դեպքերում 10 կգ է։ Մեղվաընտանիքը բաղկացած է մեկ մայր, 60-80 հազար աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն հազար) բոռերից։
Մայր մեղուն լավ զարգացած սեռական օրգաններով էգն է և մեղվաընտանիքում կատարում է մեկ ֆունկցիա՝ ձվադրում (գարնանից մինչև աշուն)։ Գարնանը մեկ օրվա ընթացքում կարող է դնել երեք հազար և ավելի ձու։ Ձվերը լինում են 2 տեսակ՝ բեղմնավորված (դրանցից զարգանում են մայր և աշխատավոր մեղուներ) և չբեղմնավորված (դրանցից ծնվում են բոռեր)։ Մայր մեղուն ապրում է 5-6 տարի։ Առավել արդյունավետ է մինչև երկու տարեկանը։ Մեղվաբույծին խորհուրդ է տրվում երկու տարին մեկ մեղվաընտանիքում փոխել մայր մեղուն։
Աշխատավոր մեղուները կազմում են մեղվաընտանիքի հիմնական մասը։ Դրանք չզարգացած իգական օրգաններով էգեր են։ Հյուսում են մեղրահացը, հավաքում նեկտար ու ծաղկափոշի, պատրաստում մեղր, կերակրում թրթուրներին, պահպանում բույնը, ապահոփսմ դրանում պահանջվող խոնավություն և ջերմություն։ Ծաղկափոշի հավաքելու և տեղափոխելու համար հետին ոտքերն ունեն «խոզանակիկ» և «զամբյուղիկ», որովայնի ստորին կիսաօղակների վրա կան մոմային «հայելակ», մեղվակաթ արտադրող հատուկ գեղձեր և այլն։ Աշխատավոր Մ-ների գործունեությունը որոշվում է նրանց տարիքով և բնական պայմաններով։ Ամենամատղաշ Մ. կերակրում են թրթուրներին, 8-10 օրական հասակում հյուսում են մեղրաբջիջներ՝ մեղրահաց, 18-20 օրականից՝ մասնակցում կերի հայթայթմանը։ Կյանքի վերջին օրերին սովորաբար ջուր են կրում և փեթակից հեռու չեն թռչում։ Սակայն Մ. անկախ հասակից կարող են կատարել տարբեր աշխատանքներ, որոնք տվյալ պահին ավելի անհրաժեշտ են մեղվաընտանիքին (օրինակ, բույսերի առատ նեկտարատվության փուլում կերակրող մեղուներն անցնում են մեղրահավաքին)։ Դրա շնորհիվ կարճ ժամկետում ընտանիքը մթերում է մեծ քանակի մեղր։
Աշխատավոր Մ. ակտիվ շրջանում ապրում են 35-40 օր (երբ դաստիարակում են թրթուրներին և կեր հայթայթում) և 6-7 ամիս՝ նվազ ակտիվ վիճակում (ցուրտ ժամանակ)։
Բոռերն արուներն են, ունեն միայն մեկ ֆունկցիա՝ մայր մեղվի բեղմնավորումը։ Առանց դրանց Մ-ի ցեղը չի կարող գոյություն ունենալ։ Սեռահասուն են դառնում 8-14 օրում։ Սեռական օրգանները լավ զարգացած են։ Մեղվաընտանիքում ապրում են ամռանը։ Մայր մեղվի բեղմնավորումը (պահանջվում է 8-12 բոռ) տեղի է ունենում օդում, մոտ 30 մ բարձրության վրա և մեղվանոցից հեռու։ Բոռերը չունեն աշխատանքային օրգան, «խոզանակիկը» կարճացած է և չի կարող նեկտար հայթայթել։ Բոռերը սնվում են Մ-ի մթերած կերով, չունեն խայթոց և դրա պատճառով չեն մասնակցում բնի պաշտպանությանը։ Բազմացման շրջանի ավարտից հետո Մ-ը քշում են նրանց փեթակից, և նրանք սատկում են։ Հաջորդ գարնանը, պատրաստվելով բազմացման, Մ-ը նորից են բոռեր աճեցնում։ Մեղուների բույնը կազմված է մոմակառույցներից՝ մեղրաբջիջներից (մեղրահաց)։ Վայրի մեղուների բնում լինում են 6-7 ուղղաձիգ, երկար, ներքևից ձվաձև, իսկ փեթակներում՝ 10-12 մինչև 60-70 մեղրաբջիջներ, որոնք կազմված են խիստ որոշակի սահմաններով բազմահազար վեցանիստ բջիջներից։ Բնի մեջ են ընթանում ընտանիքի կենսական կարևոր փուլերը՝ Մ-ի աճը, կերի պահպանումը և այլն։
Բույնը ժամանակի ընթացքում հնանում է, թրթուրների թողած բոժոժներից մեղրաբջիջները սևանում են, փոքրանում է դրանց ծավալը, որը բացասաբար է ազդում դրանում զարգացող Մ-ի չափի և որակի վրա։ Ուստի սևացած բջիջները փոխարինում են նոր բջիջներով։ Որքան բջիջները շատ են, այնքան ընտանիքն ուժեղ է։
Մ-ին պահում են փեթակներում։ Առավել տարածված են ուղղաձիգ-բազմիրան (նկ. 2) և 12-շրջանակավոր փեթակները։ Բազմիրան փեթակը կազմված է 5-6 կամ 3 իրանից (վերջինս ունի նաև 3 ոչ մեծ հավելակցան-պահեստատուփ մեղրի համար)։ 12-շրջանակավոր փեթակներն ունեն բնային բաժին և 2-3 պահեստատուփ։
Մ. կարելի է պահել նաև հորիզոնական փեթակներում (կոճղափեթակներում), որոնք ունեն 1 կամ 2 պահեստատուփ։
Մեղուների հետ վարվելաձևը. մեղվաբուծության զարգացման ընթացքում մշակվել են Մ-ի հետ վարվելաձևի և դրանց հնազանդեցնելու կանոններ։ Մ. զգայուն են սուր հոտերի (քրտնքի, սխտորի, օծանելիքի, սպիրտային խմիչքի) նկատմամբ։ Իրենց սեփական թույնի հոտը վտանգի ազդանշան է։ Մ-ի հարձակումից պաշտպանվելու համար մեղվաբույծները գլուխը և դեմքը ծածկում են ցանցով, հագնում բաց գույնի հագուստ (սպիտակ խալաթ) և այլն։ Մ-ին չարացնում են նաև արագ շարժումները, վազքը, ձեռքի թափահարումը, բնում կոպիտ աշխատանքը և այլն։ Պետք է իմանալ նաև, որ ծուխը հանդարտեցնում է Մ-ին։ Հատուկ ծխարար (նկ. 3) գործիքով ծուխը մղում են փեթակ