Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


անպամած լինելով, նեղ լուսամուտից ծագած աղոտ լույսը բոլորովին անզոր էր վանելու սենյակի մթությունը։

— Դու, կարծեմ, ինչ որ ասելու ունեիր ինձ, — հարցրեց սպարապետը, նստելով թախտի վրա։

— Այդ մարդը ինչո՞ւ համար է եկել։ — Նրա վերջին հարցը Աղասու մասին էր։

— Կարդա այդ նամակները, հետո կխոսենք, — ասաց Բեկը, տալով նրան Աղասու բերած նամակները, իսկ ինքը դուրս գալով ննջարանից։ Նա իր ծառաներից մեկին կանչեց, կանգնեցրեց ընդունարանի դռանը, պատվիրելով, որ ոչ ոքին ներս չթողնե։

Սպարապետը մոտեցավ լուսամուտին, սկսեց կարդալ։ Նրա դեմքը, նամակների բովանդակության համեմատ, ընդունում էր երբերմն տխուր, երբեմն ուրախ, երբեմն բարկացկոտ արտահայտություն։ Եթե նա լիներ տաքարյուն, շուտ հափշտակվող մարդերից, երբ Բեկը կրկին վերադարձավ իր ննջարանը, կգրկեր նրան և համբուրելով կասեր․ «Այլևս ո՞ր օրվանն ենք սպասում, գնանք»․․․ Բայց նա խիստ սառնասրտությամբ նամակները մի կողմ դնելով, ասաց․

— Այժմ հասկանում եմ, թե ինչու գիշերը անքուն ես անց կացրել․․․ — և միևնույն ժամանակ նրա խորախորհուրդ աչքերի մեջ շողաց ուրախության նման մի բան։

Որքան սպարապետը խոհեմ, բազմափորձ, զգույշ և խոր մտածող մարդ էր, այնքան Բեկը սկզբից երկար մտածել չէր սիրում։ Նա մտածում էր գործը սկսելուց հետո, բավականանալով մի քանի անհրաժեշտ նախապատրաստություններով միայն։ «Գործը գործ ցույց կտա» — դրա մեջն էր նրա գործելու եղանակի բուն գաղտնիքը։ Եվ հետևելով իր սովորությանը, նա մի առանձին վեհությամբ կանգնեց սպարապետի առջև, և անձնավստահ ժպիտը երեսին, ասաց․

— Գնա՜նք, բարեկամ, հայրենիքը կոչում է մեզ․․․

Սպարապետը իսկույն չպատասխանեց, որովհետև այդ միջոցում աղմուկի ձայն լսվեցավ։

— Դա անպատճառ Բայինդուրը կլինի, — ասաց Բեկը, շտապելով դուրս գալ ննջարանից նրան ընդունելու համար։

— Նրա մոտ կարո՞ղ ենք խոսել, — հարցրեց սպարապետը։

— Ինչո՞ւ չէ։ Նա զեվզեքություններ անել սիրում է, միայն դատարկ բաների վերաբերությամբ, բայց ծանրակշիռ հարցերում նա սաստիկ ծածկամիտ է։