գնալով, կարելի էր մի պտույտ գործել և անցնել կիրճի մյուս կողմը։ Շրջապատող մառախուղը հնար կտար այդ պտույտը բոլորովին աննկատելի կերպով կատարելու։ Անցնելով կիրճի մյուս կողմը, նա կվաստակեր երկու հաջողություններ․ առաջինը, հայոց զինվորները ազատ կմնային կիրճի մեջ մտնելուց և թյուրքերի գնդակակոծությանը ենթարկվելուց, երկրորդ, նա թշնամուն կթողներ իր ետևում, երկու կրակի մեջ, — իրա և Մելիք-Փարսադանի զորքերը մեջտեղում։
Նա կանչեց իր մոտ երևանցի մեկ ոտքից կաղ Օհանեսին, որ իր թիկնապահների թվումն էր գտնվում և հայտնի էր իր ճարպիկություններով։
— Տո, կաղ սատանա, մոտ եկ, — ասաց նրան, հարցնելով․ — դու իմանո՞ւմ ես, եթե այդ ուղղությամբ առաջ գնալու լինենք, ո՞րտեղ կդուրս գանք;
Նա ձեռքով ցույց տվեց ուղղությունը։
— Իմանում եմ, ուղիղ կդուրս գանք կիրճի մյուս կողմը, առանց նրա մեջ մտնելու, — պատասխանեց կաղ թիկնապահը։ — Բայց դրա համար պետք է ահագին պտույտ գործել։
— Իրավ է, բայց այդ ահագին պտույտը մեզ կազատե ժայռերի կուրծքը ճանկռտելուց և քարափների գլխից ցած գլորվելուց, որով շատ հեշտ կարելի է վիզը կոտրել։
— Կարելի է, — պատասխանեց կաղը, հավանություն տալով։
— Այդ էլ կարելի է, որ մենք անցնելով կիրճի մյուս կողմը՝ թշնամուն կբռնենք երկու կրակի մեջ։
— Կարելի է, եթե նրանք մեր շարժումը չնկատեն։
— Ուզում ես ասել, մեր առաջը կկտրեն, կաշխատեն մեր ընթացքը արգելել․ — այդ ավելի լավ, մենք էլ հենց այդ ենք ցանկանում, որ նրանք ցած իջնեն իրանց բարձրություններից։ Բայց ես կարող եմ տասնևերկու առաքյալների և երեք հարյուր վաթսուն ու վեց հայրապետների անունով քեզ հավատացնել, որ նրանք չեն տեսնի մեր շարժումը։ Տեսնո՞ւմ ես մառախուղը, այժմ ավելի ու ավելի մռայլ գույն է ստանում։
Թիկնապահը նայեց իր շուրջը, և իրավ, սպիտակ մառախուղը այժմ սկսել էր մոխրագույն ամպերի կերպարանք ստանալ։
— Այդ բոլորը գիտե՞ս, թե ինչու համար քեզ հետ խոսեցի, — հառաջ տարավ իշխանը․ — որ քեզ հասկացնեմ իմ դիտավորությունը։ Ես ահա այդ ուղղությամբ պետք է առաջ գնամ։ Իսկույն կվազես Մելիք-Փարսադանի մոտ, կհայտնես իմ միտքը։ Հասկացա՞ր։