մեջ․ այդ պատճառում էր նրա մորը չափազանց ուրախություն, որ իր որդին էլ մի բանով զբաղված է։ Արչիլը խորովածի շամփուրները սկսեց դարսել կրակի վրա, անդադար այս սպասավորին, այն աղախնին ուշունցներ տալով, թե միսը մանր են կոտորել։ Զաքարան խաշլամա միսը կաթսաներից դուրս էր տալիս, լցնում էր պղնձե պնակների մեջ, և մի կողմիցն էլ ինքը ճաշակելով, բարձր ձայնով բացականչում էր․ «Ա՛խ, քո հոգուն մատաղ, ի՞նչ լավ եփվել է․․․»։ Ալեքսին մեծ պարոնի մառանից բերած գինիները լցնում էր լիտրաների մեջ, նախապես ինքը բոլորի համը առնելով և ամեն մեկի հատկությունները առանձին-առանձին գովասանելով։ Մեկ ուրիշը բոլոր ձայնով գոռում էր․ «Աղը ո՞րտեղ է, ձեր տունը չքանդվի, աղ չկա, աղը մոռացել են շանորդիքը․․․»։
Սպասավորները, աղախինները, որոնք առաջ դաշտային խոհանոցի մոտ աշխատում էին, նկատելով, որ այդ զբաղմունքը բավականություն է պատճառում իրանց տերերին, ամենայն խոնարհությամբ թողնում էին շատ պատրաստություններ նրանց կատարելու։ Այդ տեսնելով թավադի որդիների տիկինները, նրանց քնքուշ քույրիկները, իրանք էլ նախանձվեցան, սկսեցին մյուս կողմից այս և այն սպասավորությունը կատարել։ Մի րոպեում բոլոր սեղանակիցները ոտքի վրա էին, և ընդհանուր շարժողության մեջ, մինը մյուսի ձեռքից գործը խլում էին։ Մելանիան գինի խմելու եղջյուրներն էր մաքրում։ Պառավ իշխանուհին, վերջացնելով իր երկար ու ձիգ խոսակցությունը Թամարի խորթ մոր հետ, անդադար հարցնում էր մեծ պարոնից․ «Առաջ խորովա՞ծը լավ է որ տան, թե՞ խաշլաման»։ Բայց երկուսն էլ մի վճռական եզրակացության չէին հասնում, որովհետև կարծիքները երբեմն թեքվում էին խորովածի կողմը, իսկ երբեմն՝ խաշլամայի կողմը։ Թամարի խորթ մայրը պանիր էր դարսում փոքրիկ նալբաքիների մեջ։ Անգործ չմնաց և մեծ պարոնի տիրուհին․ այդ վերջինն էլ, որպեսզի մի բանով զբաղված լինի, դերիայի փեշերը վեր քաշած, նստած տեղում սոխ էր կոտորում, ինչի՞ համար, — ինքն էլ չգիտեր։
Մի քանի րոպեի մեջ սեղանը պատրաստ էր։ Գինու լիտրաները շարված էին նրա շուրջը․ լավաշների վրա դիզված էին խորովածի կույտեր․ պղնձե պնակների մեջ լցված էր եփված խաշլաման։ Այնտեղ կար մեծ քանակությամբ կարմիր ձու, որը զատկի հիշատակը պահպանելու համար դեռ մոռացված չէր․ այնտեղ