Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ


առաջ ինքդ ասեցիր, թե հայերի սրտում բոլորովին չէ հանգած հայրենասիրության կայծը, այլ հանգամանքներից փոքր-ինչ նսեմացած է միայն․ բավական է փչել նրա վրա և իսկույն կբորբոքվի, կբոցավառվի․․․ Դրանք քո խոսքերն են։ Իսկ բոցավառվել, բորբոքել հայրենասիրության սրբազան հուրը՝ մենք կարող ենք։ Եվ այդ կլինի գործի հաջողակ սկիզբը․ իսկ վաճխանը աստուծո ձեռքումն է։ Ես այնքան հավատում եմ Հայաստանի աստղին, որքան հավատում եմ, թե կա երկնքում մի արդար դատավոր, որը վերջապես կլսե թշվառի ձայնը և նրան ուժ ու զորություն կտա փշրելու ամբարտավան բռնակալի եղջյուրները։

Նրանք դեռ երկար խոսում էին և խորհում էին միմյանց հետ, մինչև զարմացած նկատեցին սենյակի նեղ լուսամուտներից վաղորդյան արեգակի ճառագայթները։ Այժմ միայն հասկացան, որ ողջ գիշերը լուսացրել են։

ԺԵ

Վերջին օրերում Դավիթ բեկը սաստիկ զբաղված լինելով իր հայրենիքը գնալու պատրաստություններով, համարյա մոռացել էր այն, ինչ որ նրա սրտին ավելի մոտ էր, ինչ որ նրա համար ավելի թանկագին էր։ Նա մոռացել էր գեղեցիկ Թամարին։ Հայրենիքի ազատության բաղձանքը այն աստիճան տիրել էր նրա սրտին, այն աստիճան լարել էր նրա ամբողջ մտավոր զորությունը, որ նա գտնվում էր մի տեսակ հոգեկան հափշտակության մեջ, որ հասցնում էր ինքնամոռացության, և ամեն առարկա, ամեն մտածություն, որ չէր նպաստում այդ գաղափարին, նրա համար ոչ միայն նշանակություն չուներ, այլ նրա վրա ուշադրություն անգամ դարձնել ավելորդ էր համարում։

Բոլոր անհրաժեշտ նախապատրաստությունները կարգի դնելուց հետո, մի գիշեր, առանձնացած իր ննջարանում, գրում էր նա իր բարեկամ Ստեփաննոսից ստացած նամակի պատասխանը։ Նամակաբեր Աղասին, ճանապարհի հագուստով, Բեկի ընդունարանում սպասում էր, որ նամակը վերջացնե, իրան տա և ինքը իսկույն ճանապարհ ընկնի։ Նրա թամքած ձին բակում պատրաստ կանգնած էր։

Իր նամակի մեջ Բեկը հայտնում էր օրը, ժամը, երբ կթողնե Վրաստանը և կուղևորվի դեպի հայրենիքը։ Հայտնում էր անունները