Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յուրաքանչյուր լանջեզրատակի ներսի և ուսի կտրված եզրերը մաքրակարում են զիգզագաձև թակալակարով, ծալաբաժինը ծալում հակառակ կողմի վրա, թակալակարում ծալվածքից 1 սմ հեռավորությամբ և արդուկում (նկ. 3. բ)։ Պատրաստի լանջեզրատակերը շրջում են (եթե դրանք առաջամասի հետ ձևված են ամբողջական) երեսի կողմի վրա կամ դնում պատրաստվածքի երեսի կողմի վրա։ Օ. տեղավորվում է հիմնական դետալի և լանջեզրատակի արանքում (նկ. 3, գ)։ Թերակարված մասերը հիմնական պատրաստվածքի կողմից լանջեզրի և վզի բացվածքի եզրերով մինչև ուսակարերը միացնում են թակալակարով, այնուհետև լանջեզրերը ծալում պատրաստվածքի հակառակ երեսի վրա և արդուկում։ Ուսակարերի մասում թիկնամասի վզի բացվածքի և օձիքատակի կարաբաժինների փոքր կտրվածքներ են անում, ներս ծալում և Օ-ի միացման կարից 1 սմ հեռավորությամբ կարում (նկ. 3, դ)։

Թափանցիկ գործվածքներից կարվածքներում վզի բացվածքին կանգուն Օ-ի միացումը առանց լանջաեզրատակի։ Կանգուն Օ. վզի բացվածքին կարելուց առաջ անհրաժեշտ է մշակել ուսագծերը և կոճկվածքը։ Պատրաստի Օ. օձիքատակի հետ դնում են պատրաստվածքի հակառակ երեսի վրա (նկ. 4, ա)։ Օ-ի կանգուն մասի ծայրերը համատեղում են կոճկելատեղի եզրերի հետ և թերակարում՝ հավասարեցնելով Օ-ի և վզի բացվածքի եզրերը։ Օ. վզի բացվածքին կարում են թակալակարով (0,7 սմ լայնության կարով)։ Այնուհետև կարը ծալում են օձիքատակի վրա և արդուկում (նկ. 4, բ)։ Վերին Օ-ի կտրած եզրը 0,7 սմ ծալում են հակառակ երեսի վրա, այնուհետև դնում վզի բացվածքի վրա այնպես, որ այն ծածկի թակալակարը և թակալում Օ-ի ծալատեղի ամբողջ երկարությամբ (նկ. 4. գ)։

Փողկապի կամ վզի խորացված բացվածքի վերածվող կանգուն Օ. վզի բացվածքին ներկարում են ոչ մինչև առաջամասի մեջտեղը, այլ ամեն կողմից 1,5-2 սմ պակաս՝ հանգույցի համար տեղ թողնելով։ Օ-ի և պատրաստվածքի վրա նշում են բացվածքին Օ-ի միացնող կարի ծայրերը։ Օ. երկարությամբ երկտակում են և 0,7 սմ լայնության կարով կարում։ Կտրվածքի դիմացի կարաբաժինները կտրում են։ Օ. շրջում են երեսի կողմի վրա և, ուղղելով անկյունները, արդուկում օձիքատակի կողմից։ Ձևում են վզի բացվածքի անկյան լրացուցիչ կտորը, ինչպես ցույց է տրված 5 ա նկարում, կարում նույն եղանակով, ինչ առանց լրացուցիչ կտորի օձիքատակը։ Պատրաստի կտորը դնում են պատրաստվածքի երեսի կողմի վրա, համատեղում վզի բացվածքի և լրացուցիչ կտորի անկյունների կտրած եզրերը, թերակարում և կարում 0,7 սմ լայնության կարով։ Վզի բացվածքի և լրացուցիչ կտորի կարաբաժինների վրա կտրվածքներ են անում և կարից 1 սմ հեռավորությամբ կարում (նկ. 5, բ)։ Օ. միացնում են վերը նկարագրված եղանակով (տես նկ. 4)։

ՕՍԼԱՅՈՒՄ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԻ, օսլայած սպիտակեղենն ուշ է կեղտոտվում, քիչ է ճմրթվում, ունենում է գեղեցիկ տեսք։ Խորհուրդ չի տրվում օսլայել ներքին սպիտակեղենը, քանի որ այն վատացնում է օդանցիկությունը։

Օգտագործում են բնական օսլաներ (կարտոֆիլի, բրնձի, եգիպտացորենի) կամ հատուկ քիմիական պատրաստուկներ։ Սպիտակեղենն օսլայում են 3 եղանակով՝ փափուկ, կիսակոշտ և կոշտ։

