Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն, որ հազիվ նկատելի կերպով շարժվում էր դեպի հանդեսի տեղը։ Բայց որքան մոտենում էր խումբը, այնքան ընդարձակվում էր, այնքան խուռն կերպարանք էր ստանում։

— Տե՜ս, տե՜ս, այն սև ձիավորը մեծ պարոնն է, որ բոլորից առաջ է ընկած, — ցույց էին տալիս միմյանց գյուղացիները։

— Նրա ետևի սպիտակ ձիավորն էլ Արչիլ թավադի որդին է։

— Այն կարմիր ձիավորն էլ Լևան թավադի որդին է, որ Արչիլի կողքովն է քշում։

— Այն կապույտ ձիավորն էլ Ալեքսի թավադի որդին է։

— Չէ, Զաքարան է, Ալեքսին կապույտ ձի չունի, — ուղղում էր նրան մոտի կանգնած գյուղացին․ — Ալեքսու ձին դեղին գույն ունի։

Այսպես հեռվից վիճում էին միմյանց հետ, մինչև բոլորովին մոտեցավ խումբը։ Թե Մցխեթի, թե շրջակա գյուղերի բոլոր զուռնաչիները, բոլոր նաղարաչիները, միասին հավաքված, կազմել էին մի ահագին նվագախումբ։ Զուռնայի զիլ, ճլվլուն, ականջ ծակող ձայնը, նաղարայի վայրենի դըմբդըմբոցը, միախառնվելով, դղրդեցնում էին լեռները մի խառնաձայն, անախորժ ներդաշնակությունով, թեև դա բոլորին դուր էր գալիս, բացի այն լեռների վրա արածող ոչխարներից, որոնք խրտչելով, սկսան այս կողմ և այն կողմ փախչել, և բացի հովիվների շներից, որոնք այդ անակնկալ աղմուկը լսելով, սկսեցին դառն ձայնով ոռնալ, սկսեցին հեծկլտալ, կամ բարկացած կերպով հաչել։ Այդ իմաստուն արարածները, երևի, ավելի կիրթ ճաշակ ունին, քան թե ամբոխը, որ այդ միջոցում հիացած էր այդ տարօրինակ երաժշտությունով։

Նվագախումբը բոլորից առաջ էր ընկած և ածում էր։ Նրանց ետևից հանդիսավոր կերպով բերում էին այն անասունները, որ այսօր պիտի մրցություն անեին միմյանց հետ։ Նախ բերում էին մեծ պարոնի երևելի խոյը, կապված մի երկայն շղթայով, որի մեջտեղը անց էր կացրած խոյի պարանոցով, իսկ շթայի երկու ծայրերը բռնել էին երկու ուժեղ մարդիկ։ Նրա ահագին, ոլորապտույտ եղջյուրները ներկել