ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ
Մեծանուն Լեզվաբան Հրաչյա Աճաрյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր։ Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը։ Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կան իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը։
Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները։ Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրևանդ գավառում, Արածանի գետի ափին։ Այն նաև պետական տոն էր, որովհետև հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով, նրան մասնակցում էին թագավորն ու թագուհին, արքունի զորքը, նախարարները, հայոց մեծամեծները։ Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ։ Որոշ տոներ էլ մոռացության են մատնվել։ Հայկական տոներին հատուկ են մեծ բազմությունների հավաքները, մրցախաղերը, ձիարշավները, երգն ու պարը, ասմունքը, փոխադարձ նվիրատվությունները, ճոխ ճաշկերույթները։ Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսևորումները։ Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի և ժողովրդի համար պատմական պահերը։
Հայոց ազգային սովորույթներից է ընտանիքի անդամների ծննդյան, ամուսնության տարելիցները, նրանց կյանքում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունները հանդիսավորապես նշելը։ Հարազատների մասնակցությամբ անցկացվող ընտանեկան այդ տոնակատարությունները նպաստում են ընտանիքի ամրապնդմանը, տոհմական ավանդույթների պահպանմանը, հայրենի հողի հանդեպ սերն անշեջ պահելուն։
Հայոց պետական անկախության ներկա ժամանակաշրջանում բոլոր հնարավորություններն ստեղծվել են ընտանեկան այդ հանդիսությունների շարքում ներառել նաև ազգային, պետական ու եկեղեցական տոները, որոնք խորհրդանշում են մեր ազգային համերաշխությունը, մեր միասնական գոյամարտը, հայկական պետական կառույցի հաստատումը, մեր հազարամյա երազանքների իրականացումը։
Սակայն բոլոր նշանավոր իրադարձությունները չեն, որ ուրախառիթ են։ Կան նաև նահատակների, մարտիրոսների օրեր, մեռելոց օրեր, բոլորովին վերջերս էլ՝ Ազատամարտիկների հիշատակի օրեր։ Եկեղեցական կարևոր տոները կոչվում են նաև տաղավար (Սբ. Ծնունդ, Զատիկ, Վարդավառ, Համբարձում, Աստվածածին, Խաչվերաց)։
Հայաստանի Հանրապետությունում սահմանված են հետևյալ տոներն ու հիշատակի օրերը.
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը՝ ծննդյան տոներ։
Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։
Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկաթյան տոն (ոչ աշխատանքային օր)։
Ապրիլի 24-ը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)։
1915-ի այս օրը և հետագա մի քանի օրում Օսմանյան կայսրության պարագլուխների հրամանով Կ.Պոլսում ձերբակալվեցին և դեպի Միջագետքի անապատներն աքսորվեցին շուրջ 800 հայ մտավորականներ՝ գրողներ, գիտնականներ, լրագրողներ, արվեստագետներ, որով սկսվեց Մեծ եղեռնը։ Նրանց մեծ մասն սպանվեց աքսորի ճանապարհին։ Ապրիլի 24-ը յուրաքանչյուր տարի նշվում է Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Դարաբաղի Հանրապետությունում և Սփյուռքում որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր։
Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)։
1945-ի մայիսի 9-ին ֆաշիստական Գերմանիայի պարտությամբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում։ Մայիսի 9-ին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր բազմահազար զավակներին, որոնք Խորհրդային Միության և դաշնակիցների զինված ուժերի շարքերում մարտնչել են ֆաշիզմի դեմ։
Մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օր (ոչ աշխատանքային օր)։
Այդ օրը 1918-ին հռչակվեց Հայաստանի անկախությունը, պատմական Հայաստանի տարածքի մի փոքր մասում վերականգնվեց հայկական պետականությունը՝ Բագրատունյաց թագավորության անկումից շուրջ 9 հարյուրամյակ հետո։ Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ երկու և կես տարի՝ մինչև 1920-ի դեկտեմբերի 2-ը։ Այն ընկավ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հանցավոր գործարքի հետևանքով։
Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով։ Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»։
Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օր (ոչ աշխատանքային օր)։
Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991-ի սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեով։ Դրանով Հայաստանի բազմադարյա պատմության մեջ սկսվել է նոր դարաշրջան։
Դեկտեմբերի 7-ը՝ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օր։
Պաշտոնական տվյալների համաձայն երկրաշարժի զոհ է դարձել 25 հազար մարդ, հանրապետության տնտեսությունը հսկայական վնաս է կրել։ Այդ ծանր օրերին Հայաստանին օգնության ձեռք են մեկնել հայ սփյուռքը, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, բարեգործական ընկերություններ և միություններ, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու թեմեր։ Վերականգնման աշխատանքները Աղետի գոտում շարունակվում են։