Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վերնապարսպի մեջ բացված ծակերում, սպասում էին։ Նրանք թաքնված էին աշտարակների ժանիքների ետևում, որ ծառայում էին նրանց որպես պատսպարան։

Մի քանի նշանավոր դիրքերի վրա դրած էին փոքրիկ թնդանոթներ, որոնց զամբուրակներ են կոչում, և հարկավորած ժամանակ, ուղտերի մեջքի վրա կապելով, շատ հեշտությամբ կարելի էր մի տեղից մյուս տեղ փոխադրել։ Բերդի շուրջը պատող ահագին խրամը լցրած էր ջրով։ Բոլոր կամուրջները քանդված էին, պահվում էր մեկը միայն հաղորդակցությունը դրսի հետ առժամանակ պահպանելու համար, մինչև թշնամու մոտենալը։

— Ես այդ անհավատներին ցույց կտամ, թե ի՜նչ է նշանակում պաշարել իմ բերդը, — ասաց խանը կատաղությամբ, և դիտակը դնելով աչքերին, սկսեց վերնաբերդի բարձրությունից նայել, արդյոք երևո՞ւմ էր թշնամին, թե ո՜չ։ Ոչինչ չէր երևում։

— Եթե ծովերի ավազները զորքեր դառնան, ձեր զորության առջև կփշրվեն և փոշու նման օդի մեջ կցնդին, խան, — պատասխանեցին շողոքորթները, որ շրջապատել էին նրան։

Խանը միջահասակ մարդ էր․ փառավոր սև մորուքը հասել էր մինչև գոտին։ Այսօր ոտքից ցգլուխ զինված էր նա, իր հպատակներին օրինակ տալու համար։ Նա ցած իջավ վերնաբերդից, կրկին նստեց իր ձին և դիմեց դեպի մի այլ դիրք հետազոտելու համար։ Թիկնապահ ձիավորների բազմությունը հետևեց նրան։

Բերդի մեջ տիրում էր սարսափելի խռովություն և իրարանցում։ Դեռ չլուսացած, բոլորը ոտքի վրա էին։ Տղամարդիկը զինվում էին պաշտպանվելու համար, կնիկները տների իրեղենները թաքցնում էին հափշտակությունից զերծ պահելու համար։ Ամեն կողմից լսելի էին լինում հուսահատական ձայներ, խառն աղաղակների և արտասուքի հետ։

Վաղորդյան ժամն էր, թեև արևը դեռ չէր ծագել, բայց այնքան լույս էր, որ կարելի էր առարկաները փոքր հեռավորության վրա որոշել։ Շրջակա լեռները ծածկված էին թանձր մառախուղով։ Հեռվից ոչինչ չէր տեսնվում։

Այդ միջոցին Դավիթ բեկի զորքերը, զանազան գունդերի բաժանված, դժվարին, զարտուղի ճանապարհներով դիմում էին դեպի բերդը։ Առաջապահների մի խումբ, Բայինդուր իշխանի հրամանատարության ներքո, բավական մոտեցել էր բերդին։ Մի այլ խումբ, Մխիթար սպարապետի հրամանի ներքո, մոտենում էր բերդին ուրիշ ճանապարհով։ Ինքը, Դավիթ բեկը Թորոս իշխանի հետ պահել