ԱԵՐՈԶՈԼՆԵՐ, հերմետիկորեն փակված հատուկ անոթների մեջ լցված նյութեր, որոնք օգտագործվում են փոշեցրումով։ Ալյումինե կամ այլ մետաղե թիթեղից գլանաձև անոթը լցվում է նյութով և հեղուկ գազով պրոպելենտով (ֆրեոն, ածխաջրածին, ածխաթթվական գազ)։ Անոթն ունի սիֆոնային փողակ և նյութի արտահոսումը կարգավորող հարմարանք։ Նյութն արտամղվում է փոշեցրիչ գլխիկի մեջ սարքավորված դիաֆրագմայի միջով։ Արտամղումը կարգավորվում է անոթի վերևի կափարիչում գտնվող կափույրի միջոցով, որը բացվում է փոշեցրիչի գլխիկը սեղմելիս, և խառնուրդը ճնշման տակ դուրս է մղվում։
Շատ նյութերի համար աերոզոլային փաթեթվածքն առավել հարմար է և խնայողական։
Աերոզոլային անոթներով թողարկում են հագուստի խնամքի (օսլայող, հակաէլեկտրաստատիկ), կեղտաբծեր հանող, միջատասպան, սենյակները հոտազերծող նյութեր, ավտոմեքենաների, կաշվե և թավշակաշվե իրերի, մազերի խնամքի միջոցներ, լաքաներկանյութեր, օծանելիքի և դիմահարդարման նյութեր։
ԱՄԱՆԵՂԵՆ, պատրաստում են մետաղից, խեցենյութից, ապակուց, պլաստմասսայից։
Մետաղե Ա. պատրաստում են ալյումինից, արույրից, թուջից ևն։
Ալյումինե Ա. լինում է դրոշմած և ձուլածո։ Ըստ օգտագործման նպատակի ալյումինե դրոշմած Ա. թողարկում են տարբեր զանգվածի, թեթև (հատակի հաստությունը 1,5 մմ), միջին (2 մմ) և ծանր (2,5 մմ)։ Ձուլածո հաստապատ Ա. (տապակներ, մեծ ու փոքր կաթսաներ) հիմնականում նախատեսված է երկրորդ կերակրատեսակի պատրաստման (տապակում, շոգեխաշում, եփում) համար։ Ալյումինե Ա. թողարկում են վերջնամշակված տեսքով, արծաթագույն փայլատ, հղկված, ողորկած, քրոմապատված փայլուն, անողավորված, չներկված կամ տարբեր գույներով ներկված։
Ալյումինե ամանները կայուն են ջերմության (ալյումինի հալման ջերմաստիճանը 658 °C է) և ջերմաստիճանի կտրուկ տատանումների նկատմամբ։ Դրանցում եփված կերակուրը չի կորցնում գույնը, հոտը և համը։ Ալյումինե ամանների մեջ կարելի է եփել ցանկացած, այդ թվում նաև զգալի քանակությամբ աղ և օրգանական թթուներ պարունակող կերակուր։ Սակայն խորհուրդ չի տրվում այն պահել ալյումինե ամանների մեջ 2 օրից ավելի, ինչպես նաև չի կարելի դրանց մեջ թթու կաղամբ և աղաջրով վարունգ պահել, քանի որ կերակուրը և թթվաղի մթերքները փչանում են հիմքերի և թթուների ազդեցությամբ։
Խորհուրդ է տրվում ալյումինե նոր Ա. ներսից պատել որևէ կենդանական կամ բուսական յուղով և մեջը ջուր կամ կաթ եռացնել։
Ալյումինե Ա. չի կարելի մաքրել բարձր հիմնայնաթյուն ունեցող միջոցներով (օրինակ, կալցինացվսւծ սոդայով), կոշտ փոշիներով և մետաղե խոզանակով։ Հիմքերի և թթուների ներգործությունից առաջացած սևությունը վերացնելու համար Ա. մաքրում են քացախով թրջած բամբակով, որից հետո լվանում տաք ջրով և չորացնում։
