— Այնքան չորացել է հացը, որ չէ ուտվում, — ասաց սեղանակիցներից մեկը։
— Առանց սումբայի հրացանը լցնել չես կարող, — նրան պատասխանեց սեղանակիցներից մյուսը, — այդ հացին սումբա պետք է։
Նա հանեց պարկի միջից խեցեղեն փոքրիկ աման, լիքը արաղով, առաջ ինքը խմեց, հետո տվեց ընկերներին, ասելով․
— Աստված է վկա, մարդու կոկորդը փափկացնում է։
Մյուսներն էլ ընդունելով ամանը, խմեցին, միևնույն կարծիքը հայտնելով փափակցնող ըմպելիի մասին, և այժմ ավելի ախորժակով սկսեցին ուտել չոր հացը։
Երբ ճաշը վերջացած էր, նրանցից մեկը ժամացույցի փոխարեն նայեց արևին, իր ընկերին ասաց․
— Հիմա կարելի է ճանապարհ ընկնել, շուտով զովը կսկսվի։
— Կարելի է, — ավելացրեց մյուսը, — մեր առջևում անտառը ավելի խիտ է, արևը շատ չի նեղացնի;
— Ինչպես էլ և լինի, պետք է գնալ․ դեռ բավական ճանապարհ ունենք, — ասաց երրորդը։ — Արեգակը ի՞նչ կարող է անել․ խո ձյուն չենք, որ հալվենք։
Սկսեցին պատրաստվել։
Այդ միջոցին մյուս ուղևորներից մեկը, պառկած տեղից գլուխը վեր բարձրացնելով, ծույլ կերպով հարցրեց․
— Եղբայրներ, ո՞ւր եք գնում։
— Դեպի Զեվու, — պատասխանեցին նրան։
— Հիմա Զեվուից ամենքը փախչում են, դուք ի՞նչ խելքով այնտեղ եք գնում։
— Ինչո՞ւ են փախչում։
— Չե՞ք լսել, շուտով Զեվուն կպաշարվի Դավիթ բեկի զորքերով։ Նրա բանակը հիմա գտնվում է բերդից ոչ այնքան հեռու Ղարաչիման գյուղի մոտ։
— Մեզ ի՞նչ վնաս, եթե կպաշարվի, — ասաց երեք ընկերներից մեկը։
— Ձեզ այն վնասը կլինի, որ վտանգի մեջ կընկնեք, — պատասխանեց ուղևորը՝ դարձյալ չշարժվելով իր պառկած տեղից։ — Շատ ախորժելի բան չէ պաշարված բերդի մեջ լինել, երբ ամեն կողմից կրակ են թափում։
— Բայց բավական ախորժելի բան է պաշարված բերդից կռվել թշնամու դեմ, — ասաց երեք ընկերներից մի ուրիշը։