պատանուն, բոլորովին զմայլեցավ․ նրա քնքուշ, սիրող սիրտը լցվեցավ այն քաղցր զգացմունքով, որ տիրում է հարազատ քրոջ սրտին, երբ նա առաջին անգամ տեսնում է կարոտած եղբորը, երկար տարիների անջատումից հետո։ — «Ո՛րքան սիրուն է, որքա՛ն մեծացել է իմ եղբայրը», — ասում է նա և փաթաթվում է նրա պարանոցին։
Զգացմունքի այդ տեսակ արտահայտություններ տեղի չունեցան։ Պատանին տիկնոջ ոչ եղբայրն էր և ոչ ազգականը, այլ մի որդ, հայրն ու մայրը կորցրած տղա, որ ինքն էլ մի բախտով ազատված էր նույն կրակի բոցերից, որ այրեցին նրա ծնողներին։ Պատանու այդ վիճակը ազդում էր տիկնոջ մեջ ցավակցություն, մաքուր սիրո հետ խառնված։
— Ինչպե՞ս է անունը, — հարցրեց նա, դառնալով դեպի ներքինապետը։
— Դավիթ, ձեր ծառա, — պատասխանեց ծերունին։
— Դավի’թ, — բացագանչեց տիկինը խորին տհաճությամբ, կարծես ափսոսելով, որ մի այդպիսի գեղեցիկ, անարատ պատանին կրում է իր չարագործ հոր անունը։
Բայց մանկահասակ Դավիթը մնացել էր բոլորովին զարմացած, ամոթխածությունից չգիտեր ինչ անել, երբ նկատում էր` մի նազելի, շքեղ կերպով հագնված կին նրա վրա ուշադրություն էր դարձնում։ Այդ կինը, անտարակույս, խանի հարեմներից մեկը պետք է լիներ։ Բայց մի՞թե պարսիկ կնոջ մեջ կարող էին լինել այն աստիճան քնքուշ զգացմունքներ դեպի մի անբախտ հայ պատանի։ — Այդպես էր մտածում նա, երբ ծերունի ներքինապետը ասաց նրան, թե տիկինը քրիստոնյա է, և հայտնեց նրան ում աղջիկը լինելը։
Կարծես, մի սուր ցցեցին պատանու սրտի մեջ․ նա լսեց այն մարդու անունը, որ իր հոր, իր մոր, իր ազգականների դահիճն էր, իսկ այդ նազելի կինը — նրա աղջիկը։ Տիկնոջ բոլոր արժանավորությունները, որ այնքան հարգելի էին երևում նրա աչքում, իսկույն կորցրին իրանց նշանակությունը։ Պատանին այժմ նայում էր նրա վրա, որպես մի թշնամու վրա, որին պատրաստ էր պատառոտել։ Նա երեսը շուռ տվեց և կամենում էր դուրս գալ վրանից։
— Հասկանո՛ւմ եմ քո արդար վրդովմունքը, ազնիվ պատանի, — ասաց տիկինը, նրա ձեռքից բռնելով․ — բայց անբախտ աղջիկը ինչո՞վ է հանցավոր, որ քավե չարագործ հոր մեղքը․․․ Ես հավատում եմ աստուծո արդարությանը, և հույս ունեմ, որ այդ