Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սիրում է Թամարին և Թամարն էլ սիրում է իրան․ թե աշխարհի բոլոր փառքը, բոլոր հարստությունը իր աչքում արժեք չունեն, միայն թե Թամարը իր կինը լիներ։ Բայց նա այդ չխնդրեց․ նա իրան դեռ այնքան անարժան էր համարում, որ Թամարի մասին մտածելն անգամ թվում էր նրան չափազանց անհամեստություն։

— Մեծերի կամքը սուրբ է, — պատասխանեց պատանին, երբ մեծ պարոնը մյուս անգամ դարձավ նրան․ — ինչ որ շնորհելու լինի իմ տերը, ես գոհ կլինեմ և աղոթող նրա թանկագին կյանքի համար։

— Աստված է վկա, այդ տղան լավ տղա է, — դարձյալ խոսեց Արչիլը։ — Երկար հարցուփորձ պետք չէ, Դավիթը թավադության արժանի է, — ավելացրեց նա։

— Արժանի է, — կրկնեց տիրուհին, հաստատելով Արչիլի խոսքը։ — Պանդուխտ է, օտարական է, այստեղ ոչ ոք չունի, ես նրան կվերառնեմ մեր տանը, որպես իմ որդու ընկեր և նրա դաստիարակ։ — Տեսնո՞ւմ եք, ի՛նչ խելացի տղա է․ այսքան խելք մեր վարդապետներն էլ չունեն։

Պատանին հովվի օգնականից հանկարծ դարձավ մեծ պարոնի ժառանգի ընկեր և դաստիարակ, մի քանի խելացի պատասխանների պատճառով, որ նա դուրս էր բերել Տաթևի վանքից։ Նրա ուրախությանը չափ չկար, թեև նա զգուշությամբ թաքցրեց։ Ոչ թավադությունը և ոչ էլ ժառանգի հետ ընկերակցությունը չէին հրապուրում նրան։ Նա ուրախ էր այն անսպասելի բախտով, որ պիտի ընդունվի մի տան մեջ, ուր բնակվում է Թամարը։

Պատանու ուրախությունը նկատեց միայն Թամարի խորթ մայրը, որին հայտնի էին Դավթի սիրային հարաբերությունները օրիորդ հետ։ Եվ նա, որ մինչև այն րոպեն լուռ էր, արդարացրեց տիրուհու ցանկությունը, ասելով․

— Այդ լավ կլինի, շատ լավ կլինի, եթե այս տղային կընդունեք մեր տան մեջ։ Ես էլ իմանում եմ, որ Դավիթը շատ խելացի տղա է․ նա մինչև անգամ գրել կարդալ էլ իմանում է։

Վրացու կինը իր խելքով միշտ բարձր է տղամարդից․ այդ իսկ պատճառով կանանց վճիռը իսկույն իրագործվեցավ։ Մեծ պարոնը հրամայեց տանել պատանու հագուստը փոխել և իր հանդերձարանից նրան լավ խալաթներ ընծայել։ Հետո նա հրամայեց գրել Դավթի թավադության հրովարտակը, որպեսզի, իբրև ազնվական, նա արժանավորություն ստանա մտնել իր դրանիկների կարգը և ընդունված լինել պալատում։