Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անասնացել էին․ մարդկային շնորհք չէր երևում նրանց մոտ։ Նրանց արևակեզ զավակները, մրջիմի նման, սփռված էին անապատի մեջ, բույսերի արմատներ էին հանում երկրից և նրանով էին հագեցնում իրանց քաղցը։ Ոչինչ չէր կարող այնքան ողորմելի, այնքան անբախտ լինել, որպես այդ մերկ մանկտին, որոնց մոխրագույն դեմքերի վրա ամեևին կյանքի նշույլ չկար։ Ավելի թշվառ էր կնիկների դրությունը։ Այդ ստրուկները մի րոպե հանգստություն չունեին։ Աշխատության մեջ նրանք այն աստիճան կոշտացել, կոպտացել և վայրենացած էին, որ կորցրել էին բոլորը, ինչ որ կանացի է, ինչ որ քնքուշ ու գեղեցիկ է։ Մանկահասակը չէր որոշվում պառավներից, բոլորը մաշվել, թառամել էին վաղահաս ծերության մեջ։ Հագուստ չունեին նրանք, իրանց մերկությունը ծածկել էին գազանների մորթիներով։ Կարծես, մի աներևույթ ձեռք անգթաբար ճնշում էր, հալածում էր, տրորում էր այդ խղճալի հասարակությունը։ Բայց որքա՛ն մեծ եղավ իմ սարսափը, երբ նույն թշվառ կնիկների թվում գտա իմ կնոջը և նույն անբախտ մանուկների մեջ տեսա իմ զավակներին։ «Այստեղ ի՞նչ եք շինում», — հարցրի ես։ — «Մեզ այստեղ բերեցին»․․․ — պատասխանեցին նրանք արտասուքը աչքերում և ընկան իմ գիրկը։ Ես չկարողացա երկար հարցուփորձ անել նրանցից, որովհետև իսկույն հայտնվեցավ մի մարդ գազանային դեմքով և մտրակի հարվածներով քշեց նրանց դեպի անապատը, ասելով․ «գործեցե՜ք, անպիտաններ»․․․ Ես պատրաստվում էի հարձակվել նրա վրա, բռնել, կտոր-կտոր անել, որ իմ աչքի առջև այնպես բարբարոսաբար տանջում էր իմ զավակներին, — բայց հանկարծ զգացի իմ մեջքի վրա մտրակի մի սաստիկ զարկ և լսեցի նրա սպառնալի հրամանը․ «Դե՜ դուք էլ․․․» — և նա ձեռքով ցույց տվեց անապատը։ Ես զարթեցա, բայց ինձ թվում է, որ հենց այս րոպեիս զգում եմ մեջքիս վրա նույն մտրակի դառն ցավը և դարձյալ լսում եմ նրա սպառնական խոսքերը․․․

Մելիքը վերջացրեց․ մի քանի վայրկյան վրանի մեջ տիրեց խորին լռություն, որը ընդհատվեցավ իմամի վարդապետական բացատրությունով․

— Այդ անապատը ներկայացնում է այն կայարանը, ուր պիտի տարվին «գավուրների» զավակները մահից հետո։ Այդ դեռ «ջհաննամի» (գեհենի) նախագավիթն է, եթե դուք մի փոքր առաջ գնայիք, պիտի տեսնեիք «մազե կամուրջը» և նրա տակից հոսող հրեղեն գետը, որ թափվում է դժոխքի մեջ և այնտեղ ձևացնում է