սկսե պարը։ Մի անմեղ ուրախություն, իր բոլոր ողջախոհական պարզությամբ փայլում էր այդ թիթեռնիկի պես անհոգ, մանկահասակ աղջիկների դեմքի վրա։ Նրանք դեռ հյուրերի գալուց շատ առաջ մի առանձին խնամք էին տարել իրանց զարդարանքի վրա և ամեն մեկը հագել էր իր պահեստից ինչ որ նոր էր, ինչ որ լավն էր։ Այժմ կազմ և պատրաստ, մնում էր նրանց թռչկոտել, թռչկոտել թեկուզ մինչև լույս։
— Առաջ դու սկսիր, զավակս, — ասաց Բայինդուր իշխանը, բռնելով ամենակրտսեր քրոջ` Նինոյի ձեռքից և կանգնեցնելով նրան մեջտեղում։
Նինոն շարժվեցավ։ Թինան իր դալար մատներով սկսեց ածել փոքրիկ բոժոժներով զարդարած դայիրան, իսկ Դարոն փայտյա բարակ ձողերով սկսեց տըկտըկացնել խեցեղեն թմբուկները։ Աշուղն էլ զոռ էր տալիս իր պարկապզուկին։ Բոլոր հյուրերը երաժշտության եղանակի համեմատ սկսեցին ծափ տալ։
Նինոն պարում էր։ Նրա բոլոր անդամները շարժողության մեջ էին, և կարծես մինը մյուսի հետ մրցություն էին անում, թե որը ավելի արագ, թե որը ավելի սքանչելի կերպով կարող է պտույտներ գործել։ Հոգնած Նինոյից հետո սկսեց Փեփելոն և ապա Սոփիոն։ Երկու մյուս քույրերի պարը ոչնչով չէր զանազանվում առաջինից, միայն դրանք ավելի ծափահարություններ ստացան գլխավորապես այն պատճառով, որ իրանց պտույտների և թռիչքների մեջ ցույց տվեցին զարմանալի ճարպկություններ։
Երբ ընդհանուր զվարճությունը ավելի տաքացավ, պարի մեջ խառնվեցան և հյուրերից մի քանիսը։ Նախ սկսեցին Սոսիկոն և Դաթիկոն, երկու վրացի ազնվականները միասին։ Դա իսկապես պար չէր․ նրա մեջ չկար ոչ վայելչություն և ոչ կիրթ ճաշակ․ — դա լեզգիների գրգռված ջղերի արդյունաբերությունն էր, երբ լեռնական մարդը իր ուրախության, իր հոգու ցնցումները արտահայտում է վայրենի, անկանոն շարժումներով և կատաղի թռիչքներով։ Այդ իսկ պատճառով այդ պարը կոչվում էր լեզգու պար, տղամարդերի մեջ նա դեռ պահպանել էր իր վայրենի բնավորությունը, իսկ կնիկների մեջ բավական մեղմացած էր։
Բաբելոնյան խառնակությունը բոլորովին ընդհանուր դարձավ, մանավանդ այն ժամանակ, երբ սպասավորների խումբը դրացի սենյակից իրանց զուռնայով ներս մտան։ Ծառաները խառնվեցան իրանց տերերի հետ և սկսեցին միասին պարել։ Այդ միջոցին Թինան և Դարոն, որ մինչև այժմ ածում էին դայիրայի ու թմբուկի