Խիստ ճիշտ է նկատում մի գրող, որ իրանք՝ վրացիները այնքան գեղեցիկ աղջիկներ տարան Պարսկաստան[1], որ պարսիկների ցեղը ազնվացրին։
Պարսից Շահ-Սեֆի 1-ի և օսմանցոց Սուլթան Մուրադ IV-ի ժամանակ (1636 թ․) Վրաստանը բաժանվեցավ պարսիկների և թուրքերի միջև։ Կարթալինան և Կախեթիան դարձան պարսկական նահանգ, իսկ Ախալցխայի նահանգը և Վրաստանի ամբողջ արևմտյան մասը ընկավ թյուրքերի իշխանության ներքո[2]։ Ախլցխան դարձավ թյուրքերի գլխավոր բերդաքաղաքը, և այստեղից մահմեդական իշխանության հետ նրանց ազդեցությունը տարածվեցավ Իմերեթիայի, Մենգրելիայի, Գուրիայի և Աբխազիայի վրա։ Ղորանը փոխարինեց Ավետարանին։ Մոլեռանդ թյուրքերը ամեն տեղ մտցրին իրանց հոգևորականներին, սկսեցին հալածել քրիստոնեությունը և տարածել մահմեդականություն[3]։ Թյուրքերը ավելի խստություններ էին գործ դնում կրոնի վերաբերությամբ, քան թե պարսիկները։ Թյուրքաց նահանգապետ Ասլան-փաշայի կառավարության ժամանակ (1659-1679) այդ կողմերի ազնվականները, մահմեդականություն ընդունելով, ստանում էին «բեկ», «փաշա», «աղա» տիտղոսները և պաշտոններ էին վարում որպես թյուրքերի ներկայացուցիչներ։ Վրաստանը այդ ժամանակներում ընկած էր երկու կրակների մեջ․ — մի կողմից պարսիկները, մյուս կողմից թյուրքերը։ Դեպի ո՜ր կողմը երեսը շուռ էր տալիս, այրում էր․․․։ Վրաց ազնվականները իրանց դիրքը պահպանելու համար, երբ պարսիկներից հուսահատվում էին, դիմում էին դեպի թյուրքերը, իսկ երբ այդ վերջիններից հուսահատվում էին, դիմում էին դեպի պարսիկները։ Ամեն տեղ կրոնափոխությունը մեծ դեր է խաղում պաշտոններ և իշխանություն ձեռք բերելու համար։ Վերջին ժամանակներում նրանք ծանոթացան ռուսաց կառավարության հետ և երբեմն
- ↑ Վախթանգ VI-ի եղբայր Յասսեն, որ կոչվում էր Ալի-Ղուլի-խան (վրաց երևելի Անտոն կաթողիկոսի հայրը) պարսից Հյուսեին-շահից ստացավ Կարթալինիայի կառավարությունը, խոստանալով ուղարկել նրան որպես ընծա 500 ընտանիք վրացիներ, այլև իր եղբայր Վախթանգի ամբողջ ընտանիքը։ Վախթանգի ընտանիքը ազատեցին, փախցնելով Իմերեթիայի կողմերը՝ Ռաճա, իսկ մնացյալ 500 ընտանիքը թաքնվեցին լեռների մեջ, երբ լսեցին այդ անզգամի գալուստը։
- ↑ Փոփոխություններ լինում էին, որ երբեմն պարսիկները տիրում էին թուրքերի ձեռքում գտնված երկրները, իսկ երբեմն թուրքերն էին տիրում պարսիկները ձեռքում գտնված տեղերը։
- ↑ Այժմյան աջարացիք, լազերը, ենդիլոյները և զանազան մահմեդական լեռնաբնակներ գլխավորապես այն ժամանակների արդյունք են։