Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Վրաստանը, Դավիթ, քանի՞ — քանի՞ անգամ վայելել է հայ մարդու օգնությունը։ Բայց միշտ ապերախտ, միշտ անշնորհակալ է մնացել դեպի հայը։ Եթե այդ անհոգ, թեթևամիտ ազգը այսօր գոյություն ունի, դրանով նա պարտական է հայերին։ Հայաստանը, իբրև մի բնական վահան, միշտ պաշտպանել է նրան պարսիկների, արաբացիների և մոնգոլների հարձակումներից։ Արևելքից հեղեղի նման եկած բոլոր բարբարոսների արշավանքները թափել են իրանց անգթությունը Հայաստանի վրա և անցել, իսկ Վրաստանը միշտ մնացել է թաքնված մեր ետևում։ Եվ եթե պատահել է մեզ նրանցից օգնություն խնդրել, միշտ սուտ խոստումներով խաբել են մեզ։ Բայց հայը, միամիտ հայը, միշտ մնացել է հավատարիմ, միշտ անձնվեր և միշտ զոհաբերող դեպի օտարը։ Նա թողել է իր տան գործը, մոռացել է իր ցավերը և օտարի տան հոգսն է հոգացել։ Նա թողել էր իր երկրի ավերակները և օտարի համար պալատներ է կանգնել։ Նա մոռացել է իր խորտակված գահն ու գավազանը և օտարի դրոշի փառքն է բարձրացրել։ Մի՞թե այդ բոլորը դու չտեսար մեր պատմության մեջ․ — ահա դրանում է մեր գլխավոր հիվանդությունը։ Մենք մեզ ծառայել չգիտենք մենք մեզ համար անշնորհք ենք, իսկ օտարի համար շնորհալի։ Եթե հայոց բոլոր հանճարները վատնված չլինեին հօգուտ օտարների, եթե նրանք ծառայած լինեին իրանց հայրենիքին, ես հավատացած եմ, որ այսօր Հայաստանը այս թշվառ դրության մեջ չէր լինի․․․

Իմ խոսքը, դու էլ կհասկանաս, Դավիթ, ավելի ազնիվ և բարեխիղճ ծառայողների մասին է, որոնք թեև իրանց հայրենիքին մի օգուտ չեն հասցրել, բայց ուղղակի վնաս էլ չեն տվել։ Իսկ ո՜րքան շատ է այն դավաճանների թիվը, որոնք մի արյունոտ գործիք դառնալով օտարների ձեռքում, սկսել են իրանց հայրենիքը ավերակ դարձնել, սկսել են իրանց հարազատ եղբայրներին կոտորել։ Թե առաջիններին և թե վերջիններին ես շատ չեմ զանազանում միմյանցից։ Զանազանությունը այսքան է միայն, որ մեկը վնասում է ուղղակի կերպով, գիտակցաբար, իսկ մյուսը վնասում է կողմնակի կերպով, անգիտակցաբար։ Մեկը, իբրև ծախված դավաճան, Վասակի նման արյունով և կրակով լեցնում է Հայաստանը, իսկ մյուսը, իբրև բարեխիղճ Վարդան, պարսից զորքերի գլուխն անցած, Քուշանների հետ է պատերազմում և իր հաղթություններով ուժ և զորություն է տալիս Հայաստանի թշնամուն։ Ի՞նչ ես կարծում, Դավիթ, դա նույնքան վնասակար չէ՞,