— Ուրեմն ժամանակ կորցնել պետք չէ, — ասաց տիկինը շտապեցնելով, — բայց ես կցանկանայի այդ պատանուն տեսնել նախ քան նրա այստեղից հեռանալը։
Որովհետև կանանոցը բերել նրան անկարելի էր, վճռեցին, կես-գիշերին, երբ բոլորը քնած կլինեն, տիկինը գնա ծերունու վրանը և այնտեղ տեսնե պատանուն։
Գիշերը սաստիկ մութ էր։ Ամպամած երկնքից մի աստղ անգամ չէր երևում։ Անտառի ծառերը շարժվում էին մեղմ քամուց, տարածելով իրանց շուրջը մի խորհրդավոր, կախարդական սասափյուն։ Հովիվների վրաններից հեռու, մի ձորի մեջ գիշերային լռությունը ընդհատվում էր խուլ հեկեկանքով․ մի պատանի, գլուխը դրած փոքրիկ բլրակի վրա, լաց էր լինում։ Արտասուքը հեղեղի նման թափվելով նրա աչքերից, թրջում էր հողը, որից կազմված էր այդ բլրակը։ Այստեղ թաղված էին դիակները այն թշվառների, որ բռնության, հարստահարության երեսից հալածված, իրանց անձները այրեցին խանի դատարանի առջև։ Ինքնակամ մահով նրանք բողոքեցին տիրող անարդարության, անգթության դեմ․ իրանք մեռան, բայց անարդարությունը մնաց․․․
Պատանին լաց էր լինում, և կարծես, նրա ալեկոծված կուրծքից դուրս էին թռչում այս հառաչանքները․ «Թո՜ղ վկա լինի հայրենիքի այդ սուրբ հողը, որ ծածկում է ձեր մարմինները, թող վկա լինեն այդ անտառի ծառերը, որ տարածում են իրանց հովանին ձեր գերեզմանի վրա, թող վկա լինեն հայոց լեռները և նրանց մեջ բնակվող բոլոր չար ու բարի ոգիները, որոնք ականատես եղան ձեր տառապանքին, վերջապես թող վկա լինի այդ անգութ երկինքը, որ տեսավ ձեզ կրակի բոցերի մեջ, որ հոտոտեց ձեր այրվող մարմիններից բարձրացած ճենճերային ծուխը և դարձյալ սառնսիրտ մնաց դեպի անմեղ զոհերի տանջանքը․․․ — ես երդվում եմ, երդվում եմ հայ շինականի խրճիթի օջախով, որ հանգած է բռնակալի ձեռքով, երդվում եմ հայ կնոջ և հայ աղջկա պատվով, որ բռնաբարված է մահմեդականի կրքերով, երդվում եմ հայ երկրագործի արորով և քրտինքով, որոնց վաստակը հարստահարվում է, երդվում եմ հայրենիքի սուրբ հիշատակով, որ օտարի լծի տակ ճնշվում է, — վերջապես երդվում եմ այդ գերեզմանով, որ ամփոփում է ձեր անմեղ մարմինները, ես պիտի վրեժխնդիր լինեմ․․․ պիտի վրեժխնդիր լինեմ չարության, անարդարության և բռնության դեմ։ Այս րոպեից հանդիսավոր ուխտ եմ դնում կռվել և մինչև մահ կռվել հայրենիքի ազատության համար։ Այն օրը ձեր ոսկերքը կհանգստանան