պատել սառցալեզվակներով։ Դա նպաստում է կոկոնների համաչափ բացվելուն և ծաղկման տևողությունը երկարաձգվում է։ Ծաղկաթափ Ն-ի նախորդ տարվա բոլոր ընձյուղները պետք է լավ ծերատել, հեռացնել թույլ և շատ խիտ աճած ճյուղերը, այնուհետև բույսը տեղափոխել թարմ հողով լցված ավելի խոշոր թաղարի մեջ։ Հողախառնուրդը պատրաստել տորֆից և տերևային հովղից (1 մաս հավամրգի տերևներ և 1/2 մաս փշատերևներ)։ Անհրաժեշտ է նաև խեցեփշուրի ու գետի ավազի ցամաքուրդ։ Տեղափոխելիս բույսի արմատավզիկը պետք չէ հողով ծածկել, եղանակները տաքանալուց հետո հարկավոր է այն դնել պատուհանի գոգին կամ պատշգամբում՝ ստվերելով արևի ուժեղ ճառագայթներից, հավասարաչափ ջրել (ցանկալի է անձրևաջրով) և ցողել։ Պետք է Էտել Ն-ի ուժեղ ձգված ընձյուղները, որպեսզի բույսը կողքերից ճյուղավորվի։ Հուլիս-օգոստոսին, երբ առաջանում են ծաղկային բողբոջները, խորհուրդ է տրվում բույսը սնուցել (երկու շաբաթը մեկ) օրգանական կամ հանքային պարարտանյութերով։ Աշնանը Ն. անհրաժեշտ է տեղադրել որքան հնարավոր է պատուհանին մոտ, որպեսզի ջերմաստիճանը 12-14 °C–ից բարձր չլինի, և ավելի սակավ ջրել, բայց այնպես, որ հողի գնդիկները չչորանան։ Ցանկալի ժամանակին ծաղկած բույս ունենալու համար, դրանից երկու ամիս առաջ, Ն. պետք է տեղափոխել ավելի տաք տեղ և վերսկսել կանոնավոր ջրցողել (հեղուկացիրով) և ջրել գոլ ջրով։
ՆԱԽԱՍԵՆՅԱԿ, կահավորանքի հիմնական տարրը կախարանն է։ Նեղ Ն-ներում շատ հարմար են պատի կախարանները։ Կախարանի կեռերի առավելագույն բարձրությունը հատակից պետք է լինի 190 սմ։ Թողարկում են նաև հատակադիր կախարաններ, որոնց վերևի հարթությունը նախատեսված է գլխարկների համար։ Մանկական հագուստի, հովանոցների, պայուսակների համար կարելի է փոքր բարձրության վրա կեռեր ամրացնել։ Դրա համար անհրաժեշտ է պատին մեխած ուղղաձիգ տախտակներին ամրացնել (միմյանցից 25-30 սմ հեռու) հորիզոնական ձողեր, որոնց վրա կհագցվեն մետաղե կեռիկներ։ Դրանք կարելի է տեղափոխել մի ձողից մյուսը՝ տեղադրելով պահանջվող բարձրության վրա։ Ձողերը ոչ հենարան են ծառայում կեռերի համար, այլև հագուստը հեռու են պահում պատից, պաշտպանում փոշուց: Կախարանը կարելի է ներկել յուղաներկով, պատել փայտի կազմվածքը ընդգծող անգույն լաքով:
Պատի այն հատվածը, որը հատկացված է կախարանին, ցանկալի է ծածկել խսիրով, ծղոտահյուս գորգով, շերտավոր պլաստիկով, թաղանթով, երեսպատված վահաններով, լինկրուստով, ինսուլաքով և այլ նյութերով: Տարածությունը բավարարելու դեպքում կարելի է օգտագործել կախիչներ, որոնց համար գլխիկների դարակից ցած, պատից 25-30 սմ հեռու անհրաժեշտ է հորիզոնական չճկվող ձող ամրացնել: Կախարանի տակ կարելի է սարքել կոշկապահարան (բարձրությունը՝ 50-70 սմ, խորությունը՝ 15 սմ), որի մեջ կոշիկները պահում են գրեթե ուղղաձիգ՝ կրունկները հենելով պահարանի վերին մասում ամրացված հորիզոնական ձողին: Վերին մասում կարելի է պատրաստել խորշ կամ գզրոցներ՝ մանր առարկաների (ձեռնոցներ, խոզանակներ, կոշիկի խնամքի պարագաներ) համար: Կոշկապահարանի վերին հարթությունը կարելի է օգտագործել որպես հեռախոսի պատվանդան:
Հայելին Ն-ի կահավորանքի պարտադիր տարրերից է: Նախընտրելի են ուղղաձիգ բարձր հայելիները, որոնք, ունենալով անդրադարձման մեծ մակերես,