նրա մոտ։ Այսպես էլ Դավիթ բեկի հռչակվելը հրապուրեց դեպի Վրաստան հայոց երիտասարդներից շատերին։ Ամեն կողմից հայ փախստականներ, անաջողակներ, բախտախնդիրներ, գալով նրա մոտ, սիրալիր ընդունելություն էին գտնում և նրա օգնությամբ ծառայության մեջ էին մտնում։ Բեկը մեծ հավատ ուներ հայերի քաջության, խելքի և հավատարմության վրա, այս մտքով աշխատում էր, որքան կարելի է, իրան շրջապատել իր համազգիներով։ Այսպիսիների թիվը քսանից ավելի կլիներ, որոնցից մեկն էր Բայինդուր իշխանը։ Բեկի դուռը ամեն ժամանակ բաց էր նրանց առջև և նրա սեղանը բոլորի համար հասարակաց էր դարձել։ Դրանով պետք է բացատրել Բայինդուր իշխանի ընտանիությունը, որով այնպես տիրաբար էր վարվում Բեկի գինու կարասների հետ։
— Հիմա դու կտեսնես այստեղի նշանավոր հայ տղամարդերից մի քանիսին, — ասաց Բեկը՝ դառնալով դեպի Աղասին, — նրանցից ոմանք մեր աշխարհիցն են։
Աղասին անհամբերությամբ սպասում էր Բայինդուր իշխանի վերադարձին, որ գնաց հյուրերին դիմավորելու։ Քեթևանը տհաճությամբ մրթմրթում էր․ հյուրերի այցելությունները ոչ ոքին այնքան նեղություն չէին պատճառում, որպես նրան։ Պառավ տանտիկինը ստիպված էր մինչև առավոտ անքուն մնալ, որին խիստ կարոտ էին նրա հոգնած և մաշված անդամները։ Իսկ այս գիշեր նրա տհաճությանը չափ չկար, երբ Բեկը հրամայեց կերակուրների թիվը ավելացնել։
Դռնից լսելի եղավ պարկապզուկի[1] մեղմ հնչյունները, որոնց ներդաշնակում էր աշուղի տխուր երգը․
Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ,
Թե ինձ չտաս դու մի պաչիկ,
Ես պարոնին գանգատ կանեմ,
Սրտիս ցավը նրան կհայտնեմ։
Աղջիկ, աղջիկ, սիրուն աղջիկ,
Թե չդառնաս դու իմ կնիկ,
Ես պարոնին գանգատ կանեմ,
Քո մոր գրկից քեզ կխլեմ։
- ↑ Վրացիք կոչում են ստվիրի։