Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մի լավ մտածենք, թե ինչ էինք մենք առաջ, իսկ ինչ ենք այժմ։ Այդ երկու համեմատությունների մեջ երկնքից մինչև գետինք հեռավորություն կա։ Մեր ներկան ոչինչով չէ նմանում մեր անցյալին։

Մենք ապրում ենք Սյունյաց աշխարհում։ Այդ երկիրը իր բնական հատկանիշներով միշտ պահպանել է մի առանձնական, ինքնուրույն դրություն Հայաստանի մյուս նահանգների վերաբերությամբ։ Սկսյալ մեր Սիսակ նահապետի օրերից, հայոց իշխանությունը անպակաս է եղել մեր երկրից։ Հայաստանում երբեմն ընկել է հայոց թագավորությունը, երբեմն կանգնել է, երբեմն անիշխանություն է տիրել, երբեմն օտարներն են տիրել, — բայց Սյունյաց աշխարհը պահպանել է իր առնձին պատմությունը և խիստ սակավ անգամ ենթարկվել է Հայաստանում պատահած փոփոխություններին։ Մենք ունենք թագավորների ու իշխանների մի երկայն շարք, որոնք միմիայն մեր աշխարհին են պատկանում։ Բայց այժմ ո՞ւր են նրանք։ Ո՞ւր են այն քաջերը, որոնք պարսիկներին, հոներին, արաբներին, թաթարներին սարսափեցնում էին։ Ո՞ւր են մեր աշխարհի բազմամարդ քաղաքները, հազարավոր գյուղերը, անառիկ բերդերը։ Ո՞ւր է մեր անկախությունը։

Մի՞թե դուք չեք լսում Վարդանի դառն հանդիմանությունը․ մի՞թե նա չէ ասում մեզ․ «Անարի՛ և վա՛տ մարդիկ, դուք այնքան թույլ գտնվեցաք, որ կորցրիք բոլորը, ինչ որ ձեր նախնիքը գնել էին արյան գնով և թողել էին ձեզ որպես ժառանգություն»։

Այսօր հայը ամոթի, նախատինքի, ծաղրածության առարկա է դարձել։ Ով որ կամենում է մեկին վիրավորել, ով որ կամենում է ցույց տալ, որ նա ցած, անարգ և չնչին արարած է, ասում է՝ «դու հայ ես»։ Ինչո՞վ ժառանգեցինք մենք այդ նախատինքը, — իհարկե, մեր վատություններով։ Մենք մեր հայրերի անարժան, անհարազատ սերունդն ենք, այն հայրերի, դեպի որոնք հարգանք և պատկառանք էր զգում ամեն օտարազգի։ Ինչո՞վ կարող ենք վերականգնել մեր պատիվը։ — Ոչինչով, քանի որ մենք կմնանք ստրուկ, օտարի գերի, քանի որ մենք մեր երկի ու գլխի տերը չենք լինի։

Եթե մի օր հայոց աստվածը կխնդրե Հայաստանի կործանման ու նրա զավակների արյան վրեժը մեր ազգի թշնամիներից, — առաջին պատասխանատուն կլինեն մեր եկեղեցականները։ Դրանք թուլացրին ժողովրդի սիրտը, խլեցին նրա քաջությունը, մեռցրին նրա բոլոր կենսական ուժերը, և քրիստոնեական խոնարհության, քրիստոնեական համբերության անունով սովորեցրին նրան ստրուկ լինել։