Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և զանազան միջոցներով սպանում էին այն հայերին, որոնք պարսիկներից պաշտոններ ընդունելով, նեղացնում էին իրանց ազգայիններին։ Չարագործը կաշառեց մի գյուղացու, և այդ անիրավը իրան բարեկամ ձևացնելով Խեչոյի մարդիկներին, իր տան դռները ամեն ժամանակ բաց էր անում նրանց առջև։ Մի գիշեր հարբեցրեց նրանց, քնացրեց, հետո մատնեց ուրացողի յասավուլների ձեռքը։

Վանքի ճանապարհի վրա երևաց մի խումբ, որ շարժվում էր դեպի հրապարակը։

— Բերում են․․․ — լսելի եղավ ամեն կողմից։

Հրապարակի վրա հավաքված բազմությունից շատերը վազեցին դեպի այն կողմը․ շատերը անշարժ մնացին իրանց ընտրած տեղում, որ մի ուրիշը չկանգնե այնտեղ, որ կարողանան լավ տեսնել։

Բերում էին մահապարտին։ Ամեն բերանից լսվում էին ամեծք, նզովք, հայհոյանք, որ խառնվում էին ուրախության բացագանչությունների հետ։ Մանուկները, որոնց սիրտը ավելի անկեղծությամբ է արտահայտում ամբոխի զգացմունքը, հարյուրներով խմբվել էին չարագործը շուրջը, թնդեցնում էին օդը իրանց աղաղակներով։ Նրանք երգում էին մի ժողովրդական ասացվածք, որ առածի ձև էր ստացել։

«Լույսը Լուսավորչի հավատին,

Վա՛յ ուրացող մարդին․․․»։

Երգը թռչում էր հարյուրավոր մանուկների բերանից, և որպես բարկության շանթեր, տարածվում էր դեպի ամեն կողմ։ Ոմանք մանուկներից քարեր էին վեր առնում և ձգում էին դատապարտյալի վրա։ Նա այդ միջոցին նմանում էր մի կատաղած շան, որ չորս կողմից կաշկանդված, տարվում էր դեպի խեղդանոցը։

Մահապարտին նստեցրել էին սև ավանակի վրա, առանց համետի, երեսը դեպի գավակի կողմը դարձրած։ Սանձի փոխարեն նրան բռնել էին տվել ավանակի պոչը։ Այդ խայտառակությունը ավելի սպանիչ էր, քան թե մահը, այն մարդու համար, որ սովորել էր հեծնել ամենաընտիր նժույգների վրա, զարդարած թանկագին ասպազենով։

Երբ նրան հասցրին հրապարակը, ամբոխը ճեղքվեցավ և ճանապարհ բաց արեց։

Զինվորները մոտեցան նրան, ցած բերեցին ավանակից։ Այժմ կանգնած էին նրա մոտ երկու մարդիկ, մեկը՝ դահիճը դանակը ձեռքին,