Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազնիվ մետաղների կշռային քանակով։

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում ընդունված է, այսպես կոչված, կարատային համակարգը, ըստ որի ազնիվ մետաղի 1000-անոց հարգը համապատասխանում է 24 պայմանական միավորի։

Աղյուսակում բերված են մետրական հարգերը և դրանց համապատասխանությունը մսխալային և կարատային համակարգերին։ Ազնիվ մետաղների համահալվածքների հարգը, որոնցից թույլատրվում է պատրաստել ոսկերչական և այլ իրեր, սահմանվում է օրենսդրությամբ և երաշխավորվում պետության կողմից։ Այդ իրերը պարտադիր ենթարկվում են հարգորոշիչ վերահսկողության, և դրանց վրա դրվում է հարգադրոշմ, որի թիվը ցույց է տալիս հարգը։ Տարբեր երկրներում օգտագործվում են բազմազան ձևերի և նախշերի հարգադրոշմներ։

Առավել տարածված է 583 հարգի ոսկու համահալվածքը։ Ըստ պարունակվող գունավոր մետաղների քանակական հարաբերակցության, այդ հարգի համահալվածքները կարող են ունենալ տարբեր գույներ։ Օրինակ, եթե 583 հարգի (58,3 % ոսկի) ոսկու համահալվածքը պարունակում է մոտ 36 % արծաթ, իսկ պղինձ 5,7 %, ապա համահալվածքը ձեռք է բերում կանաչ երանգ, 18,3 % արծաթի և 23,4 % պղնձի դեպքում վարդագույն, 8,3 % արծաթի և 33,4 % պղնձի դեպքում կարմրավուն երանգ։ Ադամանդազարդ իրեր պատրաստելու համար օգտագործում են, այսպես կոչված, սպիտակ ոսկի, որը պարունակում է. 583 հարգի ոսկու համահալվածքում՝ 23,7-28,7 % արծաթ, 13.0- 18,0 % պալադիում կամ 17,0 % նիկել, 8,7 % ցինկ, 16,0 % պղինձ, իսկ 750 հարգի ոսկու համահալվածքում 7.0- 15,0 % արծաթ, մինչև 14,0 % պալադիում, մինչև 4,0 % նիկել, մինչև 2,4 % ցինկ կամ 7,5-16,5 % նիկել, 2,0-5,0 % ցինկ, մինչև 15,0 % պղինձ։

958 հարգի ոսկու համահալվածքները ամուր չեն, այդ պատճառով էլ օգտագործվում են սահմանափակ քանակությամբ։ 375 հարգի ոսկու համահալվածքը պարունակում է 37,5 % ոսկի, 10,0 % արծաթ, 48,7 % պղինձ, 3,8 % պալադիում։

Առավել տարածված է 875 հարգի արծաթի համահալվածքը։ Այն օգտագործում են զարդարանքներ և սեղանի սպասքավորման առարկաներ պատրաստելու համար։ 916 հարգի արծաթի համահալվածքն օգտագործում են սեղանի սպասքավորման արծնապատ, իսկ 960 հարգի արծաթի համահալվածքը ցանցազարդ առարկաներ պատրաստելու համար։ Ոսկերչական գործում պլատինի և պալադիումի համահալվածքներն օգտագործում են աննշան քանակությամբ։ Արագ օքսիդացումից պաշտպանելու և գեղեցիկ տեսք տալու համար արծաթե և արույրե համահալվածքները էլեկտրոլիտային եղանակով պատում են 999 հարգի ոսկու (ոսկեզօծում) կամ արծաթի (արծաթազօծում) բարակ շերտով։

