եղբայրներ, որ ժողովրդի ներկայացուցիչներն եք։ Հավատքով, անկեղծությամբ, անձնազոհությամբ դիմենք մեր նպատակին, — և այդ նրա հաջողության ամենագլխավոր պայմանն է»։
Այնուհետև իշխաններից յուրաքանչյուրը սկսեցին հերթով մոտենալ Բեկին։ Նրանք նախ համբուրում էին Վարդանի դագաղի վրա դրած խաչն ու Ավետարանը, հետո հավատարմության ձեռք էին տալիս Բեկին։ Իսկ Բեկը վեր էր առնում դագաղի վրայից նրանց սրերը և իր ձեռքով հանձնում էր տերերին։
Ամենից առաջ մոտեցավ Չավնդուրի Թորոս իշխանը, հետ նրա քրոջ որդին՝ Գենվազի իշխան Ստեփաննոս Շահումյանը և Թորոսի ազգականը՝ Մելիք-Նուբարը։ Հետո մոտեցավ Հալիձորի Մելիք-Փարսադանը իր փեսա տեր Ավետիքի և իր որդի Բալի զորավարի հետ։ Դրանցից հետո մոտեցան հետևյալ անձինքը՝ Կալերից՝ Պապ զորավարը․ Սիսիանից՝ մելիք Կոջո սիսական զորավարը և տեր Գասպարը, որ կոչվում էր «Ավշար երեց»․ Բաղաբերդից՝ Ադամ զորավարը․ Գյուլ-բերդից՝ Ղազար զորավարը․ Շիրվանաձորից՝ Սարգիս զորավարը, Ջուղայից՝ Մազա մելիքի երկու որդիները՝ Աշոտ և Սմբատ, Տաթևից՝ Կիջի տանուտերը, իսկ Տաթևի շրջակայքից՝ Այտի, Եսայի և տիրացու Սիմեոն տանուտերերը․ Շընհերից՝ Մինաս և Ստեփան տանուտերերը․ Չավնդուրից՝ Վարդան, Թովմաս, Թուրինջ և Հովհաննես տանուտերները․ Մեղրիից՝ մելիք Կոնստանդինը, իսկ նրա շրջակայքից՝ Հովհաննես, Սարի և Առաքել տանուտերները։
Այնուհետև մոտեցան Դավիթ բեկի հետ Վրաստանից եկած քաջերը՝ Մխիթար սպարապետը, Բայինդուր իշխանը և մյուսները, որոնց անունները հայտնի էր մեզ։ Բոլորից հետո հավատարմության երդում տվեց Տաթևի վանքի միաբանությունը՝ վանահայր Ներսես արքեպիսկոպոսը, որ այնօր պատարագիչ էր, տասնևերկու եպիսկոպոսներ, և քսանևչորս վարդապետներ։
Վանքի մեծ դահլիճը, որ կոչվում էր «Թանաբի», այսօր սովորականից ավելի զարդարած էր։ Այնտեղ պատրաստված էր մի ճոխ սեղան ճաշի համար։ Տաճարից դուրս գալով, եկեղեցական դասը իշխանների ու երկրի ավագների հետ դիմեցին դեպի դահլիճը։ Բազմությունը այդ միջոցին լցրել էր վանքի բակը։ Երբ տեսան Բեկին, հազարավոր ձայներ ողջունեցին նրան «կեցցեներ» գոչելով։ Նա բոլորին գլուխ տվեց և անցավ։
Նույն օրը հավաքվեցան նրա շուրջը 6628 կամավոր զինվորներ։