Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նիստերին գույները պետք է հերթագայեն շախմատաձև (նկ. 2)։

Որպեսզի գույները չկրկնվեն։ Այս հանելուկախաղի համար հարկավոր է պատրաստել 4 քառագույն խորանարդիկ (նկ. 3)։ Առաջարկվում է այս խորանարդիկներից հավաքել այնպիսի ֆիգուր, որի յուրաքանչյուր կողամասում ներկայացված լինեն բոլոր չորս գույները։

Կոնստրուկտոր լուցկու տուփերից։ Լուցկու տուփերը նույնպես կարելի է օգտագործել հետաքրքիր և օգտակար խաղեր ու հանելուկախաղեր ստեղծելու համար։ Լուցկու տափերով, օրինակ, կարելի է կազմել կառուցողական խաղերի տարրերի հավաքածուներ։ Եթե դրանք միացվեն, ապա ստացված տարրերից կարելի է հավաքել բազմազան կառուցվածքներ. տուն, կամար, աշտարակ, կամուրջ ևն։ Մեկ լրակազմի համար հարկավոր է 38 տուփ (ցանկության դեպքում տարրերի քանակը կարելի է ավելացնել)։ Տուփերի ներքին մասերն անշարժ պահելու համար հարկավոր է դրանք հանել, սոսնձապատել և նորից տեղը դնել։

Խաղի համար անհրաժեշտ է տուփերն իրար սոսնձել 2, 3, 4 և 5-ական նկ. 4-ում ցույց տրված ձևով։ Պատրաստի տարրերը կարելի է այնուհետև ներկել։

Դիպուկ նշանառություն։ Այս խաղը հեշտությամբ կարելի է պատրաստել լուցկու տափերից։ 5 տուփ հարկավոր է իրար սոսնձել նկ. 5-ում ցույց տրված ձևով, ընդ որում յուրաքանչյուր տուփի հատակին գտնվում են միավորներ ցույց տվող թվանշանները։ 6-րդ տուփից կարելի է պատրաստել նետիչ։ Դրա համար տուփի հատակին փակցվում է ստվարաթղթի մի շերտ («լեզվակ»), իսկ դրան սոսնձվում է սովորական մատիտի (կամ այլ ձողիկի) փոքրիկ կտոր (50 մմ երկարությամբ)։

Խաղում են սեղանի վրա, հերթով։ Մեջը կոճակ դրված նետիչը տեղադրվում է թիրախից որոշ հեռավորությամբ։ Խնդիրն է կոճակը գցել տուփերից մեկի մեջ։ Հաղթում է նա, ով շատ միավոր է հավաքում։

Գունավոր քառակուսիներ։ Այս խաղի համար հարկավոր է ստվարաթղթից կամ նրբատախտակից պատրաստել 5x5 սմ չափսի 10 քառակուսի և ներկել չորս տարբեր գույներով (ինչպես ցույց է տրված նկ. 6-ում)։ Խաղացողների խնդիրն է այդ քառակուսիներով դասավորել նկարում պատկերված ֆիգուրները այնպես, որ հպվող քառակուսիների կողմերը միագույն լինեն։

Մետաղալարային հանելուկախաղերի համար անհրաժեշտ է 1,5-2 մմ հաստության մետաղալար։ Նկ. 7-ում բերված են երկու հանելուկախաղերի գծագրերը։ Խաղացողների խնդիրն է տարրերի մի մասը հանել-անջատել մյուսից՝ չբացելով և չխախտելով պատրաստված ֆիգուրները։

Մաքոքը պարույրից հանելու համար հարկավոր է այն մոտեցնել օղակին, և, շրջելով վերջինս, միաժամանակ նրա միջով անցկացնել նաև պարույրը, այնուհետև մաքոքը հանել օղակի միջից և ազատել պարույրը նկ. 7,ա ցույց տրված ձևով։

Հաջորդ հանելուկախաղում (նկ. 7,բ) հարկավոր է ֆիգուրը հասցնել մինչև ծալքը, վրան դնել աղեղնակները, և օղակը ազատորեն դուրս կգա ֆիգուրից ու աղեղնակներից։