Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

150 մմ-ից ոչ պակաս հեռավորությամբ։

Շահագործման ժամկետը ավելացնելու համար կրակակալը պատրաստում են թուջից կամ երկաթից (օրինակ, 14-16 մմ տրամագծով ամրանից)։ Ջրի բաքը տեղադրում են կրակարանի վերևում այնպես, որ կրակակալների և հատակի միջև լինի 25 սմ-ից ոչ պակաս հեռավորություն՝ բավարար քանակությամբ փայտ դնելու համար։ Բաքը սարքավորում են ծորակով։ Ջեռաքարը տեղադրում են ոտքերի (կանգնակների) վրա և միացնում կրակարանին 22 սմ տրամագծով ծխանցքի խողովակատարով։ Այն պետք է ունենա գոլորշու համար ջուր մատակարարող 220x160 մմ չափերով դռնակ և 150 մմ տրամագծով ծխանցքի խողովակաոստ։

Եթե Բ-ը տաք և սառը ջուր ստանում է կենտրոնական համակարգից, ապա նպատակահարմար է օգտվել էլեկտրական ջեռաքարից։ Վերջինս տեղադրում են ասբեստացեմենտե սալի վրա՝ պատից 100 մմ-ից ոչ պակաս հեռավորությամբ։ Էլեկտրահաղորդալարերը պետք է լինեն չորսջղանոց կաբելից և անցկացվեն պաշտպանական խողովակով։ Պաշտպանման և կառավարման սարքերը տեղադրում են նախաբաղնիքում։ Վառարանի իրանը պետք է անպայման հողակցվի։ Պատահական այրվածքներից խուսափելու համար էլեկտրական ջեռաքարի իրանը (տաքանում է 90-100 °C) շրջափակում են փայտե արգելափակոցով։

Նկարներում ներկայացված են գերանակերտվածքով Բ-ի երեք հատակագիծ։

Առանց նախաբաղնիքի 5,1 մ² մակերեսով Բ. նախատեսված է ամռանն օգտագործելու համար։ Լողասենյակն ունի ջեռաքար և տախտակաստիճան, որին նստելով շոգելոգանք են ընդունում։ Պատի մեջ, վերևի աստիճանի տակ կա ջերմանցք՝ շոգեսենյակում ջերմաստիճանն արագ իջեցնելու համար։ Այն կիպ փակվում է բռնակ ունեցող խցափակիչով։ Շինությունն ունի նախամուտք, որտեղ կարելի է հանգստանալ։

Մյուսը նախաբաղնիքով և պատշգամբով 7 մ² մակերեսով Բ. է։ Լուսամուտով նախաբաղնիքն ունի նստարան և կախիչ, այդտեղ է տեղադրված նաև ջեռաքարի հնոցը։ Շոգեսենյակն ունի լուսամուտ, ջեռաքար, սառը ջրի բաք և տախտակաստիճան։

Չորս բաժանմունքով Բ. ունի նախաբաղնիք, լողասենյակ, շոգեսենյակ և պատշգամբ։ Նախաբաղնիքը ընդարձակ է, լուսավոր, ունի երկու պատուհան և տաք հատակ, կահավորված է բուխարիով, նստարանով և հագուստի կախիչով։ Համապատասխան կահավորման դեպքում կարող է ծառայել որպես հանգստի սենյակ։ Լողասենյակն ունի պատուհան, տաք ու սառը ջրի բաք, նախատեսված է չափավոր ջերմաստիճանով Բ. սիրողների համար։ Նպատակահարմար է տեղադրել ցնցուղ։ Շոգեսենյակն ունի լուսամուտ, ջեռաքար և տախտակաստիճան (տեղադրված առավել տաք գոտում, հատակից 1,5-1,7 մ բարձրության վրա)։ Երեք հատվածամասով տախտակաստիճաններից երկուսն ամրացված են պատերին, իսկ երրորդը տեղադրված է հատակին։ Ներքևի և միջին տախտակաստիճանները միացված են բազրիքով, որն ունի ոտքերի տակդիր։

ԲԱՆՋԱՐԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Կաղամբազգիների ընտանիքի բույսերին (կաղամբ, գոնգեղ, շաղգամ, բողկ, ամսաբողկ) վնասում են տարբեր վնասատուներ։

Կաղամբի ճանճ. առավել վտանգավոր է։ Նրա թռիչքը համընկնում է բալենու, եղրևանու, խատուտիկի ծաղկման հետ։ Ճանճերը դնում են սպիտակ սիգարանման ծվեր արմատավզիկի, ցողունի ստորին մասի վրա կամ կաղամբի բույսի մոտ՝ հողի տակ։ Թրթուրները վնասում են կաղամբի ցողունի ստորին մասը, ինչպես նաև բողկի, ամսաբողկի, շաղգամի արմատապտուղները։ Շատ բույսեր ոչնչանում են, իսկ արմատապտուղները դառնում են ոչ պիտանի պահելու համար։

Պայքարի միջոցները. ճանճերի թռիչքից առաջ պետք է կիրառել խրտնեցնող միջոցներ՝ բույսի շուրջը ցանել հանգած կիր կրեոլինի հետ (20:1), ծխախոտի կամ ճանապարհի փոշի։ Եթե հայտնաբերվում են թրթուրներ, ապա բույսերի արմատի տակ պետք է լցնել կարբոֆոսի լուծույթ (10 լ ջրին՝ 20 գ 30 %-անոց պատրաստուկ)