Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին գրքեր, պատմական վիպակներ և վեպեր, պոեզիա, արվեստ ևն։

Տնային գրադարաններում գրքերը համակարգվում են ըստ բաժինների, բաժիններում՝ ըստ հեղինակների։

Գեղարվեստական գրականության բաժնում նպատակահարմար է ունենալ հաճախակի ընթերցվող գրքեր կամ սիրված գրողների երկերի ժողովածուներ։ Գրականությունը, որպես կանոն, կարգավորվում է ըստ երկրների, կամ ըստ գրողների։ Մեկ անգամ կարդալու համար նպատակահարմար է գրքերը վերցնել ընդհանուր օգտագործման գրադարանից։ Գեղարվեստական գրականության բաժնում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում տարբեր երկրների և դարաշրջանների գրողների ստեղծագործություններն ընդգրկող սերիական մատենաշարային հրատարակությունները։

Տնային մանկական գրադարանի ստեղծմանը նպաստում է երեխաների համար մատենաշարային հրատարակությունների առկայությունը («Ինչ է, Ով է», «Ոսկեփորիկ» հանրագիտարանները, «Համաշխարհային գրականություն պատանիների համար» ևն)։ Գրքերի տարիքային նախատեսվածությունն օգնում է ընտանիքում երեխաների ընթերցանության ճիշտ կազմակերպմանը։

Պարբերականների բաժնում հավաքում են հանդեսների լրակազմեր և ընտանիքի անդամներին հետաքրքրող լրագրային քաղվածք-հոդվածներով թղթապանակներ։

Տնային գրադարաններ ստեղծողներին օգնում են զանազան հանդեսներում և թերթերում հրապարակվող, ռադիոյով և հեռուստատեսությամբ հաղորդվող նոր գրքերի գրախոսականները և արդեն լույս տեսած ու լույս տեսնող հրատարակությունների մասին լուրերը։ Մատենագիտական գրականությանը, ինչպես նաև զանազան հրատարակչությունների թողարկելիք գրականության թեմատիկ պլաններին կարելի է ծանոթանալ գրադարանում, իսկ հրատարակչությունների թեմատիկ պլաններին՝ նաև գրախանութներում։

Յուրաքանչյուր տնային գրադարանի օրգանական մասն է քարտացուցակը, որի կազմումը նպատակահարմար է սկսել քանի դեռ գրադարանում գրքերը շատ չեն։ Առավել նպատակահարմարը այբբենական քարտացուցակն է, որտեղ յուրաքանչյուր գրքի մասին տեղեկություններ պարունակող քարտերը դասավորվում են այբբենական կարգով (ըստ հեղինակների ազգանունների կամ գրքերի անվանումների)։ Տնային մեծ գրադարանի համար կարելի է կազմել նաև թեմատիկ քարտացուցակ, որտեղ քարտերը խմբավորվում են ըստ բաժինների, իսկ նրանց ներսում՝ ըստ հեղինակների ազգանունների։ Քարտում սովորաբար նշում են հեղինակի ազգանունը և գրքի անվանումը, հրատարակչությունը և հրատարակման տեղն ու թվականը, երբեմն՝ գրքի էջերի քանակը, գինը, իսկ մեծ գրադարանի քարտացուցակի քարտերում նաև գրքի տեղը գրապահարանում։ Գոյություն ունի քարտացուցակի նաև այլ ձև, երբ գրքերի տվյալները գրառվում են այբբենական բաժանումով մատյաններում։ Քարտացուցակն օգնում է համակարգել գրքերը, հեշտացնում նրանցից օգտվելը, թույլ է տալիս հետևել այն գրքերին, որոնք տրվում են ընթերցելու ծանոթներին։

Տնային գրադարանի ստեղծման համար շատ հարմար է անձնական մատենանիշը (էքսլիբրիսը)։

Խորհուրդ է տրվում գրապահարանները, դարակները կամ դարակաշարերը տեղավորել պատերի տակ արևի ճառագայթներից հեռու։ Գրքերի փոշին հարմար է հեռացնել փոշեծուծով կամ փոքր-ինչ խոնավ ջնջոցով։

Տնային գրադարանի արժեքը բնորոշվում է ոչ թե հավաքած գրքերի քանակով, նրանց գիտական և գեղարվեստական արժանիքներով, այլ նրանով, թե այդ գրքերը որքանով են պետք ընտանիքին, ինչ չափով են բավարարում նրա հետաքրքրությունները։

ՀՀ-ում գործում է «Հայ դպրություն» ընկերությունը, որի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր գրասեր քաղաքացի։

Սովորական տնային գրադարաններից սկզբունքորեն տարբերվում են առանձին գրասերների հավաքած հազվագյուտ, բարձրարժեք գրքերի հավաքածուները։

ԳՐՔԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ, տնային պայմաններում հաճելի և օգտակար զբաղմունք։ Դա հնարավորություն է տալիս երկարացնել մաշված կամ անփութորեն պահված գրքերի կյանքը, կազմել ամսագրերի կտրածոներ ևն։ Տիրապետելով որոշակի հմտությունների և ունակությունների՝ յուրաքանչյուր ոք կարող է գիրքը ճիշտ նորոգել և նորից կազմել։ Տանը բացի սովորական մկրատից, ասեղից, թելից (թելը պետք է լինի № 30, սպիտակ բամբակե կամ կապրոնե), անհրաժեշտ է ունենալ կազմարարական դանակ, տախտակներ (2-4 հատ), պտուտակամամուլ (4-6 հատ), բաժանումներով մետաղական քանոններ, եռանկյունի։ Ցանկալի է ունենալ նաև փայտե մուրճ հարթ և լայն զարկիչով։

Կազմարարական դանակը կարելի է պատրաստել մետաղասղոցի շերտից, սրելով միայն մեկ կողմից՝ հանում են երեսակ (ի տարբերություն կոշկակարի դանակի), կամ կազմարարական դանակի համար վաճառքում եղած նախաշինվածքից։

Դանակի երկարությունը (կոթի հետ միասին) պետք է լինի մոտավորապես 200 մմ (կեսը սրված մասն է)։ Կոթը կարելի է կաշեպատել կամ փաթաթել մեկուսիչ ժապավենով։

Կազմարարական տախտակները կիրառվում են գրքերը կամ կազմի