Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


օդը, արձակ կյանքը նրա վրա խիստ բարերար ազդեցություն գործեցին։ Եղանակի խստությունից կոշտացած և արևից այրված նրա դեմքը թեև այժմ կորցրել էր իր նախկին քնքշությունը, բայց ավելի այրական կերպարանք էր ստացել, որ արտահայտում էր երկաթի առողջություն և մարմնի անհամեմատ զորություն։ Նրան այժմ դժվար էր ճանաչել իր հովվական նոր հագուստի մեջ, որ ոտքից մինչև գլուխ բաղկացած էր անասունների կամ մորթից կամ կաշուց։ Գլխին դրած ուներ մուրգուզ այծերի մի տեսակն է, որ երկայն, գանգրահեր մազեր ուներ այծի մորթից գտակը, որի երկայն, գանգուր մազերը թափվում էին մինչև երեսի կեսը, կիսով չափ ծածկելով աչքերը։ Այդ տալիս էր նրա դեմքին մի ահավոր արտահայտություն։ Շապիկի վրա հագել էր գառան մորթից պատրաստած կարճ մուշտակը, գոտևորած նեղ, կաշյա փոկով, որից քարշ էին ընկած լեզգու խենջարը, վառոդի և գնդակի ամաններ, և յուղով լցրած, երկաթի մի տուփ` զենքեր օծելու համար։ Մուշտակի լերկ սեկը ծառայում էր որպես երես, իսկ մազոտ կողմը որպես աստառ։ Լայն շալվարը պատրաստված էր տեղային կոշտ չուխայից, որի ստորին մասը, ծնկներից ցած, հավաքված էր կաշուց կարած զանկալների մեջ։ Հետո մերկ, առանց գուլպայի ոտների վրա կապել էր տրեխները։ Հայրենիքից բերած իր բոլոր հարստությունը — ձին, հագուստը, փողերը — ծախսելեն հետո նա կարողացավ պահել զենքերը միայն։ Ներքինապետի թանկագին ընծան, Սյունյաց աշխարհի մի հզոր թագավորի թուրը, նա խնամքով փաթաթելով, պահ էր տվել իր նոր խնամակալի` Սիկոյի տանը․ նրան չէր գործածում, իսկ մնացածը` հրացանը, ատրճանակները և խենջարը գործ էր ածում։ Ավազակների բազմությունը առիթ էր տվել հովիվներին ցուպի հետ կրել և հրացան, իսկ մախաղի հետ` գնդակի ու վառոդի ամաններ։ Հաճախ կրկնվող գողությունները պատճառ էին տալիս պատանի Դավթին անդադար կռվել վտանգների դեմ։ Նա գործ ուներ բացի ավազակներից և գազանների հետ։ Լեռները, անտառները լիքն էին գայլերով, արջերով և վագրերով, իսկ դրանցից ավելի վատթար էին վայրենի օսերը, իմերելները, խեվսուրները և կովկասյան լեռների բազմաթիվ, խառնիճաղանջ ցեղերը։ Ամենի դեմ պետք էր պահպանել հոտը, ամենի հետ պետք էր կռվել։ — Ահա այդ սրի, վառոդի և արյան դպրոցից ստացավ պատանի Դավիթը իր սկզբնական պատերազմական կրթությունը։