ու միայն թիկնամասը, իսկ թևքերը և առաջամասը՝ մասնակիորեն։ Միաժամանակ հատեր են ավելացնում նաև ռեգլանի գծի երկայնքով։ Հյուսում են այնքան, մինչև թիկնամասի ռեգլանի գծի երկարությունը դառնա 30-32 սմ, իսկ առաջամասինը՝ 28-30 սմ։ Այնուհետև բոլոր մասերը հյուսում են անջատ, ապա խոնավ շորով արդուկում և կարելով միացնում։ Բամբակե թելը դուրս են քաշում, բաց հատերն անցկացնում շյուղի վրա և հյուսում օձիքը։

Թաթման (նկ. 35)։ Բրդե թելի քանակը՝ 100 գ։ Շյուղերը՝ № 4։

Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, շորտիք, 1x1 երիզահյուսք։

Հատերի հաշվարկը. 15 հատ = 10 սմ, 22 շարք = 10 սմ։ Թաթման հյուսելու համար ընտրում են հյուսքի այնպիսի տեսակ, որով հնարավոր է կլոր հյուսել։ Հյուսում են 5 շյուղով։ Երկկողմանի նախշի դեպքում թաթմանը հյուսում են բացված տեսքով և կարում շիտակ երեսից տրիկոտաժի ուղղաձիգ կարով։

Հաշվարկ կատարելու համար ձեռքը դնում են թղթի վրա, շրջագծում, նշում բթամատի տեղը և չափում դաստակի շրջագիծը։

Շյուղի վրա հավաքում են 40 հատ, բաժանում 4 հավասար մասերի և 6 սմ (15 շարք) հյուսում 1x1 երիզահյուսքով։ Հաջորդ 4 շարքը հյուսում են շիտակ հատերով, ապա հաջորդաբար 8 շարք շորտիք և 4 շարք շիտակ (կրկնում են 5 անգամ)։ Կլոր հյուսքի դեպքում շորտիք ստանալու համար 1-ին շարքը հյուսում են թարս հատերով, իսկ 2-րդը՝ շիտակ։ Վերջում 5 սմ հյուսում են 1x1 երիզահյուսքով, ապա 1 շարքում հատերի թիվը պակասեցնում 2 անգամ, այսինքն հյուսում են 2-ական հատ միասին (1 հատ շիտակ և 1 հատ թարս) այնպես, որ շիտակ հատը լինի թարս հատի վրա։ Մնացած հատերը կարում են և թելը ձգելով ամրացնում հակառակ երեսից։

14-րդ սմ-ից բթամատի համար ճեղք են բացում։ Հատերի թիվը կիսում են, թաթմանի արտաքին կողմի հատերին ավելացնում են 2 հատ ներսի կողմի հատերից։ Հաջորդ 8 հատը թողնում են բթամատի համար։ Հյուսում են թաթմանի արտաքին մասի 22 հատը՝ հիմնական թելը ժամանակավորապես թողնելով։ Բամբակե թելով հյուսում են 8 հատ բթամատի համար։ Այնուհետև բամբակե թելը կտրում են և հիմնական թելով հյուսում բթամատի հատերը։ Հյուսում են թաթմանի ներսի կողմի 10 հատը և շարունակում աշխատանքը։ Թաթմանի հյուսումն ավարտելուց հետո բամբակե թելը դուրս են քաշում։ Բաց հատերը հավաքում են 2 շյուղի վրա (հավասարաչափ բաշխելով)։ Շյուղերի ծայրերով բթամատի եզրահատերին կից հատերի արանքից մեկական հատ են վերցնում և հյուսում մինչև բթամատի եղունգի կեսը։ Վերջին 4-5 շարքը հյուսելիս յուրաքանչյուր շյուղով սկզբի և վերջի 2 հատը միասին են հյուսում։ Մնացած հատերը կարում են և թելը ձգելով ամրացնում հակառակ երեսից։

Գլանաձև գլխարկ (նկ. 36)։ Չափսը՝ 54-58։ Բրդե թելի քանակը՝ 300 գ (երկտակ հաստ թել)։ Շյուղերը՝ №№ 5 և 6։