Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միայն, երբ նրա հոգևոր հովիվները Մովսեսի, Դավթի, Հեսուի հոգին ունեին։ Երբ նրանք խաչի հետ կրում էին և սուր։ Երբ նրանք քրիստոնեական առաքինության հետ քարոզում էին և՜ անձնապաշտպանության, և՜ հայրենիքի պաշտպանության առաքինությունը։ Երբ նրանք հայրապետական աթոռի պարտավորությունները միացրել էին թագավորի գահի պարտավորությունների հետ։ Երբ նրանք եկեղեցու շահերը հաշտեցրել էին պետության շահերի հետ։ Հայաստանը երջանիկ էր դրանց օրերում։ Բայց ցավելով պիտի խոստովանեմ, որ այսպիսիների թիվը այնքան սակավ է, որ նրանք ներկայացնում են փոքրիկ, կանաչազարդ օազիսներ մեր հասարակության տխուր, լայնատարած անապատի մեջ։ Ես կարող եմ մի քանիսի անունները միայն հիշել։ Ներսես մեծը, մի ոտքը Բյուզանդիա, մյուսը Տիսբոն դրած, անդադար բանակցությունների մեջ էր, երբեմն պարսից, երբեմն հունաց արքունիքի հետ։ Երբ դիվանագիտական բանակցությունները ցանկացած նպատակին չէին հասցնում, նա սկսում էր կռվել։ Ծիրավ դաշտի ճակատամարտի ժամանակ, երբ հայերը պարսիկների հետ պատերազմում էին, նա Նպատ լեռան գագաթի վրա, ձեռքերը դեպի երկինք բարձրացրած, հայոց քաջերի բազուկներին զորություն էր խնդրում։ Նրա որդին՝ Սահակ Պարթևը տվեց Հայաստանին գիր, դպրություն, գիտություն։ Որպես զոհ քաղաքական հալածանքների, նա շատ անգամ աքսորվեցավ, բանտարկվեցավ Պարսկաստանում։ Հովսեփ եպիսկոպոսը, Ղևոնդ երեցը այն հոգևորական-հերոսներն էին, որ միացան Վարդանի հետ և կատարեցին այն հրաշալի պատերազմը պարսից ահագին զորության դեմ։

Այսօր մենք կատարեցինք նույն պատերազմի մեջ ընկած քաջերի հոգեհանգիստը։ Այսօր Վարդանանց նահատակների առնախմբության օրն է։ Մեր առջև դրած է Վարդանի դագաղը, իսկ նրա վրա դրած են մեր սրերը։ Մենք հավաքվել ենք այս տաճարի մեջ մի մեծ ուխտագրության համար։ Մեր ուխտը նույն բնավորությունը, նույն նպատակն ունի, ինչ որ էր Վարդանի հետ միաբանված հոգևորականների, նախարարների և ժողովրդի ուխտը։ Այստեղ, այս տաճարի մեջ, նույնպես հավաքված է մեր աշխարհի հոգևորականությունը և իշխանավորները։ Իսկ ձեր մեջ կանգնած է մի նոր Վարդան, որ կամենում է հայրենիքի ազատության դրոշը բարձրացնել։ — Վերջին խոսքերի միջոցին քարոզիչը ձեռքը մեկնեց դեպի Դավիթ բեկը։ — Թող ձեզանից ամեն մեկը մոտենա այդ սուրբ դագաղին, թող համբուրե Խաչն ու Ավետարանը, և