Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


առիթով պիտի ներկայանաի իմամին։ Նրա ուղեղը, որ մինչև այժմ բոլորովին մռայլված էր, նրա մտածությունները, որ մինչև այժմ խառնաշփոթ դրության մեջ էին, հանկարծ որոշ կերպարանք ստացան։ Նա այժմ այնքան արագ էր գնում, որ ծառան հազիվ կարողանում էր հետևել նրան։ Քառորդ ժամից հետո նա հասավ իմամի վրանին։

Իմամի վրանը իր պարզությամբ չէր զանազանվում հասարակ հովիվների չադրներից։ Այստեղ չկային ոչ նուրբ, մետաքսեղեն կերպասներ և ոչ թանկագին շալեր։ Աստուծո մարդը, կրոնի զորավիգը իրան հեռու էր պահում աշխարհի փառքից և կյանքի շքեղությունից, եթե ոչ ներքուստ, գոնե արտաքուստ։ Նա նստած էր հասարակ թաղիքի վրա և նրա մոտ դրած էին մի քանի գրքեր։ Մի կողմում կուչ էր եկած դերվիշը և պատմում էր զանազան բժշկական հրաշալիքներ։ Վրանում ուրիշ ոչ ոք չկար․ մի մորուքավոր սպասավոր միայն կանգնած էր այնտեղ և երբեմն նորոգում էր իմամի չիբուխը, վառում էր, առաջ ինքն էր ծխում, հետո տալիս էր նրան։ Դերվիշը խոսում էր Լոկմանի[1] վրա, ասում էր, երբ նա ծերացավ, հազար ինն հարյուր վաթսուն տարեկան դարձավ, այդ ժամանակ պատրաստեց «կենդանության կաթիլները», և իր աշակերտներին` Ալասթուին ու Աֆլաթունին[2] հանձնելով, պատվիրեց նրանց, երբ ինքը կմեռնի, այն հեղուկից երեք կաթիլ կաթեցնեն իր բերանը, և ինքը իսկույն կկենդանանա։ Երբ նա մեռավ, Աֆլաթունը վեր առեց հեղուկը, որ իր վարպետի պատվերի համեմատ երեք կաթիլ կաթեցնե նրա բերանը։ Դեռ առաջին կաթիլն էր կաթեցրել, այդ միջոցին սատանան աներևույթ կերպով անցավ նրա մոտից, թևքով զարկեց սրվակին և հեղուկը թափեց։ Լոկմանի մարմնի մի մասը միայն կենդանացավ․ ոտքերից մինչև պորտը, մյուս մասը` մեջքից մինչև գլուխը մնաց մեռած։ Այդ դրության մեջ ապրեց նա մինչև երկու հազար տարի։ Ոտքերը կենդանի էին, ման էին գալիս, բայց գլուխը, թևքերը, մեջքը սկսեց հետզհետե լուծվել, փտել և հող դառնալ։ Նրա աշակերտների բոլոր ջանքը չկարողացավ կենդանացնել նրա մարմնի մեռած մասը, որովհետև Լոկմանը «կենդանության կաթիլների» գաղտնիքը իր մոտ էր պահել։

  1. Լոկման պարսից և արաբական ավանդությունների մեջ համարվում է բժշկության առաջին հեղինակը։
  2. Ալասթու Արիստոտելն է, իսկ Աֆլաթուն՝ Պշատոնը։