Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Ե՞րբ եք տեսել, սրբազան, որ Օհանը քնի, — ասաց նա աչքերը տրորելով, — Օհանը միշտ էլ մի աչքը խուփ, մյուսը բաց է քնում․ ճանճն էլ անցնելիս իսկույն զարթնում է։

Սրբազանը միայն ժպտաց ծերունի դռնապանի ինքնագովության վրա և հեռացավ, կրկին պատվիրելով, որ արթուն կենա։

Մտնելով իր խուցը, նա մոտեցավ ճրագին, շարունակեց գրել նամակը, որ դեռ չէր վերջացրել։ Նրա ուրախ դեմքի վրա կարելի էր կարդալ բոլորը, թե ինչ է գրում։ Մերթ-մերթ մի ինքնաբավական ժպիտ ցնցում էր նրա փոքր-ինչ ուռած շրթունքը և աչքերի մեջ փայլում էր խիստ վսեմ, խորհրդավոր բերկրություն։ Կարծես նրա հոգին թափում էր իր բոլոր սրբազան զգացմունքները այն թղթի մեջ, որի վրա վազում էր նրա գրիչը։

Մեկ ժամից հետո լսելի եղան վանքի զանգակների մեղմ հնչյունները։ Հրավիրում էին մենակյացներին կատարելու առավոտյան ժամերգությունը։ Նա չշարժվեցավ իր տեղից․ դեռ գրում էր։ Ամբողջ միաբանությունը զարթնեցավ։ Նրանք մինը մյուսի ետևից դուրս եկան իրանց նեղ խցերից, և լուռ, դանդաղ քայլերով սկսեցին դիմել դեպի աստուծո տաճարը աղոթելու։

Այդ միջոցին Օհանը բաց արեց սրբազանի խցի դուռը, հայտնեց, թե վանքի ջորիները վերադարձան, ո’րտեղ է հրամայում դարսել բեռները։

Սրբազանի սպասածն էլ հենց այդ էր․ նա իսկույն նամակը թողեց և դուրս եկավ։ Արշալույսը արդեն սկսել էր շառագունիլ, բայց դեռ բավական մութն էր։ Մի խումբ բեռնած ջորիներ վանքի մեծ դռնից մտան բակը։ Ջորեպանները տեսնելով սրբազանին, գտակները վեր առին, մոտեցան, համբուրեցին նրա աջը։

Նա դարձավ դեպի նրանցից մեկը, որի ծպտյալ հագուստը ամենևին չէր ցույց տալիս, թե աբեղա է, հարցրեց․

— Խորեն հայր սուրբ, ինչո՞ւ այդչափ ուշացաք։

— Ուշացանք, իրավ է, — պատասխանեց Խորեն հայր սուրբը ուրախ ծիծաղով․ — բայց լավ բեռնով ու բարձով հետ դարձանք․․․ Ոչ մի տարի այսքան առատ «պտուղ» հավաքած չունեինք․․․ Ինչ ասես բերել եմ, — յուղ, պանիր, չորթան, բուրդ, բամբակ, — ինչ որ ուզեք․․․

— Օրհնյա՛լ լինի ժողովուրդը, նա իր տուրքը երբեք չի խնայել մեր վանքից, երբ ունեցել է, տվել է, — ասաց սրբազանը ժպտելով և հրամայեց բեռները ցած իջեցնել։

Ջորեպանները կատարեցին նրա հրամանը և սկսեցին բեռները