Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թե լսածը Թամարի խոսքերն էին։ Նա շտապով վազեց օրիորդի հետևից, որ գոնե միանգամ ևս տեսնե նրան, բայց նա աղախինների խումբի հետ գնացել, հեռացել էր արդեն։ Այդ միջոցին թուփերի մեջ թաքնված դարանակալը դուրս եկավ իր գաղտնարանից, և զարտուղի ճանապարհներով վազ տալով, հասավ իր ընկերուհիներին։

Այնուհետև պատանին ամեն առավոտ, դեռ վաղորդյան ցողը չբարձրացած, քաղում էր լեռներից Թամարի սիրած ծաղիկները, փունջեր էր կապում, գցում էր աղբյուրների հստակ ջրերի մեջ, որ թարմ ու անթառամ մնան Թամարին ընծայելու համար։ Բայց ծաղիկները օրերով, շաբաթներով մնում էին աղբյուրների մեջ, գունատվում էին, թառամում էին, իսկ Թամարը չէր երևում։ Պատանին նորերն էր քաղում, նոր փնջեր էր կապում, բայց Թամարը չէր գալիս ու չէր գալիս նրանց տանելու համար։ Ի՞նչ էր պատահել, արդյոք հիվա՞նդ էր նա, — պատանին ոչինչ տեղեկություն չուներ։ Վերջին տեսությունից հետո անցան շաբաթներ, անցան ամիսներ, նա Թամարին չէր տեսել։ Նա բոլորովին կորցրեց իր սրտի ուրախությունը և օրըստօրե սկսեց ավելի տխուր, ավելի լուռ ու մունջ լինել։ Պատանու տրտմությունը, նրա անմխիթար հալումաշ լինելը, չէր կարելի, որ աննկատելի մնար իր ընկերներից, որոնց բոլորի ուրախությունն էր նա, որոնք անդադար հարցնում էին նրա թախծության պատճառը, բայց ոչինչ չէին կարողանում դուրս բերել լուռ և ծածկամիտ Դավթից։

Սիկոյի իրավասության ներքո գտնվող հովիվների թիվը, բացի Դավթից, վեց հոգի էր։ Դավիթը իր բնավորության քաղցրությամբ սիրլի էր դարձել ամենին։ Ոչխարների հանգստի մոտ, գիշերային խարույկի շուրջը բոլորած, պատանին շատ անգամ զվարճացնում էր նրանց իր երգերով։ Որպես սյունեցի, գիտեր նա ածել թառի վրա և խիստ հաջողակ ձայն ուներ․ բայց վերջին օրերում նրա ձայնը բոլորովին լռեց;

— Ի՞նչ է պատահել քեզ հետ, — մի գիշեր հարցրեց պատանի Գեվոն, գտնելով նրան ոչխարների կայարանից հեռու, պառկած մի ժայռի մոտ։

— Ոչինչ, — պատասխանեց Դավիթը, իր տեղից չշարժվելով, — քեֆս մի փոքր լավ չէ, կարելի է մրսած լինեմ։

Դավթի ընկերների մեջ Գեվոն միակն էր, որ բոլորից ավելի մտերիմ էր նրա հետ, և վերջին ժամանակներում լռությամբ հետազոտում էր նրա դրությունը, թեև ընկերոջը ոչինչ չէր հայտնում։