Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մելիքներից մեկը, Դուզախի Մելիք-Եգանը, որ հետո կոչվեցավ մելիք-Ավան-խան[1], գերիշխանություն ուներ մյուսների վրա։ Նրա գլխավոր դաշնակիցն էր Ավան-Միրզան[2], որ բնակվում էր իր անմատչելի ամրոցում, որ գտնվում էր այժմյան Շուշի քաղաքի մոտ և մինչև այսօր կոչվում է Ավանի քերծ (Ավանի ժայռ)։

Ավան-Միրզան մեր պատմության մեջ հայտնի է անունովս Հովհաննես իշխան։ Նրան երբեմն կոչում են գուգարացոց, երբեմն ուտեացոց, իսկ երբեմն իր բերդի անունով կոչում են Մեծ-Սղնախի իշխան, որովհետև իշխում էր զանազան տեղերում, ուր իր սուրը հաջողություն էր գտնում։ Նա չափազանց խիստ, կամակոր և հպարտ մի անձնավորություն էր, իր մեջ կրում էր արկածախնդիր ասպետի բոլոր հատկությունները։

Իր թշնամիներին սարսափի մեջ պահելը — գլխավոր պայմանն էր նրա զորության։ Ահա այդ հերոսից գլխավորապես օգուտ քաղեց Մելիք-Ավան-խանը (Մելիք-Եգանը) իր մեծ ձեռնարկությունների մեջ։

Լինելով գլուխ հինգ դաշնակցական մելիքությունների, Մելիք-Ավան-խանը միացրել էր ամբողջ Ղարաբաղը (Փոքր-Սյունիքը կամ Արցախը) և այսպիսով կազմել էր մի ահագին ուժ։ Երբ ռուսները տիրեցին Դերբենդը և Բաքուն, նա սկսեց իր դաշնակից Ավան-Միրզայի հետ բանակցություններ անել Պետրոս մեծի հետ, առաջարկելով կայսրին իրենց ծառայությունը, և խնդրելով նրա հովանավորությունը պարսից լծից ազատվելու համար։ Այդ է պատճառը, որ այդ երկու նշանավոր իշխանների անուններին մենք հաճախ հանդիպում ենք ռուսաց հին ակտերում։

Այդ երկու Ավանները[3], որպես երկու հզոր հսկաներ, ամենայն եռանդով աշխատում էին իրանց հայրենիքի վերածնելության գործում․ մեկը, իբրև հանճարեղ քաղաքականագետ, մյուսը, իբրև քաջ պատերազմող։

  1. Մելիք-Եգանը Նադիր-շահին մատուցած իր մեծ ծառայությունների համար նրանից ստացավ խանության աստիճան և կոչվեց Մելիք-Ավան-խան։ Իսկ հետո ռուսաց Աննա Իվանովնա կայսրուհու ժամանակ իր ընտանիքով գնաց Ս․ Պետերբուրգ, փառավոր ընդունելություն գտավ ռուսաց արքունիքում և գեներալ-մայորի աստիճան ստացավ։
  2. Միրզա բառը պարսից լեզվում, երբ իբրև ածական հատուկ անունների վերջն է դրվում, նշանակում է իշխան, պրինց, այդ ածականը տալիս են արքայազուններին միայն։
  3. Ավան, Եգան, Օհան բառերը Հովհաննես հատուկ անվան աղճատվածներն են սյունեցիների բարբառում։