նրա սեփական գյուղի ճորտերից։ Այդ գյուղը Բեկը ընծա էր ստացել վրաց թագավորից, այն փառավոր հաղթությունից հետո, որ նա կատարեց լեզգիների դեմ։ Բեկի ամբողջ տնտեսությունը այդ ընտանիքի ձեռքումն էր․ հարսները և աղջիկները ծառայում էին որպես աղախիններ, իսկ տղամարդիկը՝ որպես սպասավորներ։ Նրանք ընտանեբար, առանց քաշվելու, անդադար ներս էին մտնում և դուրս էին գալիս, իրանք էլ չհասկանալով, թե ինչ բանով են զբաղված։ Բեկը հրամայեց ընթրիք պատրաստեն։
Մի քանի կնիկներ մոտեցան խարույկին, հատակի կենտրոնում թավալված գերանների ծայրերը մոտեցրին միմյանց, կրակը բոցավառվեցավ, տարածելով իր շուրջը խիստ ախորժ լուսավորություն։ Խարույկի վրա, առաստաղից քարշ էին ընկած մի քանի շղթաներ, ջահեր կախ տալու շղթաների նման։ Նրանց ծայրերը վերջանում էին կեռ կարթերով և հասնում էին մինչև խարույկը։ Նրանցից կրակի վրա քարշ էին տալիս մեծ և փոքրիկ կաթսաներ, երբ պետք էր մի բան եփել։ Կնիկները քարշ տվեցին կաթսաները և սկսեցին ընթրկքի պատրաստություն տեսնել։
— Այսօր բերած փասիաններից մի քանիսը խորովեցինք, — ասաց Բեկը, դառնալով դեպի կնիկները։
— Տեր ես, — պատասխանեցին կնիկները խորին հաճությամբ, և նստելով կրակի շուրջը, մերկ գետնի վրա, սկսեցին միևնույն սենյակում փետրահան անել փասիանները, որոնք Բեկի այն օրվա որսորդական արդյունքն էին։
Բեկը դարձյալ շարունակեց իր խոսակցությունը նամակաբերի հետ Սյունյաց աշխարհի վրա։ Բայց երկու մանկահասակ կնիկների մեջ անց էր կենում մի այլ, ավելի հետաքրքիր խոսակցություն։
— Ի՞նչ սիրուն փետուրներ են, — ասաց նրանցից մեկը, Թիման, մի առանձին հրճվանքով․ — եթե այդ փետուրներն էլ հավաքելու լինեմ ինձ համար, իմ փետուրե բարձը լցված կլինի, կդնեմ գլխիս ու այսպես անուշ քնով կքնեմ։ — Վերջին խոսքերի արտասանելու միջոցին երիատասարդ կինը ձեռքը դրեց ականջին, գեղեցիկ աչքերը խփեց և գլուխը մի կողմ թեքեց, ցույց տալու համար, թե ինչպես անուշ քնով պիտի քնե։
Թինայի այդ երևակայական բավականությունը գրգռեց նրա աշխատակցի՝ Դարոյի նախանձը և հետևապես նրա բարկությունը, և նա սաստիկ խթելով Թինայի կողքը, ասաց․
— Ինչո՞ւ, միայն քեզ համար, խոզի զավակ, ապա ես բարձ չե՞մ ուզի։ Ինչ որ լինի՝ ինձ համար։ Ես էլ կուզեմ․․․