Փափուկ օսլայում են անկողնու սպիտակեղենը, սրբիչները, վարագույրները, բլուզները (1 լ ջրում լուծել 1/2-1 թեյի գդալ օսլա)։

Կիսակոշտ օսլայում են սփռոցները, ծածկոցները, տղամարդու վերնաշապիկները ևն (1 լ ջրում լուծել 1 ճաշի գդալ օսլա)։

Փափուկ և կիսակոշտ օսլայման համար ցանկալի է օգտագործել կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա։ Շրեշ պատրաստելու համար օսլան պետք է լուծել ոչ մեծ քանակության սառը ջրի մեջ։ Ստացված զանգվածն աստիճանաբար լցնում են եռացող ջրի մեջ և խնամքով խառնում, որպեսզի թանձրուկներ չգոյանան։ Շրեշը պետք է լինի թափանցիկ և մածուցիկ։ Եթե շրեշն ստացվել է պղտոր և ոչ մածուցիկ, այն պետք է եռացնել ևս 3 րոպե (եգիպտացորենի օսլայի շրեշը եռացնում են 5-6 րոպե)։ Պատրաստի շրեշը լցնում են սառը լեղակաջրի մեջ, այնուհետև սպիտակեղենն ընկղմում լուծույթի մեջ, շուռումուռ տալիս, որպեսզի այն հավասարաչափ տոգորվի օսլայով։ Դրանից հետո սպիտակեղենը քամում են, ուղղում և չորացնում։ Խորհուրդ է տրվում շղարշե իրերը չորացնել հատուկ շրջանակների վրա ձգած։ Չորացած իրերը թեթևակի խոնավացնում են, թողնում միաժամանակ և արդուկում ոչ շատ տաք արդուկով։

Կոշտ օսլայում են օձիքները, թեզանիքները, տղամարդու վերնաշապիկների լանջերը ևն։ Շրեշի փոխարեն օգտագործում են սովորական հում օսլա (օսլայի կաթ)։ 40-50 գ կարտոֆիլի կամ, ավելի լավ է, եգիպտացորենի օսլային ավելացնում են ոչ մեծ քանակության սառը ջուր, տրորելով վերացնում թանձրուկները, լուծում 1 լ ջրում մինչև օսլայի կաթի ստանալը։ Այնուհետև, 15 գ ոսկեբորակը լուծում են 1 բաժակ գոլ ջրում, լուծույթը սառեցնում, աստիճանաբար լցնում օսլայի կաթի մեջ, լավ խառնում, թողնում 1-2 ժամ և կրկին խառնում։ Օձիքներն օսլայով լավ տոգորելու համար պետք է ձեռքով դրանք խնամքով տրորել, քամել, փաթաթել սպիտակ մաքուր շորով և թողնել 30-40 րոպե։ Այնուհետև, օսլայի ավելցուկները հեռացնելու համար, խորհուրդ է տրվում օսլայած օձիքը մաքրել խոնավ շորով և անմիջապես արդուկել։ Տղամարդու վերնաշապիկները սկզբում օսլայում են փափուկ կամ կիսակոշտ եղանակով, իսկ օձիքը, թեզանիքները և լանջերը՝ կոշտ եղանակով։

Սպիտակեղենի օսլայման հատուկ քիմիական պատրաստուկները թողարկվում են բնական օսլաների կամ պոլիվինիլացետատային դիսպերսիայի հիմքով։ Դրանց մի մասը ոչ միայն օսլայում, այլև պայծառացնում է սպիտակեղենի գույնը և բուրումնավորում։

Աերոզոլային պատրաստուկներ օգտագործելու դեպքում սպիտակեղենը նախապես չեն խոնավացնում, պատրաստուկը ցնցղնում են չոր սպիտակեղենի վրա մինչև խոնավանալը, այնուհետև արդուկում 150 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանի արդուկով։

Բամբակե մուգ գործվածքները չի կարելի օսլայել կարտոֆիլի օսլայով, քանի որ արդուկելուց հետո դրանց վրա առաջանում են զոլեր կամ բծեր։ Օսլայած սպիտակեղենը չի կարելի չորացնել ուժեղ սառնամանիքին, որովհետև սպիտակեղենը կորցնում է կոշտությունը և առաջանում են կպչուն բծեր։ Խորհուրդ չի տրվում օսլայած սպիտակեղենն արդուկելուց անմիջապես հետո տեղավորել պահարանում։

Օսլայիչ պատրաստի միջոցների օգտագործման եղանակները նշված են պիտակների կամ փաթեթների վրա։