Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զուրկ էին չափահաս տղամարդից, օգնում էին իրանց աղքատ դրացուն․ եթե ձի չուներ, ձի էին տալիս նրան, եթե զենք չուներ, զենք էին տալիս։ Եվ այսպես, ընդհանուր զինվորությունը օրըստօրե աճում էր, ընդարձակվում էր ժողովրդի ջերմ ոգևորության հետ։

Այլևս սեփականության իմուքոյություն չկար։ Ով ինչ որ ուներ, բոլորը ծառայում էին միայն մեկ նպատակի և այդ նպատակը ամենի համար սուրբ էր։ Եթե գտնվում էին այնպիսիները, որոնք խնայում էին, որոնք չէին ցանկանում նվիրել, պատահած կամավոր զինվորը համարձակություն ուներ մտնել նրա տունը և իրան հարկավոր եղած բանը՝ մի ձի, մի զենք դուրս տանել, ասելով․

— Քեզ համար միևնույն է, այդ խո պարսիկը պիտի տաներ, և դու լուռ ու մունջ պիտի մտիկ տայիր։ Այժմ ինձ պետք է․ ես գնում եմ պարսիկի հետ կռվելու և քեզ նրա հարստահարությունից ազատելու։ Գոնե քո որդիների կայքը ապահովված կլինի։

Թե Բեկը և թե նրա զորապետները այս տեսակի կամայականությունների վրա միշտ ներողամտությամբ էին նայում։

Ուխտադրության օրվա երեկոյան պահուն վանքի մեջ տեղի ունեցավ մի սրտաշարժ տեսարան։ Բեկը նստած էր դահլիճում, նրան շրջապատել էին իր ավագները։ Վանքի հյուրընկալը ներս մտավ, հայտնեց, թե կնիկների մի պատգամավորություն կամենում է ներկայանալ։

— Կնիկների պատգամավորությո՛ւն․․․-կրկնեց Բեկը ժպտալով․—տեսնենք ի՞նչ են կամենում մեր քույրիկները։

Նա վերկացավ, և գեղեցիկ սեռը ավելի հարգած լինելու համար, ինքը անձամբ գնաց նրանց դիմավորելու։ Ներսես արքեպիսկոպոսը և բոլոր ավագները, որ դահլիճում նստած էին, գնացին նրա հետ։

Մի քանի հարյուր կնիկներ լցրել էին վանքի բակը։ Հայոց աշխարհի այդ համեստուհիները, որոնք հայ կնոջ վաղեմի սովորությամբ երեսները միշտ կալած ունեին և ցույց էին տալիս իրանց ամենամերձավոր ազգականներին միայն, — այն օր, ընդհակառակն, բոլորի երեսներն էլ բաց էին։ Կարծես, նրանք ներկայանում էին հարազատ եղբորը կամ իրենց ծնողին[1]։ Դրանք

  1. Երևում է, կանանց ծածկապահության վերաբերությամբ մեր և պարսից մեջ միևնույն սովորություններն էին տիրում։ Պարսիկները թեև շատ խստությամբ պահպանում են հարեմական կանոնները, բայց իրանց ազգային մեծ տոնի օրը, որ կատարվում է գարնանամուտին և կոչվում է նովրուզ (նոր օր), բարձր դասի կանանց հասարակությունը նույնպես ներկայանում է շահին հանդիսավոր սելամի ժամանակ և շնորհավորում է թագավորի «նոր օրը»։ Նրանց բոլորի երեսները բաց է լինում, ներկայանում են առանց ծածկոցի, որպես կարող էին երևնալ միայն ամուսիններին կամ ծնողներին։ Թագավորը այսպիսի դեպքերում հասարակաց հայր է համարվում, կինը նրանից պետք է չծածկվի։