Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեսակ հին և նոր զենքեր, զանազան տեսակ անոթներ։ Այնտեղ կարելի էր տեսնել երկաթե մանր օղակներից հյուսված շապիկներ, որ զրահի տեղ էին գործածվում։ Այնտեղ կային պարսկական ճաշակով շինված, հնադարյան սաղավարտներ երկաթե վակասներով։ Այնտեղ կային վահաններ, նիզակներ, տապարներ, որ կրում էին վաղեմի ժամանակների արհեստի կոշտությունը։ Դրանց թվում կարելի էր տեսնել և նոր ժամանակի զենքերը․ թրեր, ատրճանակներ, հրացաններ, լեզգու խենջարներ, բոլորը բավական գեղեցիկ և շքեղ կերպով պատրաստված։ Դրանց շարքում զետեղված էին՝ ահագին եղջյուրներից շինված և արծաթով պատած գինու գավաթներ, զանազան տեսակ չիբուխներ, գունավոր փայտից շինված գինու սրվակներ, որսորդական փողեր, մի խոսքով բոլորը, ինչ որ կայացնում էր տան տիրոջ գլխավոր հարստությունը։

Սենյակի մյուս պատերի վրա Աղասին տեսնում էր քարշ ընկած ավելի հասարակ առարկաներ, որպիսիներն էին՝ ձիու սանձեր, թամքերի պարագայք, մարդիկ կամ ձիաներ բռնելու առասանակներ (արկան), և դրանց թվում կարելի էր տեսնել մինը մյուսի հետ կապված, խեցեղեն փոքրիկ թմբուկներ, դայիրաներ, որոնք մանկահասակ հարսների և աղջիկների երաժշտական սեփականությունն էին։

Բեկը վերջացնելով հանրագրի կրկին ընթերցումը, դարձավ դեպի Աղասին այդ հարցով․

— Դու այստեղ գալու ժամանակ Ֆաթալի խանը Ղափանո՞ւմն էր, թե մի ուրիշ տեղ։

— Խանը Ղափանում չէր, — պատասխանեց Աղասին, սրտում ուրախանալով Բեկի հետաքրքրության մասին, — ես գալու ժամանակ նա իր ցեղով անցել էր Արաքսը Ղարադաղի լեռների վրա ամառը անցկացնելու համար։

— Իհարկե, նա այնտեղ կմնա մինչև աշնան վերջը։

— Իհարկե, կմնա․ խաշնարածները, մինչև ջուրը չսառչի, չեն վերադառնում իրանց ամառանոցից։

Վերջին տեղեկությունները մի հուսադրական ուրախություն ազդեցին Բեկի սրտին և նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը փոքր-ինչ պայծառացավ։ Նա այժմ գտնվում էր այն հոգեկան բերկրանքի մեջ, որպես մի մարդ, որ տեսնում էր իր առջև նպաստող հանգամանքներ, որոնք կարող էին հասցնել ցանկալի նպատակին։

Նրա մտածությունները ընդհատեց մի աղմուկ, որ լսելի եղավ դրսից։