Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


— Ա՛խ, Ահմեդ․․․ — կրկին լսելի եղավ աղախնի ձայնը։

Խափշիկը սարսափեց․ կանչում էին Ահմեդին, կանանոցի սոսկալի պահապանին։ Նա սկսեց աճապարել, որ չբռնվի։ Եվ հանելով իր սփածանելիքի միջից մի սուր մկրատ, շտապեց նրա նով կտրել տիկնոջ կոկորդը։ Բայց երկյուղը և խռովությունը այն աստիճան շփոթել էին նրան, որ սխալվեցավ իր գործողության մեջ․ — փախանակ կոկորդը կտրելու, կտրեց տիկնոջ ծամերից մի քանի հյուսեր։

Նա վագրի արագությամբ, դարձյալ սողալով, դուրս թռավ քնարանից և աներևութացավ կանանոցի բազմաթիվ չադրների մեջ։

Ե

Առավոտ էր։ Արեգակի առաջին ճառագայթները կորչում, անհետանում էին մոխրագույն մառախուղի մեջ, որ պատել էր Ղարաբաղի լեռների գագաթները։ Խիտ անտառները դեռ մրափում էին գիշերային մռայլի մեջ։ Ծառեր չէին երևում։ Սար, դաշտ և հովիտ ընկղմված էին մի լայնատարած, մառախլապատ ծովի մեջ։

Հեռվից սև բծերի նման երևում էին Չալաբիանլիների[1] օբաները։ Ամեն մի գյուղի հովիվները, առանձին խումբեր կազմելով, տարածել էին իրանց չադրները այդ լեռների ճոխ, խոտավետ արոտամարգերի վրա։ Մի լեռնադաշտի վրա ցրված էին ցեղի պետի, Ֆաթալի խանի, չադրները։ Նրանք թե իրանց ձևով և թե նյութով, որից պատրաստված էին, զանազանվում էին հասարակ մահկանացուների չադրներից․ նրանք ավելի փառավոր, բարձր և ընդարձակ էին։

Խանը դեռ քնած էր։ Նրա բազմաթիվ կնիկները, վաղուց արդեն զարթնելով, զբաղված էին իրանց տնտեսություններով։ Վրանների առջև, բաց օդի մեջ, օջախները ծխում էին։ Այդ օջախների կազմությունը խիստ պարզ էր․ հարթ գետնի վրա շարված էին երկաթյա եռոտանիներ, որոնց տակին կրակ էր վառվում և տաքացնում էր նրանց վրա դրած մեծ և փոքր կաթսաները։

Ամբողջ Փայտակարանի բռնապետի կնիկները, որոնք ամեն

  1. Չալաբիանլիների ցեղը մինչև այսօր կա Ղարադաղի մեջ և հայտնի է որպես մի վայրենի և ավազակաբարո ժողովուրդ։ Նրանք կազմում էին պարսից հեծելազորի քաջ և ամենաընտիր մասը։