Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատկանում էին։ Նրանցից ոմանք, կպած նրա կուրծքին, սանրում էին նրա երկայն ծամերը և մազերը շարում էին մարգարիտներով․ ոմանք աչքերին սուրմա էին քաշում, կամ հոնքերը նախշում էին սևադեղով․ մի խումբ երգում էր, մյուսը ածում էր ոսկյա քնարների վրա։ Ծառերի ոստերից թռչունները ձայնակցում էին հրաշալի երաժշտությանը։ Այդ թռչունները այնքան գեղեցիկ էին, որոնց նմանը ես երբեք տեսած չէի․ նրանց փետուրների վրա շողշողում էին ծիածանի բոլոր վառ գույները։ Նրանք լեզու ունեին, խոսում էին և հասկանում էին մարդու մտքերը։ Այնտեղ բոլոր արարածները խոսում էին։ Տեսնում ես, սիրուն այծյամը, ոսկյա եղջյուրներով, մոտենում է քեզ և շնորհալի կերպով գլուխ տալով, ասում է` «սալամ ալեյքում» (խաղաղություն քեզ)։ Լեզու ունեին մինչև անգամ ծառերը և խոսում էին ավելի քաղցր, ավելի ճարտար, քան թե հրեշտակները։ Հարկավոր չէր ձեռքը մեկնել և քաղել նրանց պտուղները, բավական էր ցանկանալ միայն, և ահա բարձր արմավենին խոնարհեցնում է իր ճյուղերը և դու քաղում ես, ինչ պտուղ որ կամենում ես․ ուզում ես նարինջ — նա կտա քեզ, ուզում ես թուզ — նա կտա քեզ, ուզում ես անանաս — նա կտա քեզ։ Մարդիկը կերակրվում էին գլխավորապես համեղ և անուշահոտ պտուղներով, որոնց տեսակներին թիվ և չափ չկար։ Նրանք խմում էին կաթ և մեղր, որ բխում էին հստակ աղբյուրներից, և միլիոնավոր վտակներով վազում էին ծաղիկների միջից, ընդունելով նրանց անուշահոտությունը։ Բոլորը ինչ որ ուտում էր, ինչ որ խմում էր մարդ, լուծվում էր նրա մեջ, գոլորշիանում էր, և վարդաջրի քարեբույր կաթիլների նման, անզգալի կերպով շոգիանում էր նրա մարմնից։ Այլ կերպ արտադրություն չկար։ Ապականությունը հեռու էր այնտեղից։ Անարատ սրբություն, անվերջ երանություն, անսահման զվարճություն, — այդ էր թագավորում այնտեղ։ Մարդկանց սիրտը լի էր բավականություններով, և հոգին ուրախ զվարճություններով։ Միշտ, անընդհատ կերպով վայելում էին նրանք իրանց շուրջը պատած անսպառ բարությունները, բայց ոչ հագենում էին և ոչ ձանձրանում։ Ամեն մի առարկա նոր ուրախություն, նոր բերկրություն էր բաշխում նրանց։ Միօրինականություն չկար։ Միևնույն առարկան ամեն մի րոպե, ամեն մի վայրկյան առանձին կերպարանքով էր ներկայանում նրանց, և ամեն անգամ իր հետ բերում էր նոր հրապուրանք, նոր հրաշալիք։ Գեղեցիկ, մշտադալար աղջիկները պահպանում էին իրանց հավերժական կուսությունը, որպես նրանց