Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկուսն էլ մտան իշխանի սենյակը։ Սպարապետի հետ եկող ծառան գնաց ախոռատունը սպասելու իր տիրոջը։

— Հիմա պատմիր, ի՞նչ շինեցիր, — հարցրեց սպարապետը, նստելով թախտի վրա։

— Գործը ինքն իրան շինվեցավ․․․ և ես հավատացած էի, որ այսպես էլ կլիներ, — պատասխանեց իշխանը ուրախությամբ։ — Մի քանի ժամ առաջ ինձ մոտ էին, բոլորն էլ երդվեցան, թե կգան մեզ մոտ։

— Բայց դու չպիտի հայտնեիր նրանց գործի բուն նպատակը։

— Բայինդուրը խելքը հացի ու պանրի հետ չի կերել․ նա այդ սատանայությունները շատ լավ է իմանում։ Նա գիտե, որ բահը չպիտի հասկանա, թե ինչ նպատակով մշակը նրանով փորում է հողը։

— Ուրեմն դու ի՞նչ կերպով բացատրեցիր նրանց։

— Շատ հասարակ կերպով․ ես այսքանը միայն ասեցի, թե Բեկը մի սարսափելի տեղեկություն է ստացել․ Հայաստանում կազմվել է մի մեծ դավադրություն․ մահմեդականները պատրաստվել են հայերին կոտորելու և հայերը Բեկից օգնություն են խնդրում։ Այդ հենց որ լսեցին, բոլորը կատաղեցան, բոլորը վառվեցան, և առանց իմ թելադրության, իրանք պատրաստակամություն հայտնեցին Հայաստան գնալու և իրանց հայրենակիցներին օգնելու։ Այդ չափազանց ուրախացրեց ինձ․ ես մինչև այսօր կարծում էի, թե Կախեթի գինին, վրացիներից ստացած անհոգությունը իսպառ փչացրել է դրանց, բայց այսօր համոզվեցա, որ հայի սրտում չէ հանգչում հայրենասիրության կայծը, նա հանգամանքներից փոքր-ինչ նսեմանում է միայն․ բավական է փչել նրա վրա և ահա նա կբորբոքվի, կբոցավառվի․․․

Վերջին խոսքերը արտասանեց իշխանը խիստ զգալի ոգևորությամբ, երևում էր, միևնույն սուրբ հուրը բորբոքվում էր և նրա սրտում։ Բայց սպարաետը բավական սառնությամբ հարցրեց․

— Ո՞վքեր են ցանկացողները։

— Այստեղ գտնվող բոլոր հայ վարատականները․ լոռեցի Ավթանդիլ գնդապետը, մեծ Գիորգին, փոքր Գիորգին, երևանցի կաղ Օհանեսը, շուշեցի Զաքարիա իշխանը, նախիջևանցի պատանի Մոսին, չամախեցի Թադեոս բեկը, գանձակեցի Եղիազար աղան, վաղարշապատցի Հարություն տանուտերը, — բացի դրանցից կան ուրիշները, որոնց դու չես ճանաչում։ Հաշվել եմ, մեր բոլորի թիվը քառասուն հոգի կլինի այստեղից դուրս գալու ժամանակ։