Թանկարժեք քարեր և զարդաքարեր: Ո. ի-ի գեղեցիկ տեսքը և արժեքը պայմանավորված են ոչ միայն գեղարվեստորեն պատրաստված շրջանակով, այլև դրանով երիզված բնագույն արժեքավոր քարերով, որոնք պայմանականորեն բաժանվում են թանկարժեք, կիսաթանկարժեք քարերի և զարդաքարերի։ Թանկարժեք քարեր են ալմաստը, սուտակը, զմրուխտը, շափյուղան, բնական մարգարիտը, ալեքսանդրիտը։ Կիսաթանկարժեք քարեր են աքվամարինը, մեղեսիկը, բերիլը, նռնաքարը, փիրուզը, հակինթը, վանակնը, ժադեիտը, լուսնաքարը, մորիոնը, ծիածանաքարը, տպազիոնը, տուրմալինը, քրիզոբերիլը, քրիզոլիթը, քրիզոպրազը, շպինելը, ցիրկոնը, ցիտրինը, քրոմդիոբսիդը, աճեցրած մարգարիտը, զարդաքարեր են պվանտյուրինը, ագատը, մալաքիտը. սաթը, մարջանը, լազուրիտը, նեֆրիտը, վարդաքարը, սարդիոնը, արյունաքարը, հասպիսը և բազմաթիվ այլ բնագույն քարեր։

Ոսկերչական իրերի խնամքը, որպեսզի խոնավ մաշկին հպվելուց ոսկերչական զարդերի վրա մուգ բծեր չառաջանան, անհրաժեշտ է դրանք հանելուց հետո շփել ֆլանելով։ Ֆիզիկական աշխատանքներ կատարելիս և քիմիական նյութերի հետ գործ ունենալիս խորհուրդ է տրվում հանել մատանիները, ապարանջանները և այլ զարդերը դրանք վնասվելուց և կեղտոտվելուց պաշտպանելու համար։ Հատկապես պետք է զգույշ վարվել ոսկեզօծ իրերի հետ։ Խորհուրդ է տրվում զարդերը հանել նաև սնդիկի և ծծմբի հիմքով դիմահարդարման միջոցներ օգտագործելիս (սնդիկը ոսկու հետ գոյացնում է ամալգամ, որից իրը ծածկվում է սպիտակ բծերով, իսկ ծծումբը ոսկու և արծաթի հետ սև գույնի ծծմբային միացություններ)։ Ոսկե և արծաթե իրերի վրա մուգ բծեր է թողնում յոդը։ Ո. ի. պետք է պահել տուփերի մեջ, չոր տեղում։ Հատկապես խնամքով պետք է պահել մեղեսիկը, գունավոր տպազիոնները, մարգարիտը և փիրուզը, որոնք արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ որոշ չափով կորցնում են գույնի ինտենսիվությունը (բացի ոսկեգույն տպազիոնը)։

Եթե ազնիվ մետաղներից քարերով (կամ առանց քարերի) զարդերը կորցրել են փայլը, ապա դրանք պետք է ատամի փափուկ խոզանակով լվանալ օճառաջրով 1/2 բաժակ ջրին ավելացնելով 1 թեյի գդալ անուշադրի սպիրտ։ Այնուհետև իրը պետք է պարզաջրել մաքուր գոլ ջրով և լավ չորացնել ֆլանելով։ Խորհուրդ է տրվում ոսկեզօծ իրերը խոզանակով լվանալ որքան հնարավոր է հազվադեպ։ Մարգարիտը, փիրուզը, մալաքիտը, սաթը վատ են դիմանում բարձր խոնավությանը։ Նշված քարերով, ինչպես նաև արհեստական և սոսնձված քարերով իրերը շատ կեղտոտվելու դեպքում պետք է լվանալ է֊ թիլային սպիրտի և օճառաջրի (1:1) լուծույթով, սաթը պետք Է լավ չորացնել ֆլանելով, իսկ մնացած քարերը մաքրել էթիլային սպիրտով, արծաթե խոշոր իրերը (օրինակ, սեղանի սպասքի առարկաներ և ինտերիերի զարդարանքներ)՝ հատուկ մածուկով։