Պողպատե Ա. թողարկում են արծնապատ, ցինկապատ և կլայեկված։ Պողպատե արծնապատ Ա. քիմիապես կայուն է օրգանական թթուների, աղերի, օճառի և հիմքերի նկատմամբ։ Այն հիգիենիկ է, հեշտությամբ է լվացվում, պիտանի է կերակուրը ոչ միայն եփելու, այլև երկարատև պահելու համար։ Խորհուրդ չի տրվում արծնապատ Ա-ի մեջ երկրորդ կերակրատեսակներ (հատկապես շիլա) եփել, քանի որ դրանք հաճախ այրվում են և կարող են արծնը փչացնել։
Արծնապատ Ա. և սպասքը մաքրում են նույն միջոցներով, ինչ ալյումինե Ա.։
Պողպատե ցինկապատ Ա. պատրաստում են ցինկապատ թերթավոր, ինչպես նաև սև թերթավոր պողպատից հետագա ցինկապատումով։ Ցինկապատ Ա-ի մեջ չի կարելի կերակուր եփել և խմելու ջուր եռացնել, քանի որ գոյացող ցինկի աղերը վնասակար են մարդու համար։ Ցինկապատ Ա-ում չի կարելի նաև պահածոներ պատրաստել (օրինակ, սունկ, կաղամբ և այլ մթերքներ աղ դնել)։ Ցինկապատվածքի վրա ներգործում են թթվային և հիմնային լուծույթները (լվացափոշիները) և կերակրի աղը։ Ցինկապատ Ա. շատ հարմար է սպիտակեղեն լվանալու և եռացնելու, ջուր և նավթ պահելու համար։
Ցինկապատ Ա. մաքրում են մանր ծեծած կավճով կամ հատուկ միջոցներով։
Պողպատե կլայեկած ամանները չի կարելի օգտագործել ջուր եռացնելու համար, դրանք կողմնակի սուր համ են տալիս ջրին և փչացնում թեյի գույնն ու համը։ Կլայեկած ամանների անագե պատվածքները շատ փափուկ են, հետևաբար դրանք չի կարելի մաքրել կոշտ փոշիներով։
Պողպատե չժանգոտող ամանները պիտանի են հիմնականում հեղուկ ճաշատեսակներ եփելու (բարակ պատեր ունենալու պատճառով) և կերակուրը երկարատև պահելու համար։ Դրանք բավականաչափ դիմացկուն են, կայուն ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների նկատմամբ և չեն փոխում կերակրի համը։
Արույրե ամանները նախատեսված են գլխավորապես ջուր եռացնելու և մուրաբա եփելու համար։ Ալյումինե և պողպատե արծնապատ Ա-ի համեմատությամբ դրանք ավելի դիմացկուն են։
Սակայն օգտագործվող արույրե ամանները ժամանակի ընթացքում մգանում են, ծածկվում կանաչ փառով։ Դրանց վրա ազդում են օրգանական թթուները, կաթը, յուղը և այլ սննդամթերքներ։ Կերակուր եփելու և ջուր եռացնելու համար նախատեսված արույրե Ա. ներսից անպայման կլայեկում են։ Մուրաբայի թասերը չեն կլայեկում, քանի որ մուրաբայում շաքարի մեծ պարունակությունը բացառում է արույրի լուծումը հատապտուղներում և մրգերում եղած օրգանական թթուներում։ Ա-ի արտաքին մակերևույթները ողորկում են, ապա նիկելապատում կամ քրոմապատում։
Թուջե Ա. հիմնականում կիրառում են տապակելու և խաշելու համար։ Թողարկվող թուջե Ա. լինում է սև, ինչպես նաև մեկ կամ երկու կողմից արծնապակիով պատած։ Թուջե սև Ա. ունի խորդուբորդ մակերևույթ, որը մեծ խնամք է պահանջում, այլապես (առաջանում է Ա-ի