առաջ, շրջապատված իր թիկնապահներով։ Նրա կողքին ձիավորում էր Ներսես արքեպիսկոպոսը։ Ճանապարհը ընկած էր նեղ ձորի միջով, որ իր դժվարին ելևէջներով երբեմն բարձրանում էր լեռների բարձրավանդակների վրա, իսկ երբեմն իջնում էր խորին անդունդների մեջ։ Սարերը պատած էին անթափանցիկ անտառով։ Ամեն րոպե կարելի էր սպասել խիտ ծառերի ետևից դարանամուտ թշնամու հրացանի արձակվիլը և գնդակի սլացումը։
Բայց Բեկը, այդ զգույշ, շրջահայաց զինվորը, կարծես, ուշադրություն չէր դարձնում։ Նա լուռ էր և մտախոհ։ Ակամա տխրությունը, որ տիրեց նրա սրտին, համարյա մոռանալ էր տվել, թե ի՜նչ վտանգավոր տեղում է գտնվում ինքը, ուր ամեն մի քար, ամեն մի ժայռ, ամեն մի թուփ ու ծառ մահ էին սպառնում անցավորին։ Նա մինչև անգամ մոռացել էր այն զինված բազմությունը, որ նրա ետևից գալիս էր։
Նրա աչքի առջև տարածվում էր իր ծննդավայրը՝ Տաթևի երկիրը։ Բոլոր լեռները, անտառները, ձորերը ու հովիտները ծանոթ էին նրան։ Բոլոր ճանապարհները, ամենաաննշան շավիղներն անգամ գիտեր նա։ Այդ լեռների վրա, իր մանկության օրերում, արածացնում էր նա իր հոր այծերը։ Այդ անտառներում իր ընկերների հետ քաղում էր նա զանազան տեսակ պտուղներ։ Այդ սրընթաց, փրփրացող գետակների մեջ շատ անգամ լողացել է նա։ Բոլորը մնացել էր միևնույնը․ ոչինչ չէր փոխվել․ փոխվել էր միայն ինքը․․․
Շուտով կտեսներ նա Տաթևի ավանը։ Գուցե դեռևս շեն էր մնացել իր հայրական խրճիթը, որի մեջ անցուցել էր իր մանկության անհոգ, պայծառ օրերը։ Բայց ո՞վքեր էին բնակվում այժմ այն խրճիթի մեջ։ Ովքեր և բնակվեին, բայց նրանցից և ոչ մեկը այն չէր լինելու, որին նա կփափագեր տեսնել։
Ծանոթ առարկաները զարթուցին նրա մեջ տխուր հիշողություններ։ Արդյոք կտեսնե՞ր այն մորը, որ այնքան քնքուշ սրտով սիրում էր իրան։ Արդյոք կտեսնե՞ր այն հորը, որ այնքան բարի էր, որ իր չքավորության և դժբախտության մեջ ևս դարձյալ գիտեր լավ կրթել, սնուցանել սիրելի որդուն։ Ո՞րտեղ էին նրանք։ Ինքը չի պիտի կարողանար ուրախացնել նրանց, ասելով․ «Տեսե՜ք, ահա ձեր որդին, վերադառնում է ձեզ մոտ փառքով ու պատվով․ գրկեցեք նրան»։
Նա հիշեց Ֆաթալի խանի բանակը, հիշեց այն կրակը, որի մեջ այրվեցան իր հայրը, իր մայրը, իր ազգականները․․․ Հիշեց այն մարդուն, որ իր ծնողների մահվան պատճառ դարձավ։ Այսօր