Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


— Այդ իմ գիտենալու բանն է, Սաքուլ, դու այն ասա, կարո՞ղ ես այդ գործը գլուխ բերել։

Սաքուլը իսկույն չպատասխանեց։ Բեկը համոզված լինելով, որ իր առաջվա քարոզները հայոց ազգի, հայոց երկրի և հայոց եկեղեցու մասին այնքան չէին կարող գրգռել գերեվաճառի նախանձախնդրությունը, որքան մի քանի դեղին ոսկիներ, ասաց նրան․

— Եթե դու այդ հանձնարարությունը կկատարես, կստանաս ինձանից հարյուր ոսկի։

Գերեվաճառի դեմքը փայլեց ուրախությունից։

— Լսիր, — շարունակեց Բեկը, — դու հենց այս առավոտ պետք է ճանապարհ ընկնես դեպի Դաղստան։ Քեզ հետ կգա իմ կողմից, որպես աշխատակից, ղազախեցի գող Ծատուրը։ Նա կառաջնորդե լեզգիներին դեպի Սյունյաց աշխարհը։

— Այդ հարյուր ոսկին ե՞րբ կարող եմ ստանալ, — հարցրեց գերեվաճառը։

— Կեսը այս րոպեիս, իսկ մնացած կեսը, երբ իմ հանձնարարությունը կատարած կլինես։ Բայց իմացա եղիր, Սաքուլ, եթե դու որևիցե կերպով դավաճանես ինձ, իմ մարդիկը անպատճառ քո գլուխը կկտրեն։

— Այդ ես իմանում եմ, — պատասխանեց գերեվաճառը և ընդունեց հիսուն ոսկին։

ԺԴ

Միևնույն գիշերը, երբ Դավիթ բեկը Սաքուլի հետ առանձնացած էր իր ննջարանում, Բայինդուր իշխանը միայնակ նստած իր սենյակում, մեկին անհամբերությամբ սպասում էր։ Ձիթային ճրագի աղոտ լույսը, որ ավելի ևս մռայլվել էր իշխանի անընդհատ ծխվող չիբուխի մուխով, հազիվ կարողանում էր լուսավորել սենյակի մեջ տիրող մթությունը։ Պարսից թագավորի «բաթման ղլիճի» աղքատ բնակարանը իր կարգուսարքով բոլորովին համապատասխանում էր նրա սպարտական խստակեցությանը, որը նա ծայրահեղության էր հասցրել։ Նա հոգով ճգնավոր էր, իսկ մարմնով զինվոր։ Մերկ սենյակի մեջ դրած էր մի փոքրիկ թախտ, առանց սփռոցի, որի վրա պառկում էր նա։ Տարվա բոլոր եղանակներում նրա անկողինը բաղկացած էր իր յափունջու։ Սենյակի մեջ կրակ երբեք չէր վառվում․ «Կրակը մարդու ներսիցը պիտի տաքացնե» —