Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղիկները դնել ջրով դույլի մեջ և պահել զով տեղում։ Քրիզանթեմը, գեորգենին, շանբերանը և կակաչը թարմացնելու համար ցողունի ծայրը նորից կտրել և մի քանի վայրկյան պահել տաք ջրի մեջ (60-95 °C), հետևելով, որ տերևներն ու ծաղիկները չգոլորշահարվեն։ Այնուհետև բույսերը թղթով փաթաթել և ընկղմել +20 °C ջերմաստիճանի ջրի մեջ։

Կտրած ծաղիկները երկար պահպանելու նպատակով ջրի մեջ ավելացնում են սննդարար նյութեր։ Առավել արդյունավետ է 2-5 %-անոց շաքարաջուրը, որի մեջ լավ են պահպանվում վարդը, վարդակակաչը, մեխակը, եղրևանին, ֆրեզիան։ Այդ լուծույթը պիտանի չէ ալպիական մանուշակի, շքանարգիզի, երիցուկի և մարմրիչի համար։ Մանրէների զարգացումը կանխելու նպատակով ջրի մեջ կարելի է ավելացնել մանրէազերծիչ նյութեր՝ կալիումի գերմանգանատ (մի քանի բյուրեղ), ասպիրին (1 հաբ 1 լ ջրին), կիտրոնաթթու (2-3 գ 1 լ ջրին), սպիրտ (10 մլ 1 լ ջրին)։

Որոշ ծաղիկներ անհամատեղելի են նույն ծաղկամանի մեջ, քանի որ մի ծաղկի նյութափոխանակության արգասիքները կարող են թունավոր լինել մյուսների համար։ Վարդերն արագացնում են նույն ծաղկամանի մեջ գտնվող մյուս ծաղիկների թոշնումը, անգամ վարդի տարբեր տեսակները (օրինակ, մուգ կարմիր վարդը և թեյավարդը) անհամատեղելի են նույն ծաղկամանի մեջ։ Շուշանը, մեխակը, նարգեսը նույնպես անհամատեղելի են այլ ծաղիկների հետ։ Հափրուկը, դեղին գնարբուկը արագացնում են մյուս ծաղիկների թոշնումը։ Վարդակակաչը և անմոռուկը թոշնում են հովտաշուշանի հարևանությամբ, դեղին գնարբուկը կործանարար է ազդում գնարբուկի այլ տեսակների վրա. նույն ազդեցությունն է գործում շուշանը մարգարտածաղկի և կակաչի վրա։

Կան միանգամայն համատեղելի և միմյանց կյանքը երկարացնող ծաղիկներ։ Այսպես, գետնանոճու ճյուղը նպաստում է վարդակակաչի երկարակեցությանը և նույնիսկ մգացնում վերջինիս գույնը։

Ամբողջ աշխարհում լայն տարածում է գտել ծաղիկների ձևավորման ճապոնական ավանդական արվեստը՝ իկեբանան՝ իր որոշակի գեղարվեստական և գեղագիտական սկզբունքներով։ Յուրաքանչյուր ծաղիկ և ճյուղ, ըստ ճապոնացիների, որոշակի իմաստ է կրում. բարձր ճյուղը խորհրդանշում է երկնակամարը, միջինը՝ մարդուն, ամենացածրը՝ երկիրը։ Մեծ հմտություն է պահանջում ծաղիկների, ճյուղերի, ծաղկամանի ճիշտ ընտրությունը։ Հաճախ ծաղկամանի մեջ դնում են մեկ կամ երկու ծաղիկ, օգտագործելով նաև ճյուղեր, խոտաբույսեր ևն։

Իկեբանայում առավել հաճախ օգտագործվող բույսերն են քրիզանթեմը և ճապոնական բալենու՝ սակուրայի ծաղկած ճյուղը։ Որպես ծաղկաման օգտագործում են բրոնզե թաս, հյուսած կողով, բամբուկե սնամեջ ճյուղ։ Հաճախ ծաղիկները զուգակցում են հնաոճ և նրբագեղ իրերի, արվեստի գործերի, գեղագիր գալարակների հետ։ Իկեբանայում նախապատվությունը տրվում է ծռմռված, կորացած, տձև ճյուղերին, որով արտահայտվում է ճապոնացիների հակումը բնությանը հատուկ անկանոնության և անհամաչափության նկատմամբ։

ԾԱՎԱԼԱՀՆՉԱԿԱՆ ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐ, կենցաղային ձայնավերարտադրիչ սարքավորանքից՝ էլեկտրոֆոններից, մագնիտոֆոններից, ռադիոընդունիչներից և հեռուստացույցներից ինչպես ծավալահնչական, այնպես էլ մենահունչ երաժշտական ծրագրեր ունկնդրելու անհատական էլեկտրաձայնական սարքեր։ Բաղկացած է երկու լսափողերից (աջ և ձախ), որոնք իրար են միացած թիթեղաժապավենից կամ լարից պատրաստված մեկ կամ երկու զսպանակով. դրանք էլ հենց ապահովում են լսափողերի ամուր հպումը ունկնդրի ականջներին։ Արտաքին հնչյուններից մեկուսացնելու նպատակով լսափողերը տեղավորում են ձայնամեկուսիչ լավ հատկություններ ունեցող նյութից (օրինակ, սպունգային ռետինից) պատրաստված ականջակալներում։

Գործողության սկզբունքով լսափողերը նման են բարձրախոսներին, սակայն քանի որ դրանք ձայնային տատանումներ են առաջացնում ականջախեցու ոչ մեծ օդածավալում, ուստի հնչողության ցանկալի բարձրություն ստանալու համար բավական է 0,001-0,1 Վտ հզորություն (ձայնական համակարգերով այդ նույն բարձրության ձայնի վերարտադրման համար պահանջվում է 100-1000 անգամ ավելի մեծ հզորություն)։ Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս ստեղծել վերարտադրվող հաճախությունների 20-ից մինչև 20000 Հց շերտով Ծ. ա., որոնք ունեն նույնպիսի ձայնական բնութագրեր, ինչ բարձրորակ ձայնական համակարգերը։ Բացի այդ, Ծ. ա. ամբողջովին բացառում են շինության ձայնական հատկանիշների ազդեցությունը ունկնդրվող ծրագրի հնչողության որակի վրա, դրանք թույլ են տալիս, չխանգարելով շրջապատի մարդկանց, ցանկացած ծրագիր լսել հարմար ժամին։ Ծ. ա-ի հնչողության բարձր որակի շնորհիվ երկրորդական է դառնում ականջակալներ կրելու անհարմարավետությունը։

Միաժամանակ, ականջակալներով ծավալահնչական երաժշտական ծրագրեր ունկնդրելիս զգալիորեն խախտվում է տարածական ձայնային պատկերը՝ այն տպավորությունն է ստեղծվում, իբր ձայնի աղբյուրը գտնվում է ունկնդրի գլխում։ Դա բացատրվում է նրանով, որ ձայնավերարտադրման սովորական եղանակի դեպքում ձայնը աջ և ձախ բարձրախոսներից հասնում է ականջներին հավասարապես, որի շնորհիվ և ստեղծվում է ծավալահնչական