Այս էջը սրբագրված է
Խրճիթը, ուր ներս տարավ Հարունը իր հյուրերին, բաղկացած էր երկու փոքրիկ սենյակներից, որոնցից մեկը ծառայում էր որպես մթերանոց և բովանդակում էր իր մեջ նրա տնտեսության բոլոր պարագայքը, անկարգ, խառնիխուռն կերպով ածված միմյանց վրա, — իսկ մյուսը նրա քնարանը, հյուրանոցը, խոհանոցը, մի խոսքով, ամեն ինչն էր։
— Բարով, հազար բարով, իմ աչքիս վրա, իմ գլխիս վրա, համեցեք, նստեցեք, — ասաց հրեան խնդրելով նստել։
Ջումշուդը և Աղասին մնացին ոտքի վրա, իսկ նրանց տերը աչք ածեց իր շուրջը, մի հարմար տեղ չգտավ նստելու համար։ Սենյակի հատակը բավական ցած լինելով բակի հատակից, անձրևի ջուրը դռան շեմքից ներս էր թափվել և լճացել էր սենյակի մեջ։ Միակ տեղը, որ իր բարձրությամբ ազատ էր մնացել այդ ջրհեղեղից, էր տանտիկնոջ սնդուկը, որ նա բերել էր որպես օժիտ իր հոր տնից։ Նրա վրա նստեց իշխանը։ Ջումշուդը և Աղասին դուրս գնացին, երբ նկատեցին, որ այլևս իրանց տիրոջը պետք չեն։ Անձրևը դադարել էր։ Գարնանային երկինքը այժմ պարզ էր հայելու նման։ Աստղերը ժպտում էին։ Փոթորիկը անցել էր, ինչպես մի քմահաճ երեխա, որ հանկարծ բարկանում է, աղմուկ, արտասուք և աղաղակ է բարձրացնում, և քանի րոպեից հետո կրկին հանգստանում է, սկսում է ծիծաղել։
Ջումշուդը և Աղասին գնացին ձիաների մոտ, որ կապած էին բակում։ Նրանցից մեկը բարձրացավ հարևանի կտուրի վրա, ուր խոտ էր դիզված, մի քանի խուրձ գողացավ, բերեց, ցրվեց ձիաների առջև։ Հետո երկուսն էլ նստեցին հավաբույնի վրա, սկսեցին ծխել։
Իշխանը դեռ նստած էր սնդուկի վրա։ Հարունը նրանից փոքր-ինչ հեռու պպզել էր, մեջքը տալով պատին և չհամարձակվելով նստել, որովհետև գետինը թաց էր։ Տանտիկինը այդ միջոցին մի խեցեղեն ամանով սենյակում լճացած ջուրը հավաքում էր և դուրս էր թափում։ Երկու երեխա, միմյանց գրկած, պառկած էին ցեխի մեջ և ոչինչ չէին զգում։ Նրանց մայրը իր աշխատությունը մասամբ վերջացրել էր այժմ․ սենյակում այլևս ջուր չկար, միայն սաստիկ ցեխ էր․ պետք էր չորացնել նրան։ Նա բոբիկ ոտներով, մերկ սրունքներով, ներքին հագուստը մինչև ծնկները վեր քաշած, ցեխը կոխ տալով, դուրս գնաց։ Մի րոպեից հետո նա վերադարձավ, բերելով իր հետ, գոգնոցի մեջ ածած, ցամաք մոխիր, և սկսեց սփռել հատակի վրա։ Այդ գործողությունը մի քանի անգամ