Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շտապել պետք չէ։ Բոլորը կախված է գործի սկզբնական հաջողությունից։ Եթե այս գիշեր աստված կտա ինձ ջարդել Կարա-չոռլուների ցեղը, որ մեզանից մի մղոն հեռավորության վրա է գտնվում, — այնուհետև հաղթությունը մեր կողմը կլինի։ Եվ այն բոլոր անհաշտ, միմյանցից բաժանված, անշարժ ուժերը, որոնց մասին ակնարկեցիր դու, այնուհետև իրանք կգան և կմիանան մեզ հետ։

— Ես չեմ հասկանում, թե ի՞նչ վնաս կլիներ, եթե սկզբից հրավիրեինք նրանց, — խոսեց իշխանը, չհամաձայնվելով Բեկի չափազանց անձնավստահության հետ։ — Ես կարծում եմ, քո անունը բավական հաստատ երաշխավորություն կարելի է համարել, որ նրանք չեն մերժի քո հրավերը։

— Դու դեռ անփորձ ես, Ստեփան, — ասաց Բեկը ժպտելով։ — Այդ զգույշ, մտածող և իրանց կարծիքով խոհեմ պարոններին, — որ իրանց մելիքներ, տանուտներեր ու բեկեր են կոչում և որոնց յուրաքանչյուրը մի-մի վիճակի տեր է, — լոկ խոսքերով չես կարող համոզել։ Նրանք դարձյալ կմնան իրանց խոհեմության մեջ, որ ուրիշ ոչինչ չէ, բայց միայն մի տեսակ խոհեմ անտարբերություն, ավելի լավ է ասել՝ մի տեսակ խոհեմ մեռելություն։ Նրանց պետք է ցույց տալ շոշափելի փաստ․ պետք է ցույց տալ, որ փոքրաթիվ մարդիկներով ևս կարելի է մեծ գործ սկսել, միայն թե պետք է գիտենալ, թե ինչպես սկսել։

Այդ փոքրիկ պատերազմական խորհուրդը տևեց մի քանի ժամ․ նրանք երկար խոսում էին, վիճում էին և մի քանի կետերի մեջ միմյանց հետ չէին համաձայնվում։ Վերջը իշխանը հարցրեց․

— Ուրեմն դու վճռել ես հենց ա՞յս գիշեր հարձակում գործել, այն ևս Կարա-չոռլուների վայրենի ցեղի վրա։

— Այո՜, Կարա-չոռլուների վրա։ Վիշապին պետք է գլխից զարկել․ ուրիշ կերպ չես սպանի նրան։ Դրա համար ես ընտրեցի այդ բարբարոս ցեղը, որ սարսափի մեջ էր պահել ամբողջ երկիրը։

— Դա խիստ վտանգավոր վստահություն է, եթե չհաջողվի, մենք ամեն ինչ կկորցնենք։

— Իսկ եթե հաջողվի, մենք ամեն ինչ կշահենք։ Վտանգի մեծության հետ կապված է և արդյունքի մեծությունը։

— Գոնե ինձ թույլ տուր հրավիրել մի քանի վստահության արժանի մարդիկ, որոնց ես ի նկատի ունեմ։

— Դու դարձյալ նույնն ես կրկնում, ինչ որ մի քանի րոպե առաջ ասեցիր։ Մեզ պետք չեն այն մարդիկը, որոնց մենք ստիպված